Thursday, May 9, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Վիրաբույժ Հայկ Հարությունյան. «Ես հենց Հայաստանում եմ պետք»

Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է այն երիտասարդների մասին, ովքեր երիտասարդ տարիքում արդեն հաջողությունների են հասել: Այս անգամ ներկայացնում ենք 2017 թ.-ի «Տարվա երիտասարդ խոստումնալից վիրաբույժ անվանակոչմանը» արժանացած վիրաբույժ Հայկ Հարությունյանին:

Մասնագիտության ընտրության հստակ որոշումը, ուսումնառության տարիներին ձեռք բերած փորձն ու գիտելիքները…

Վիրաբուժության նկատմամբ հետաքրքրություն ունեցել եմ մանկուց: Բոլոր երազանքներս ու նպատակներս կապված են եղել բժշկի մասնագիտության հետ: Հայրս ավելի շատ հակված էր, որ ես ընտրեմ իրավական ոլորտը՝ փաստաբանի, դատավորի մասնագիտություն: Սակայն իմ՝ վիրաբույժ դառնալու որոշումը հստակ եւ միանշանակ է եղել:  Հետաքրքիրն այն է, որ մեր թե՛ ընտանիքում, թե՛ տոհմում բժիշկ չի եղել, ավելին, ես առաջինն եմ, ով ընտրեց այս ուղղությունը:

Երբ ընդունվեցի ԵՊԲՀ, ես հստակ գիտեի եւ գիտակցում էի, թե ուր եմ գնում եւ ինչի համար: Սովորելու 6 տարիների ընթացքում բավականին շատ առարկաներ ենք ուսումնասիրել, սակայն յուրաքանչյուրն իր հետաքրքրությունը եւ ուրույն առանձնահատկությունն է ունեցել ինձ համար: Ավարտել եմ բարձր առաջադիմությամբ՝ կարմիր դիպլոմով:

Աշխատանքային առաջին քայլերն ու զգացողությունները…

Ուսանողի՝ վիրահատարան կատարած առաջին մուտքը միշտ հիշվում է: Տեսնում ես արյուն, վերք… Ներքուստ սկսում ես տաքանալ, թվում է՝ գուցե ոչինչ չստացվի, վատ զգաս… Այժմ, երբ տեսնում եմ իմ ուսանողներին, հիշում եմ ինձ: Սակայն դա բնական է, քանի որ ժամանակի ընթացքում կոփվում ես, սկսում սառը դատել: Վիրաբույժը պետք է լինի հանգիստ, որոշակի հարցերում՝ նաեւ սառնասիրտ, որովհետեւ պետք է արագ կողմնորոշվել, չտրվել զգացմունքներին: Ուսումնառության տարիներին կատարած առաջին աշխատանքային քայլերը շատ կարեւոր են: Սովորելով ԵՊԲՀ-ում՝ ես այդ հնարավորությունն ունեցել եմ: Ուսումնառության տարիներին ուսանողներին հնարավորություն է տրվում հերթապահել վիրաբուժական բաժանմունքներում, վիրահատարաններում, մասնակցել վիրահատական գործընթացներին: Անգամ մեկ գործիք փոխանցելը շատ կարեւոր է եւ պատասխանատու: Ես անցել եմ այդ փուլերը, անքուն գիշերները, որոնք շատ են եղել եւ հիմա էլ կան:

Առաջին վիրահատություն, զգացողություններ…

Առաջին վիրահատությունս, բնականաբար, շատ լավ եմ հիշում: Կատարել եմ կույր աղիքի որդանման ելունի վիրահատություն: Շատ լավ հիշում եմ ամեն քայլ ու դետալ, հիշում եմ, թե քանի անգամ եմ վիրահատությունից հետո այցելել հիվանդին եւ թե ինչպես չքնեցի այդ գիշեր: Հնարավոր չէ մոռանալ այդ ամենը: Սակայն ցանկացած վիրահատության ժամանակ, լինի դա 1-ը, թե՝ 1000-րդը, ունենում ես սրտի թրթիռ, պատասխանատվության զգացում, քանի որ գիտես՝ ցանկացած հիվանդ մի կյանք է, եւ դու սխալվելու որեւէ իրավունք չունես: Հոգատարությունը շատ կարեւոր է, անգամ եթե հարկավոր է, պետք է անքուն գիշեր անցկացնել: Հիվանդներիս համար ես միշտ հասանելի եմ, անգամ՝ գիշերները:

Մասնագետներ, ովքեր կարեւոր դերակատարում են ունեցել մասնագիտական կայացման գործում…

Ես, անխոս, կարեւորում եմ այն մարդկանց դերակատարությունն իմ կյանքում, որոնց շնորհիվ շատ բան եմ սովորել, ոգեշնչվել: Երբ ընդունվեցի ԵՊԲՀ, այդ տարիներին Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանը մասնագիտությամբ վիրաբույժ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն էր: Նա ինձ համար հերոսական կերպար է: Միշտ ցանկացել եմ նրա նման վիրաբույժ դառնալ: Նա թե՛ մասնագիտական, թե՛ կազմակերպչական հարցերում ունի բավականին մեծ ներդրում եւ ավանդ: Ես հենց նրա մոտ էլ շարունակեցի օրդինատուրան: Առաջին քայլերս սկսել եմ պրոֆեսոր Միրիջանյանի անմիջական հսկողության, ղեկավարության ներքո: Կառանձնացնեմ նաեւ բժիշկ, վիրաբույժ, իմ ընկեր Հովհաննես Հովհաննիսյանին, ով եւս մեծ դեր է ունեցել իմ վիրաբուժական կարիերայում: Այժմ «Աստղիկ» ԲԿ-ում աշխատում եմ պրոֆեսոր Բարսեղյանի գլխավորությամբ, ով իր փորձն ու գիտելիքներն անխնա փոխանցում է բոլոր բժիշկներին: Մեր բաժանմունքի վարիչ Արայիկ Ոսկանյանն իմ մասնագիտական կայացման գործում եւս ունի իր դերակատարումը: Ես բոլորին երախտապարտ եմ:

ՀՀ ոստիկանության զորքերի բժիշկ, լեյտենանտ…

Օրդինատուրան ավարտելուց հետո բժիշկները պետք է որպես զինվորական բժիշկ աշխատեն զորամասերում: ՀՀ ոստիկանության ներքին զորքերի բժիշկ լինելն ընտրվել էր զուտ պատահականության սկզբունքով՝ վիճակահանությամբ: Այդ տարի ավարտած 58 բժիշկները ծառայության անցան: Ես ընդգրկվեցի Ներքին զորքերում: Այդ 2 տարիների ընթացքում կարողացա ե՛ւ աշխատել, ե՛ւ ավարտել թեկնածուական ատենախոսությունս, իսկ հետո՝ նաեւ պաշտպանել:

Վերապատրաստումներ, գիտական հոդվածներ…

Մայր բուհը տալիս է գիտելիքի մեծ պաշար, հնարավորություն՝ մեծ դռներ բացելու, սակայն գործիքները, որոնցով հնարավոր է այդ դռները բացել, տալիս են վերապատրաստումները: Առաջին վերապատրաստումս եղել է Մոսկվայում՝ Ն. Վ. Սկլիֆասովսկու անվան շտապօգնության Մոսկվայի քաղաքային հետազոտությունների ինստիտուտում: Ես բարեբախտաբար հայտնվել էի մի մասնագետի ղեկավարության ներքո, ով առաջինն էր այդ ինստիտուտում ներդրել լապարասկոպիկ վիրաբուժությունը: Իմ կյանքի ամենաբեկումնային ժամանակահատվածը թերեւս կարող եմ համարել Թայվանում ունեցած 3-ամսյա վերապատրաստումս: Թայվանում բժշկությունը շատ բարձր մակարդակի վրա է, հատկապես կառանձնացնեմ «China Medical University»-ն: Կարող եմ ասել, որ այն չի զիջում ո՛չ եվրոպական, ո՛չ ամերիկյան որեւէ կլինիկայի: Վերապատրաստումն անցել եմ լյարդի տրանսպլանտացիայի գծով պրոֆեսոր Չենի մոտ, ով իր հերթին վերապատրաստվել էր ԱՄՆ-ում՝ պրոֆեսոր Թոմաս Ստարզլի մոտ: Վերջինս լյարդի տրանսպլանտացիայի հիմնադիրն է: Անխոս, կարճաժամկետ վերապատրաստումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, դասընթացներ եւս ունեցել եմ տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում եւ այլուր: Դրանցից յուրաքանչյուրը շատ մեծ եւ կարեւոր դերակատարում է ունեցել իմ կյանքում:

Ունեմ մոտ 40 հոդված, սակայն կան նաեւ ընթացիկները, որոնք եւս կներկայացվեն: Այժմ առավել շատ փորձում ենք հոդվածները արտասահմանյան ամսագրերում հրատարակել, ինչը բավականին երկար ժամանակ է պահանջում:

Երախտագիտության նամակ, արծաթե մեդալ, բազմաթիվ պատվոգրեր եւ 2017 թ.-ի «Տարվա երիտասարդ խոստումնալից» վիրաբույժ… 

Ցանկացած մարդու համար հաճելի է մրցանակների, պատվոգրերի եւ շնորհակալագրերի արժանանալը, քանի որ դրանք գնահատման միջոց են: Սակայն մրցանակը նաեւ պարտավորեցնում է հատկապես երիտասարդ տարիքում: Երբ 2017 թ.-ին արժանացա «Տարվա երիտասարդ խոստումնալից վիրաբույժ» մրցանակին, պետք է ասեմ, որ չէի սպասում: Անխոս, կային թե՛ հուզմունք, թե՛ հպարտություն: Սակայն բժշկի ուղին ընտրած ցանկացած մարդ, անկախ ամեն ինչից, պարտավոր է հիվանդի հետ լինել հոգատար, հարգալից:

ԵՊԲՀ-ում դասախոսություններ, գիտելիքի եւ փորձի կիսում…

2014 թ.-ից դասավանդում եմ ԵՊԲՀ-ում, ինչի մասին միշտ եւս երազել եմ: Դասախոս լինելը ոչ միայն մեծ պատիվ է, այլեւ երիտասարդների միջավայրում գտնվելու միջոց: Կարողանում ես ուսանողների հետ կիսվել քո գիտելիքներով, փորձով: Հիպոկրատի երդման մեջ կետ կա, որում ասվում է, որ դու պետք է կրթես, սովորեցնես սերնդին: Փորձում եմ հնարավորինս հետաքրքիր անցկացնել: Այժմյան երիտասարդները մեծ ներուժ ունեն, եւ ապագան միայն ու միայն երիտասարդներինն է: Նրանց պետք է կրթել, ճանապարհ տալ, օգնել, չխոչընդոտել, չկոտրել: Վերջիններս էլ իրենց հերթին պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերեն: Նրանք ավելի ուժեղ են, հզոր, քան երիտասարդները նախկինում: Ես վստահ եմ, որ տարիներ անց ներկայիս երիտասարդները շատ ավելի բարձր նվաճումների կհասնեն:

Միշտ զգոնության պահպանում, ինքնատիրապետում, առաջին օգնություն…

Ինքնատիրապետումը շատ կարեւոր է: Պարզապես պետք է հասկանալ, որ բժիշկն իրավունք չունի նեղանալ հիվանդից, բժիշկը, անկախ ամեն ինչից, պետք է օգնություն ցուցաբերի: Միշտ այդ զայրույթը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ ժամեր անց այդ նույն հիվանդը կամ նրա հարազատները հասկանում են իրենց սխալը եւ ներողություն խնդրում:

Ես ավտոմեքենայիս մեջ ունեմ փոքրիկ դեղատուփ, որում առաջին օգնության պարագաներ եւ դեղեր կան: Շատ են եղել դեպքեր, երբ ճանապարհին ավտովթարի ականատես եմ եղել եւ բնականաբար բժիշկ լինելով՝ չեմ կարող անտարբեր լինել: Եթե բժիշկը գիտի, որ իր կարիքը կա, ապա պետք է օգնություն ցուցաբերի:

Ազատ ժամանակ, հետաքրքրություններ, սպորտ, երաժշտություն…

Ազատ ժամանակ, կարելի է ասել, գրեթե չունեմ: Եթե դա կարելի է ազատ ժամանակ համարել, ապա շաբաթ եւ կիրակի օրերն են, երբ աշխատանքից համեմատաբար շուտ եմ գնում տուն: Ազատ ժամանակս բնականաբար փորձում եմ անցկացնել ընտանիքիս հետ:

Սպորտի նկատմամբ ունեմ հետաքրքրություն: Ժամանակին հաճախում էի մարզասրահ, մարզվում, սակայն հիմա, ցավոք, ժամանակի սղության պատճառով չի ստացվում: Սիրում եմ լող, սիրում եմ երաժշտություն: Չնայած երաժշտական գործիքներին չեմ տիրապետում, նոտաներ չգիտեմ, բայց ունեմ երաժշտական ուժեղ լսողություն, որը թույլ է տալիս մեկ ձեռքով նվագել: Եթե տարիները հնարավոր լիներ ետ տալ, ապա գուցե գնայի դաշնամուրի:

Հայաստանյան բժշկությունն ու միայն Հայաստանում աշխատելու ցանկությունը…

Հայաստանյան բժշկությունն ունի իր առանձնահատկությունները: Ճիշտ է, մարդիկ թերահավատորեն են մոտենում, սակայն երբ մեկնում են արտերկիր, հասկանում են, որ չկա այն բաց բժիշկ-հիվանդ կապը, որն առկա է Հայաստանում: Բժշկության ոլորտը միշտ զարգանալու եւ լավ բժիշկներ ունենալու կարիք ունի, սակայն մենք ունենք լավ մասնագետներ, ովքեր ոչնչով չեն զիջում արտասահմանյան մասնագետներին: Պարզապես այստեղ սարքավորումների եւ նոր տեխնոլոգիաների խնդիրն է:

Ես հնարավորություն ունեի եւ կարող էի արտերկրում աշխատել, բայց ես ինձ այստեղ՝ Հայաստանում եմ լավ զգում: Ես կարծում եմ, որ հենց Հայաստանում եմ պետք: Մի պահ պատկերացնենք, որ բոլորս թողնենք ու գնանք… Ի՞նչ կլինի, իսկ ո՞վ է բուժելու հայ մարդուն: Այո՛, ես դեմ չեմ, ավելին՝ կողմնակից եմ արտերկրում վերապատրաստումներին, սակայն ես՝ որպես բժիշկ, ինձ Հայաստանում առավել լավ եմ զգում, առավել պահանջված:

Հաջողության գրավականը…

Առաջին հերթին բարի լինելն է: Բժիշկը, անկախ տրամադրությունից, պետք է բարեհամբույր լինի, ժպտա հիվանդին, լինի պատրաստակամ: Առհասարակ պետք է շատ բարություն անել, բարի լինել: Ցանկացած բարի արարք մեզ հետ է վերադառնում:

Նյութի աղբյուրը՝   erit.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook