Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ցիստիտ, դա միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է

Ցիստիտ ը դա միզապարկի բորբոքումն է, որի հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթի բակտերիալ բորբոքումը:

Ցիստիտն ավելի հաճախ զարգանում է կանանց մոտ, քանի որ կանանց միզուկը ունի անատոմիական առանձնահատկություններ (կանանց միզուկը կարճ է, լայն և տեղակայված է հետանցքի մոտ), սակայն կարող է հանդիպել ինչպես տղամարդկանց, այնպես էլ երեխաների շրջանում:

Ցիստիտը սովորաբար զարգանում է միզուկի բորբոքման (ուրեթրիտ) հետ համատեղ:
Ցիստիտը հիմնականում առաջանում է մանրեների պատճառով, որոնք միզապարկում են հայտնվում վերել ճանապարհով — արտաքին սեռական օրգաններից, որի հիմնական հարուցիչն է աղիքային ցուպիկը (Esherichia coli) կամ վայրեջ ճանապարհով երիկամների բորբոքման հետևանքով – միզաքարային հիվանդություն, պիելոնեֆրիտ, գլումերուլոնեֆրիտ և այլն։

Ցիստիտի առաջացման մեկ այլ պատճառ է սեռական ակտից հետո միզուկի բորբոքումը, որի դեպքում ախտանշանները ի հայտ են գալիս սեռական հարաբերությունից 12 ժամվա ընթացքում:

Ցիստիտի ախտանշաններն են`

Ցիստիտը սովորաբար առաջացնում է հաճախակի և ցավոտ միզարձակություն։

Ցավը բնութագրվում է այրոցի զգացողությամբ և տեղակայված է լինում որովայնի ստորին հատվածում՝ սիմֆիզի շրջանում։ Մեզը կարող է ունենալ տհաճ հոտ, լինել պղտոր, արյան հետքերով, որոշ դեպքերում կարող է լինել արյունամիզություն։ Բորբոքային պրոցեսը կարող է միզապարկից տարածվել դեպի երիկամներ և առաջացնել երիկամների բորբոքում (պիելոնեֆրիտ), որի դեպքում կլինի ցավ գոտկային շրջանում և/կամ ջերմության բարձրացում։

Վարակիչ ցիստիտի առաջացմանը նպաստում են գերսառեցումը, անձնական հիգիենայի կանոններին չհետևելը, միզապարկից մեզի արտահոսքի խանգարումը, դեֆլորացիան, հղիությունը, ծննդաբերությունը, սեռական օրգանների բորբոքումը։ (Ցիստիտ)

Տղամարդկանց մոտ ցիստիտի առաջացումը կարող է պայմանավորված լինել շագանակագեղձի բորբոքումով, միզուկի նեղացումով, ադենոմայով, միզաքարային հիվանդությամբ, շագանակագեղձի քաղցկեղով և սեռական օրգանների այլ հիվանդություններով։

Ըստ հիվանդության ընթացքի տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտ։ Սուր ցիստիտն առաջանում է գերսառեցումից և ագրեսիվ «ագենտի» անմիջական ազդեցությունից։ Սկսվում է հաճախամիզություն, միզելու ժամանակ ցավն ուժեղանում է և դառնում մշտական։

Միզապարկի լորձաթաղանթի վերականգնման բարձր կարողության շնորհիվ բորբոքային պրոցեսների մեծ մասն անցնում է առանց որևէ հետևանքի։ Այդ պատճառով սուր առաջնային ցիստիտի դեպքում կանխատեսումները բարեհաջող են, սակայն բուժումը ժամանակին չսկսելու դեպքում ցիստիտը կանցնի քրոնիկ ձևի։ Քրոնիկ ցիստիտն ընթանում է հաճախակի ախտադարձերով (ռեցիդիվներով)։ Այն դրսևորվում է այնպես, ինչպես սուր ցիստիտը, սակայն հիվանդության ախտանշաններն ավելի մեղմ են արտահայտված։

Միզապարկի բորբոքման ժամանակ միկրոօրգանիզմները միզածորանի միջով վերընթաց ճանապարհով, կարող են ներթափանցել երիկամներ և այնտեղ առաջացնել բորբոքային պրոցես։

Սուր ցիստիտի դեպքում հիվանդին նշանակվում է անկողնային ռեժիմ։ Մեզի կոնցենտրացիան իջեցնելու և միզապարկից մանրէների, թարախի ու այլ ախտածին նյութերը դուրս հանելու նպատակով նշանակում է առատ հեղուկ (օրը 2-3 լ)։ Անհրաժեշտ է պահպանել խիստ սննդակարգ։ Խորհուրդ է տրվում օրաբաժնից հանել կծու ճաշատեսակները, աղածոները, սոուսները, համեմունքները, պահածոները, ոգելից խմիչքները։ Նախապատվությունը պետք է տալ բանջարեղենին, մրգերին, կաթնամթերքին։ Ջերմային միջոցառումներ նշանակվում են միայն ցիստիտի պատճառները հաստատելուց հետո, քանի որ տաքությունը կարող է առաջացնել արյունամիզություն։ Ցիստիտի բուժման հիմնական սկզբունքը հակամանրէային ռացիոնալ թերապիան է։ Այդ պատճառով, սուր ցիստիտի ախտանշանների հայտնվելուն պես, անհրաժեշտ է անհապաղ անցկացնել մանրէաբանական ախտորոշում ինֆեկցիոն «հարուցիչի» հայտնաբերման նպատակով, եթե այն հաստատված է, ապա որոշում են նրա զգայունությունը հակամանրէային դեղամիջոցների հանդեպ։  (Ցիստիտ)

Որոշ դեպքերում պատշաճ բուժումից հետո հիվանդների մի մասի մոտ միզուղիների բորբոքումը կարող է կրկնվել։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Մանրէներն անընդհատ ընկնում են միզապարկ, սակայն դա ոչ միշտ է հանգեցնում ինֆեկցիայի զարգացմանը, քանի որ վերջիններս «լվացվում են» միզապարկից։ Որոշ կանանց մոտ միզապարկի բնական պաշտպանական մեխանիզմները թուլացած են լինում։ Տեսություններից մեկի համաձայն միզուղիների ինֆեկցիաներով տառապող մարդկանց մոտ ցիստիտի կրկնողության (ախտադարձերի) պատճառ կարող է լինել միզապարկի ոչ հաճախակի դատարկումը, քանի որ միզապարկի ներքին մակերևույթի պատերի կառուցվածքն այնպիսին է, որ մանրէները «կպչում» են վերջինիս և մեզի միջոցով դուրս չեն մղվում։ Մեզը միզապարկում երկար պահելը հանգեցնում է նրա չափից դուրս լցվելուն և միզապարկի մկանային համակարգի թուլացմանը։ Արդյունքում միզապարկն աստիճանաբար «թուլանում» է և բավարար ուժով չի կծկվում հավաքված մեզն արտամղելու համար։ Եթե միզապարկն ամբողջությամբ չի դատարկվում, նրանում առկա մանրէները մեծացնում են ցիստիտի զարգացման վտանգը։

Ցիստիտի կրկնմանը հատկապես հակված են տարեց կանայք, քանի որ տարիքի հետ միզապարկը կորցնում է առաձգականությունը և ամբողջությամբ չի դատարկվում։ Դաշտանադադարից (մենոպաուզա) հետո ընկած ժամանակահատվածում էսթրոգենի իջեցված մակարդակը նույնպես կարող է բացասաբար ազդել միզապարկի և միզուկի կենսագործունեության վրա։

Որպես կանոն ցիստիտի դեպքում չի լինում ջերմության բարձրացում, քանի որ միզապարկի լորձաթաղանթը ունի պաշտպանիչ շերտ, որը սահմանափակում է բորբոքային պրոցեսը միզապարկում։

Ցիստիտի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ կա վտանգ ինֆեկցիոն հարուցիչի ոչ ամբողջական վերացման, որը կարող է հանդիսանալ հիվանդության կրկնողության պատճառ։

Նյութը՝ urologist.am

x Close

Like Us On Facebook