Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Չինացի գիտնականներն առաջարկել են քիթ-ըմպանի կարցինոմայի բուժման նոր մոտեցում

Չինական հետազոտական խումբն առաջարկել է քիթ-ըմպանի կարցինոմայի (նազոֆարինգեալ կարցինոմա) բուժման նոր մոտեցում, տեղեկացրել է Սուն Յաթսենի համալսարանը։

Քիթ-ըմպանի կարցինոման քիթ-ըմպանում՝ կոկորդի վերին մասում-քթի հետեւում առաջացող քաղցկեղ է։ Քաղցկեղի այս տեսակը բավական տարածված է Հարավարեւելյան Ասիայում։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի (JAMA) ամսագրում։

Համալսարանի օնկոլոգիական կենտրոնի գիտնականները III փուլի կլինիկական հետազոտություն են իրականացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ միայն ռադիոթերապիան կարող է փոխարինել միաժամանակյա ռադիոթերապիային եւ քիմիաթերապիային քիթ-ըմպանի ցածրռիսկային կարցինոմա ունեցող պացիենտների համար՝ ապահովելով կյանքի ավելի լավ որակ, վնաս չհասցնելով բուժական էֆեկտին։

Չինաստանում նկատվում է քիթ-ըմպանի կարցինոմայով հիվանդացության բարձր մակարդակ։ Վերջին տարիներին ինտենսիվության մոդելավորմամբ ռադիոթերապիան (IMRT) քիթ-ըմպանի կարցինոմայի ռադիոթերապիայի հիմնական տեխնոլոգիան է, ինչը զգալիորեն լավացնում է բուժական էֆեկտը, ասել է կենտրոնի գործադիր փոխնախագահ Մա Ցզյունը։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ քիթ-ըմպանի ցածրռիսկային կարցինոմա ունեցող եւ միայն ռադիոթերապիա անցնող պացիենտների ողջ մնալու արդյունքները նման են այն պացիենտների ողջ մնալու արդյունքներին, որոնք միաժամանակ ռադիոթերապիա եւ քիմիաթերապիա են ստացել։

Միայն ռադիոթերապիա ստացած պացիենտների պարագայում զգալիորեն նվազել էր տոքսիկ եւ կողմնակի ազդեցությունների քանակը, ինչպես նաեւ զգալիորեն բարելավվել էր կյանքի որակը։

Բուժման նոր մոտեցումը, որն առաջարկվել է հետազոտությունում, կարող է բարելավել պացիենտների կյանքի որակը՝ առանց բուժական էֆեկտը վատացնելու, եւ սպասվում է, որ, համենայն դեպս, պացիենտների առնվազն 20 տոկոսն օգուտ կստանա այս բուժումից, ասել է Ման։

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook