Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Սուր երիկամային անբավարարություն

 

Սուր երիկամային անբավարարություն (ՍԵԱ), երիկամային ֆունկցիայի արագ իջեցումն, որը բնութագրվում է ազոտեմիայով, մետաբոլիկ ացիդոզով, անեմիայով, հիպերտենզիայով։ ՍԵԱ-ը կարող է լինել օլիգուրիկ և ոչ օլիգուրիկ։

1024px-Kidney_–_acute_cortical_necrosis

Պատճառներ

Կախված, թե որ մակարդակում է տեղի ունեցել երիկամների վնասումը տարբերում ենք ՍԵԱ-ի պրեռենալ (նախաերիկամային), ռենալ (երիկամային) և պոստռենալ (հետերիկամային) պատճառներ։

I. Պրեռենալ պատճառները առաջացնում են երիկամի արյունամատակարարման իջեցում (հիպոպերֆուզիա)։ Ամենահիմնական պատճառներն են.

  • Գաստրոէնտերիտները – փսխում, լուծ, հեղուկների քիչ ընդունում և այլն
  • Մեծ քանակով հեղուկների կորուստը մեզի միջոցով – օսմոտիկ դիուրետիկներ, դիաբեդ, միզամուղների օգտագործում, մակերիկամային անբավարարություն
  • Արյան կորուստը – ներքին և արտաքին արյունահոսություններ
  • Արտաբջջային հեղուկի տեղաբաշխումը – նեֆրոտիկ սինդրոմ, լյարդային հիվանդություններ, հիպոալբումինեմիա
  • Վազոդիլատացիան – սեպսիս, անաֆիլաքսիա
  • Կորուստներ մաշկի միջոցով – այրվածքներ, առատ քրտնարտադրություն
  • Սրտային դիսֆունկցիա – սրտի բնածին արատներ, կարդիոմիոպաթիա, առիթմիաներ, ձեռքբերովի փականային հիվանդություն, տամպոնադա
  • Երիկամային զարկերակի ստենոզ

II. Ռենալ պատճառներ, որոնք բերում են երիկամի պարենխիմայի վնասվածքի, անոթների սպազմի, ներանոթային մակարդման կամ միկրոանգիոպաթիաների հետևանքով։ Ամենահաճախ հանդիպող պատճառներն են.

  • Սուր գլոմերուլոնեֆրիտները կամ գլոմերուլների (երիկամների ֆիլտրացիոն համակարգը) պոստինֆեկցիոն կամ իմուն միջնորդավորված բորբոքումը։ Հիվանդությունները ներառում են ՀԿԳ (համակարգային կարմիր գայլախտ), Վեգեների գրանուլոմատոզ, Գուդպաստչերի հիվանդություն և այլն
  • Ներերիկամային անոթային հիվանդություններ – հեմոլիտիկ ուրեմիկ սինդրոմ, վասկուլիտներ
  • Նեֆրոտոքսիկ դեղորայքների օգտագործում – ոչ ստերոիդ հակաբորբոքիչներ (իբուպրոֆեն, նապրոքսեն), անտիբիոտիկներ՝ հիմնականում ամինոգլիկոզիդներ (գենտամիցին, տոբրամիցին) լիթիումի պրեպարատները, յոդ պարունակող պրեպարատները, որոնք օգտագործվում են ռադիոլոգիական հետազոտությունների ժամանակ
  • Պիգմենտային ախտահարումը – հեմոգլոբինը մասիվ հեմոլիզի ժամանակ (օրինակ անհամատեղելի արյան փոխներարկման դեպքում), միոգլոբուլինը ռաբդոմիոլիզի ժամանակ։ Սա մի վիճակ է, երբ տեղի է ունենում մկանների նշանակալի քայքայում և վնասված մկանաթելերը խցանում են երիկամների ֆիլտրացիոն համակարգը։ Հանդիպում է տրավմաների քրաշ սինդրոմի (crush sindrom), այրվածքների ժամանակ

III. Պոստռենալ պատճառներ, որոնք ներառում են երիկամներից մեզի արտահոսքի վրա ազդող գործոններ։ Լինում են բնածին և ձեռքբերովի • Միզածորանների կամ միզապարկի օբստրուկցիան(խցանում), որը առաջացնում է հետադարձ ճնշում, քանի որ երիկամները շարունակում են միզարտադրությունը, սակայն օբստրուկցիան արգելակում է մեզի հոսքը և մեզը հետ է վերադառնում դեպի երիկամներ։ Երբ ճնշումը երիկամներում բավականին մեծանում է, ՝ վերջիններս վնասվում են • Շագանակագեղձի հիպերտրոֆիա և ուռուցք • Որովայնի խոռոչում առկա ուռուցքը, որը սեղմում է միզուղիները • Երիկամային քարեր

Ախտանշաններ

I. Պրոդրոմալ կամ առաջին փուլում դիտվող սիմպտոմները պայմանավորված են հիմնական հիվանդությամբ, որի ֆոնի վրա զարգացել է ՍԵԱ-ն

