Thursday, May 9, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որ դեպքերում է առատ քրտնարտադրությունը հուշում առողջական լուրջ խնդիրների մասին

Քրտնարտադրությունն օրգանիզմի համար շատ կարևոր գործընթաց է, որի միջոցով տեղի է ունենում ջերմակարգավորումը, ինչպես նաև մարմինն ազատվում է ավելորդ հեղուկից ու վնասակար տարրերից։ Սովորաբար առատ քրտնարտադրությունը պայմանավորված է լինում շոգ եղանակով կամ ֆիզիկական ակտիվությամբ, սակայն լինում են դեպքեր, երբ այն հուշում է առողջական լուրջ խնդիրների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ինչպես նշել են բրիտանացի բժիշկները Express պարբերականի հետ զրույցում, քրտնարտադրությունը կարող է կապված լինել տարբեր խնդիրների հետ, իսկ որոշ դեպքերում լինել ախտաբանական վիճակների ախտանշան, սակայն նման դեպքերում խնդիրը հստակ ախտորոշելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել ոչ միայն քրտնարտադրության ինտենսիվությանը, այլև քրտինքի հոտին ու գույնին։

Մասնագետները ներկայացրել են՝ որ դեպքերում է առատ քրտնարտադրությունը հուշում օրգանիզմում տեղի ունեցող ախտաբանական փոփոխությունների մասին և որ դեպքերում է հարկավոր անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Հիպերհիդրոզ

Հիպերհիրդրոզ տերմինով բնութագրվում է չափազանց առատ քրտնարտադրությունը, որի դեպքում հագուստը կարող է անգամ ամբողջությամբ թրջվել։ Բժիշկ Ադամ Ֆրիդմանի խոսքով՝ այս խնդիրը, որպես կանոն, գենետիկ բնույթ է կրում։ Որոշ դեպքերում հիպերհիդրոզի զարգացմանը կարող են նպաստել այնպիսի խնդիրները, ինչպիսին են վահանագեղձի հիվանդությունները, հորմոնալ խանգարումները, որոշակի դեղորայքի ընդունումը (օրինակ՝ հակադեպրեսանտների), սթրեսը կամ տագնապային խանգարումը։

Սննդի ընդունմամբ պայմանավորված քրտնարտադրություն

Որոշ դեպքերում քրտնարտադրության պատճառ կարող է դառնալ չափազանց տաք, կծու կամ համեմված սննդի ընդունումը։ Ինչպես պարզաբանում է բժիշկ Վիկտորիա Ուայթլին, միևնույն սնունդը կարող է մեկի մոտ դառնալ առատ քրտնարտադրության պատճառ,մինչդեռ մեկ ուրիշի օրգանիզմը նման կերպ չի արձագանքի։ Փորձագետի խոսքով՝ մարդու աղիներում մեծ քանակությամբ հորմոններ են պարունակվում, ուստի սննդամթերքի տարբեր տեսակները կարող են տարբեր ռեակցիաներ առաջացնել՝ այդ թվում նպասնելով նաև քրտնարտադրության ինտենսիվացմանը։

Գիշերային առատ քրտնարտադրություն

Սովորաբար քրտնարտադրությունն ավելի առատ է լինում ցերեկվա ժամերին, մինչդեռ որոշ դեպքերում մարդկանց մոտ կարող է նկատվել նաև գիշերային առատ քրտնարտադրություն, ինչը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Գիշերային առատ քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել ննջասենյակում օդի բարձր ջերմաստիճանով, սակայն որոշ դեպքերում այն կարող է հուշել բավական վտանգավոր ախտաբանությունների մասին, որոնց շարքին կարող են դասվել հորմոնալ խանգարումները, հիպոգլիկեմիան, տուբերկուլոզը, ՄԻԱՎ-ը, քրոնիկ բորբոքումներն ու անգամ չարորակ ուռուցքները։ Մասնագետների խոսքով՝ կանոնավոր բնույթ ստացած առատ քրտնարտադրությունը շատ լուրջ պատճառ է բժշկին դիմելու համար, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Քրտինքի գույնի և հոտի փոփոխություն

Ոչ պակաս կարևոր է նաև քրտինքի գույնին ու հոտին ուշադրություն դարձնելը, քանի որ դրանց փոփոխությունը նույնպես կարող է հուշել որոշակի խնդիրների մասին։ Մասնագետների խոսքով՝ քրտինքի գույնը կարող է փոխվել որոշ դեղամիջոցների ընդունման ֆոնին,մինչդեռ հոտի փոփոխությունն արդեն հուշում է հիվանդությունների մասին։ Օրինակ՝ մարդուն ոչ բնորոշ հոտի առկայությունը կարող է հուշել լյարդի հիվանդությունների մասին։ Բացի այդ, քրտինքի հոտը կարող է փոխվել նաև շաքարային դիաբետի դեպքում։ Նման դեպքերում խնդիրը պայմանավորված է լինում ածխաջրային փոխանակության խանգարմամբ, ինչի հետևանքով քրտինքն արտասովոր քաղցրաթթու հոտ է ստանում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook