Tuesday, April 30, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից

Խռմփոցը բավական տարածված խնդիր է, որը մարդիկ հաճախ են անտեսում: Այն համարվում է անվնաս երևույթ, մինչդեռ իրականում բացասաբար է անդրադառնում մարդու քնի որակի և առողջության վրա, ուստի մասնագետները ներկայացրել են մի քանի խորհուրդ որոնք կօգնեն ազատվել այս խնդրից:

Խռմփոցից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է պարզել դրա առաջացման պատճառը: Մեծ է հավանականությունը, որ այն պայմանավորված է ալկոհոլային ըմպելիքների չարաշահմամբ, քանի որ ոգելից խմիչքները թուլացնում են կոկորդի մկանները: Այս դեպքում պարզապես հարկավոր է վերանայել կենսակերպն ու սահմանափակել ալկոհոլի գործածությունը:

Բացի այդ, խռմփոցի պատճառ կարող են դառնալ նաև բերանի խոռոչի որոշ ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Նման դեպքերում մասնագետները սովորաբար խորհուրդ են տալիս անցկացնել բավական պարզ վիրահատություն, որը թույլ կտա ազատվել խռմփոցից:

Շատերը խռմփացնում են միայն որոշակի դիրքով քնելիս, օրինակ՝ մեջքի վրա պառկած: Այս դեպքում կարելի է կիրառել հատուկ սարքեր, որոնք թույլ չեն տա քնել այդ դիրքով և ենթագիտակցորեն կստիպեն մարդուն փոխել դիրքը:

Մասնագետները խորհուրդ են տալիս նաև հետևել օրգանիզմի խոնավության մակարդակին, քանի որ հեղուկի պակասը կամ ջրազրկումը բարձրացնում է խռմփացնելու հավանականությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 11 բաժակ ջուր խմող կանայք ավելի հազվադեպ են բախվում այս խնդրին, մինչդեռ տղամարդկանց դեպքում այդ քանակությունը կազմում է 16 բաժակ:

Խռմփոցի պատճառ կարող է դառնալ նաև քթի քրոնիկ փակվածությունը, ուստի նման խնդիրների դեպքում հարկավոր է պարբերաբար մաքրել քթի խոռոչը կուտակված լորձից: Այս դեպքում շատ արդյունավետ կարող են լինել ինչպես հատուկ դեղամիջոցները, այնպես էլ տաք ցնցուղը: Բացի այդ, գոյություն ունեն նաև հատուկ սպեղանիներ, որոնք կարելի է փակցնել քթին լորձի կուտակումից խուսափելու համար:

Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև ավելորդ քաշով, ուստի հաճախ դրա դեմ պայքարի լավագույն միջոցը քաշի նվազեցումն է լինում: Կարելի է նաև կոկորդի մկաններն ամրապնդող հատուկ վարժություններ անել, որոնց շարքին են դասվում երգեցողությունը, ծնոտի ռիթմիկ շարժումները, լեզվի հպումով ատամները «հաշվելը» և այլն: Շատ օգտակար կարող է լինել նաև տարածքում օդը խոնավեցնող սարքի գործածությունը, քանի որ օդի չորությունը նույնպես կարող է դառնալ խռմփոցի պատճառ:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook