Saturday, April 27, 2024
Նորություններ

Սուր բրոնխիտը հակաբիոտիկներով բուժելու կարիք չկա․ ռուսաստանցի բժիշկ

Բրոնխիտի վերաբերյալ կան բազմաթիվ տարածված նախապաշարմունքներ, առասպելներ ու մոլորություններ։ Ու դրանք վերաբերում են ոչ միայն ախտորոշմանն, այլեւ բուժմանը։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում դրանց մասին պատմել է Ռուսաստանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի թոքաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սինոպալնիկովը՝ ներկայացնելով Երեւանում անցկացվող Ընտանեկան բժշկության հինգերորդ համաժողովում իր զեկույցի թեման։

Նա նշել է, որ իր զեկույցը նվիրված է մարդու ամենատարածված պաթոլոգիային, որը կյանքի ընթացքում կարող է մի քանի անգամ կրկնվել՝ սուր բրոնխիտին, որով ուղեկցվում են բոլոր շնչառական վարակների սեզոնները։

«Մի կողմից խնդիրն այնքան հասարակ է, որ դրա մասին խոսելը կարծես անիմաստ է, քանի որ բոլորը, յուրաքանչյուրն իր փորձի հիման վրա՝  տխուր կամ ոչ տխուր, ծանոթ են այդ խնդրին։ Բայց բանն այն է, որ տվյալ պաթոլոգիայի վերաբերյալ կան բազմաթիվ նախապաշարմունքներ, առասպելներ ու մոլորություններ։ Ընդ որում, դրանք վերաբերում են ոչ միայն ախտորոշմանը, այլեւ բուժմանը։ Պետք է ասել, որ նույնիսկ այն դեպքում, երբ սուր բրոնխիտի ՝ որպես ամենատարածված պաթոլոգիայի հարցում գոյություն ունի հստակ պատկերացում, որ դա հիվանդություն է, որը կյանքին  վտանգ չի ներկայացնում,  միեւնույն է երբեմն հենց այդ հիվանդության դեմ կատարվում են դեղորայքային ամենաանհիմն նշանակումներ՝ հակաբիոտիկներ»,- ասել է բժիշկը՝  հավելելով, որ դա թերեւս ամենատարածված սխալն է տարբեր երկրների՝ այդ թվում Հայաստանի ու Ռուսաստանի բժիշկների պրակտիկայում։

Թոքաբանի խոսքով՝ սուր բրոնխիտը մեծամասամբ ոչ բակտերիալ հիվանդություն է։ Այն ունի վիրուսային բնույթ, ու հակաբիոտիկների նշանակման կարիք չունի։ «Հակաբիոտիկների ցանկացած նշանակում խիստ անբարենպաստ հետեւանքներ ունի՝ բուժման ուղղակի ծախսերի աճ, դեղորայքային անցանկալի ռեակցիաների զարգացման վտանգ, ու այդ նշանակումը միաժամանակ դեղորայքի հանդեպ կայուն հարուցիչների առաջացման հզոր խթան է»,- ասել է նա։

Երեւանում սեպտեմբերի 29-30-ն անցկացվում է Ընտանեկան բժշկության հինգերորդ համաժողովը։ Համաժողովի առանցքային թեմաներն են շնչառական համակարգի արդիական խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, սրտանոթային համակարգի  ու այլ խնդիրներ, որոնք հաճախ են հանդիպում ընտանեկան բժշկի պրակտիկայում։

Համաժողովի մասնակիցները կստանան սերտիֆիկատներ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook