Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սննդակարգը ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների դեպքում

Սննդակարգը ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունների դեպքում
Մանրամասնում է «Իզմիրլյան» ԲԿ, թերապևտ, գաստրոէնտերոլոգ Դոնարա Էլոյանը:

Վնասակար սովորությունները, ինչպիսիք են ծխելը, երկար ժամանակ ծամոն ծամելը, սննդային չարաշահումները, կարող են առաջացնել ստամոքսի և տասներկումատյա աղու խոցային հիվանդություններ:

Նպաստավոր պայմաններ կարող են ստեղծել նաև հելիկոբակտերի մեծ քանակությունը, սթրեսները, ժառանգականությունը:

Խոցային հիվանդությունների սրացումները նկատվում են հատկապես վաղ գարնանն ու ուշ աշնանը:

Վիճակն ավելի չբարդացնելու համար անչափ կարևոր է հետևել սննդակարգին, սնվել ժամանակին՝ օրական 3-4 անգամ ֆիքսված ժամերի, անպայման նախաճաշել տանից դուրս գալուց առաջ ու օգտագործել միայն առողջ սննդամթերք:

Մսամթերք

Եթե չկան կողմնակի հիվանդություններ, ապա մսեղիքից կարելի է ուտել ամեն ինչ միայն կտորով խաշած վիճակում, պետք է հրաժարվել աղացած, խորոված ու տապակած մսից, ինչպես նաև մսաջրից՝ արգանակից, որպես ուժեղ ստամոքսահյութ արտադրող մթերք:

Ապուրը պետք է պատրաստել սովորական ջրով, կարագով, առանց սոխը տապակելու, առանց տոմատի: Պետք է հրաժարվել ձեթից, սպրեդից, մարգարինից:

Կաթնամթերք

Պետք է հրաժարվել կաթից, պաղպաղակից, յոգուրտից, յուղալի դեղին պանրից: Մածունը պետք է լինի օրվա արտադրության՝ թարմ մերած: Կաթնաշոռն ու թթվասերը թույլատրելի են:
Պետք է հրաժարվել բոլոր գրգռիչ հավելումներից՝ մայոնեզ, տոմատ, տղեմալի, մանանեխ և այլն, ինչպես նաև թթու և կծու ամեն ինչից:

Բանջարեղեն

Վարունգը կարելի է ուտել առանց կեղևի, պոմիդորը միայն սեզոնին կեղևն ու կորիզները հանած, մյուս բանջարեղենները միայն խաշած վիճակում:

Հատիկավորներ

Չի կարելի ուտել ոսպ, սիսեռ, լոբի, ոլոռ, ձավար, հաճար, բլղուր, վարսակ, եգիպտացորեն, արևածաղիկ: Փոխարենը կարելի է հնդկաձավարը, գարեհատիկը (перловка), բրինձը: Մակարոնեղենը պետք է օգտագործել առանց բովելու:

Կանաչեղեն

Պետք է հրաժարվել թարխունից, կոտեմից, ծիտրոնից, սոխից: Կարելի է ուտել եփած փիփերթ, շուշան, բայց ոչ մանդակ:

Մրգեր

Նախընտրելի են քաղցր ու առանց կորիզի մրգերը: Պետք է հրաժարվել թզից, մոշից, մորուց, քանի որ դրանց չափազանց մանր կորիզները կարող են խոցերի մեջ մտնել ու թույլ չտալ դրանց փակվել:

Ըմպելիք, սուրճ, թեյ

Թույլատրելի է սենյակային ջերմաստիճանի հանքային ջուրը, սև սուրճը՝ ուտելուց հետո: Անանուխով, երիցուկով թեյերը նախընտրելի են: Գազավորված ըմպելիքներից, պատրաստի մրգահյութերից պետք է հրաժարվել: Չպետք է օգտագործել ալկոհոլային խմիչքներ՝ անկախ թնդության աստիճանից:

Հացամթերք

Եթե հացից հրաժարվել հնարավոր չէ, ապա նախընտրելի է միայն սպիտակ ու բարձր կարգի ալյուրից պատրաստված հացը: Թխվածքները՝ առանց կրեմի, միայն կարագով ու տանը պատրաստված:
Կարելի է առավոտյան ուտել թերխաշ ձու, բայց հրաժարվել ձվածեղից:

Քաղցրավենիք

Պետք է հրաժարվել ջեմով կարամելներից, մոմպասներից, շոկոլադից, կարելի է ուտել կաթնային իրիսներ կամ լոխում: 

x Close

Like Us On Facebook