II. Օլիգոանուրիայի շրջանում երիկամի ֆունկցիայի իջեցմանը զուգահեռ ի հայտ են գալիս հետևյալ սիմպտոմները՝

  • Արյան մեջ միզանյութի մակարդակի բարձրացումը (ուրեմիա) կարող է ախտահարել մի քանի օրգաններ։ Հիվանդների մոտ առաջանում է նողկանք, սրտխառնոց, փսխումներ, հաճախ զարգանում է դիարեա, կարող են դիտվել աղեստամոքսային արյունահոսություններ։ Ուղեղի ախտահարումը (էնցեֆալոպաթիա) արտահայտվում է քնկոտությամբ, գիտակցության խանգարումներով՝ արգելակվածությունից ընդհուպ մինչև կոմա, ցնցումներով։ Սրտի վրա ազդեցությունը կարող է արտահայտվել ուրեմիկ պերիկարդիտով։ Իջնում է մկանների ֆունկցիան կալցիումի մակարդակի իջեցման հետևանքով
  • Հիպերկալեմիան արտահայտվում է մկանային թուլությամբ, պարէսթեզիաներով, ԷԿԳ փոփոխություններով՝ մեծ, բարձր T ատամիկ, առիթմիաներով՝ վերփորոքային տախիկարդիա, ֆեբրիլյացիա
  • Մետաբոլիկ ացիդոզը կամ օրգանիզմի թթվայնության բարձրացումը կապված բիկարբոնատներ առաջացման իջեցման հետ։ Որպես կոմպենսատոր մեխանիզմ ի հայտ է գալիս հևոցը, քանի որ թոքերը որպես բուֆեր բուֆեր փորձում են իջեցնել թթվայնությունը հեռացնելով ածխաթթու գազը
  • Անեմիան, որը արտահայտվում է թուլությամբ, հևոցով, գունատությամբ։ Կարմիր բջիջների ցանակի իջեցումը կապված հեմոլիզի և էրիթրոպոետինի արտադրության նվազման հետ, բերում է օրգանիզմում O2-ի տարողունակության իջեցմանը, բջիջներին թթվածնի մատակարարման իջեցմանը, որի հետևանքով ակտիվանում է անաէրոբ մետաբոլիզմը որը բերում է թթվային նյութերի հավելյալ կուտակմանը
  • Հիպերտենզիան, որը հիմնականում պայմանավորված է օրգանիզմում առկա հավելյալ հեղուկով

III. Միջարտադրության վերականգման շրջանը պայմանականորեն բաժանվում է 2 փուլի

  • Միզարտադրության վերականգման սկզբնական փուլ
  • Պոլիուրիայի փուլ

Այս շրջանում հիվանդի վիճակի կլինիկական բարելավվումը ակնհայտ չէ։ Մեզի քանակի արագ ավելացումը կարող է բերել դեհիդրատացիայի՝ նատրիումի և կալիումի առատ արտազատմամբ։ Այս փուլում վտանգավոր են ինֆեկցիոն բարդությունները

IV. Առողջացման շրջան։ Ամենաերկարատևն է, սկսվում է երբ միզանյութի մակարդակը կարգավորվում է, տևում է 3-6 ամիս, մինչև երիկամների ֆունկցիայի լրիվ վերականգնումը։ Որոշակի դեպքերում երիկամների ֆունկցիան վերականգնվում է մասնակիորեն կամ չի վերականգնվում լիովին և ՍԵԱ-ն անցնում է խրոնիկական երիկամային անբավարարության։

Ախտորոշում

ՍԵԱ-ը կասկածվում է երբ առկա է միզարտադրության նվազում, արյան մեջ միզանյութի և կրեատինինի մակարդակների բարձրացում։

Ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է որոշել ՍԵԱ-ի առկայությունը և ձևը, փնտրել պատճառը։ Ախտորոշումը հիմնված է`

I. Անամնեստիկ տվյալների

II. Օբյեկտիվ զննման

III. Լաբորատոր հետազոտությունների վրա

  • Արյան ընդհանուր քննություն
  • Արյան բիոքիմիական քննություն

IV. Գլոմերուլյար ֆիլտրացիոն արագության (GFR) որոշումը, որը լինում է իջած ՍԵԱ-ի դեպքում և հանդիսանում է հիմնական ախտորոշիչ թեստը։ GFR-ը միավոր ժամանակում երիկամներով անցնող արյան հոսքի արագությունն է, որը հաշվվում է ելնելով կրեատինինի մակարդակից, հիվանդի տարիքից, սեռից

V. Մեզի անալիզը ներառում է միկրոսկոպիկ անալիզը, մեզում նատրիումի և կրեատինինի մակարդակի որոշումը

VI. Որովայնի օրգանների սոնոգրաֆիան, որի միջոցով որոշվում է երիկամների չափսերը, պարենխիմայի վիճակը, հնարավոր օբստրուկցիայի առկայությունը։ Որոշակի դեպքերում կատարվում է երիկամի բիոպսիա։

 

Բժշկական հանրագիտարան-ՍԵԱ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook