Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սխալներ, որոնք հաճախ թույլ են տալիս նորաթուխ մայրերը.tert.am

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը: Երիտասարդ ու անփորձ մայրերի համար շատ դժվար է լինում երեխայի՝ հատկապես մինչև մեկ տարեկան երեխայի մասին հոգ տանել, սակայն մասնագետները նշում են, որ այս հարցում մեծ ջանքեր անհրաժեշտ չեն: Նրանց խոսքով՝ մայրիկների հոգնածությունը պայմանավորված է նրանց անտեղյակությամբ ու սխալ իրականացվող խնամքով:

Բժիշկների խոսքով՝ եթե երեխան հանգստանում է մոր գրկում, սակայն սկսում է բղավել և լացել անկողնում հայտնվելու դեպքում, ապա պարզապես հարկավոր է բարուրել փոքրիկին: Բանն այն է, որ նրանք սիրում են այդ հարմարավետության զգացումն ու հպումները:

Փոքրիկը կյանքի առաջին ամիսներին փորձում է հարմարվել և ունենում է ջերմության, մթության և նեղ տարածության կարիք, քանի որ մոր արգանդում նա զարգացել է նման պայմաններում: Սա է պատճառը, որ հանգիստ քնի համար հարկավոր է ոչ շատ ձիգ բարուրել փոքրիկին, որպեսզի նա կարողանա շարժել ձեռքերն ու ոտքերը, սակայն չկարողանա թափահարել դրանք:

Եթե երեխան հանգստանում և քնում է միայն օրորոցայինի հնչյունների ներքո, ապա հարկավոր է գնել բնության ձայներով ձայնասկավառակ: Մոր արգանդում երեխայի համար բոլոր ձայներն ընկալվում են որպես «սպիտակ աղմուկ». դրանք խուլ են և մոնոտոն: Սա է պատճառը, որ հաճախ երեխաներին դուր են գալիս այնպիսի մոնոտոն ձայները, ինչպիսին փոշեկուլի կամ վարսահարդարիչի ձայներն են:

Հաճախ մայրիկները բողոքում են հոգնածությունից և քնի պակասից, սակայն այս խնդիրը նույնպես ունի իր լուծումը: Պարզապես հարկավոր է դադարել կերակրել երեխային ըստ սահմանված ժամերի: Պետք չէ ստիպողաբար կերակրել փոքրիկին, եթե նա դրա պահանջը չունի: Սկզբնական շրջանում երեխան կարող է սնվել օրական մինչև 20 անգամ, սակայն հետագայում կարելի է կարգավորել այդ ռիթմը՝ հարմարեցնելով այն և՛ երեխային, և՛ մորը: Սա թույլ կտա նաև չընդհատել քունը և լիարժեք հանգստանալ:

Բացի այդ, նման սննդակարգը բավարարում է երեխայի պահանջները ոչ միայն սննդի, այլև ծծողական ռեֆլեքսի հարցում, ինչը թույլ է տալիս չդիմել ծծակների օգնությանը: Սա շատ կարևոր է, քանի որ ծծակի գործածության հետևանքով հաճախ փոքրիկի գանգը սխալ է ձևավորվում:

Մասնագետների խոսքով՝ կանայք հաճախ բողոքում են կրծքով կերակրելու ընթացքում անհանգստացնող ցավից ու տհաճ զգացողություններից, մինչդեռ այդ խնդիրները պայմանավորված են կերակրելու գործընթացքում թույլ տրվող սխալներով:

Առաջին հերթին մայրը պետք է երեխային ճիշտ մոտեցնի կրծքին, իսկ փոքրիկը պետք է արեոլի մեծ մասը պահի բերանում ու շուրթերով վակուում ստեղծի: Սովորաբար կանայք առաջին անգամ երեխային կերակրում են դեռ ծննդատանը, ուստի բժիշկները պետք է ավելի ուշադիր լինել և սովորեցնեն անփորձ մայրիկներին, թե ինչպես է պետք կերակրել նորածնին:

Հարկ է հիշել, որ կրծքով կերակրելը շատ կարևոր է երեխայի առողջության համար, մինչդեռ նման խնդիրների պատճառով կանայք հաճախ հրաժարվում են կերակրել փոքրիկին և դիմում են արհեստական խառնուրդների օգնությամը: Սակայն մայրական կաթից զրկվելու դեպքում կարող են թուլանալ երեխայի իմունային համակարգն ու գլխուղեղի գործառույթները:

Մանկաբույժները համարում են, որ հնարավորության դեպքում երեխան պետք է մայրական կաթ ստանա գոնե մինչև 2 տարեկանը լրանալը: Ընդ որում՝ մայրական կաթը մինչև 6 ամսականը լրանալը կարող է 100%-ով բավարարել երեխայի կարիքները սննդի հարցում (50%-ով՝ մինչև մեկ տարեկանը լրանալը և 30%-ով՝ մինչև 3 տարեկանը լրանալը):

Նյութի աղբյուրը՝ aif.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook