Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԱռողջ ապրելակերպ

Սոճիների փոշոտման և սոճու ծաղկափոշու ազդեցությունն օրգանիզմի վրա

Ինչպես հայտնի է, մայիս-հունիս ամիսներին սկսվում է սոճիների փոշոտումը, որի ընթացքում սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդային նյութեր, որոնք դրական ազդեցություն ունեն շնչառական ուղիների հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Հակաբորբոքային և մանրէասպան ազդեցություն ունեցող այդ նյութերը նպաստում են շնչուղիների ու թոքերի մանրէազերծմանը։ Սոճիների փոշոտման ընթացքում այդ միջավայրում գտնվելն ունի շնչուղիների առողջությունը բարելավող, վերականգնող ազդեցություն, ինչպես նաև նպաստավոր է բրոնխիալ ասթմա, բրոնխիտ, ֆարինգիտ և շնչառական այլ խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Մարդու առողջության բարելավման գործում կարևոր դեր ունի նաև սոճու ծաղկափոշին, որն առողջության համար մի շարք այլ առավելություններ ունի՝ երիտասարդացնող ազդեցությունից մինչև տեստոստերոն հորմոնի մակարդակի բարձրացում։ Որպես դեղամիջոցների բաղադրամաս կիրառվելով դեռ 2000 տարի առաջ՝ ծաղկափոշին բժշկական նկատառումներով օգտագործվում է նաև այսօր՝ հանդես գալով սննդային հավելումների, թուրմերի տեսքով և այլն։
Սոճու ծաղկափոշին պարունակում է սախարիդներ (շաքարի տարատեսակներ), ամինաթթուներ և ֆիտոստերոլներ, կալցիում, մագնեզիում, Е և В խմբի վիտամիններ։ Այն, ինչպես նշվեց, ունի երիտասարդացնող, հոգնածությունը վերացնող, տեստոստերոնի մակարդակը բարձրացնող, շնչուղիների վիճակը բարելավող ազդեցություն։

2012 թ․-ի հետազոտությունում ուսումնասիրվել է սոճու ծաղկափոշու երիտասարդացնող ազդեցությունը։ Բջիջների մեծամասնությունը, ի տարբերություն քաղցկեղի բջիջների, չեն կարող անվերջ կիսվել, այլ բաժանվում են սահմանափակ քանակությամբ․ դա կոչվում է ռեպլիկատիվ ծերացում։ Հետազոտողները պարզել են, որ սոճու ծաղկափոշին դանդաղեցնում է հենց այդ՝ ռեպլիկատիվ ծերացման գործընթացը։ Նրանք նաև նկատել են հակաօքսիդանտային մոլեկուլների ակտիվության մեծացում և բորբոքման հետ կապված մոլեկուլների ակտիվության նվազում։
Սովորական սոճու 10 գրամ ծաղկափոշին 0,8 մկգ տեստոստերոն է պարունակում։ Այդ պատճառով համարվում է, որ ծաղկափոշին մեծացնում է տեստոստերոնի մակարդակը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ տեստոստերոնը կարևոր հորմոն է, որը կարող է լրջորեն ազդել օրգանիզմի որոշ գործառույթների վրա։ Եվ եթե ցանկանում եք օգտագործել ծաղկափոշին այդ նպատակով, ապա պետք է համոզվել, որ իրականում կարիք ունեք տեստոստերոնի մակարդակի բարձրացման։ Ծաղկափոշու կողմնակի ազդեցություններից է ալերգիան կամ ալերգիկ ռեակցիաները։ Սոճու ծաղկափոշին կարող է առաջացնել ալերգիայի հետևյալ ախտանշանները՝  հարբուխ, քթի փակվածություն, փռշտոց, աչքերի քոր, արցունքահոսություն և այլն։ Որոշ մարդկանց մոտ ալերգենների ազդեցությամբ կարող է կյանքի համար վտանգավոր իրավիճակ առաջանալ, որը կոչվում է անաֆիլաքսիա և կարող է առաջացնել դժվարաշնչություն, լեզվի և կոկորդի այտուցվածություն, քոր առաջացնող եղնջացան, արյան ցածր ճնշում, գլխապտույտ, ուշագնացություն և այլն։ Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։ Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook