Saturday, April 27, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Փաստեր ջերմային ալիքի վերաբերյալ.Խորհուրդներ նորածինների, երեխաների և հղի կանանց համար

Ինչ է ջերմային ալիքը

Ջերմային ալիքներն առաջանում են, երբ ջերմաստիճանը մի քանի օր շարունակ նորմայից բարձր է լինում: Խոնավության պատճառով այն կարող է շատ ավելի բարձր լինել:

Ինչպես են առաջանում ջերմային ալիքները

Ջերմային ալիքները բնական երևույթ են և առաջանում են մթնոլորտ տաք օդի ներթափանցումից: Դրանց ուժգնությունը և հաճախականությունը մեծանում են կլիմայի՝ ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով առաջացած փոփոխության պատճառով, որոնք ջերմությունն ավելի երկար են պահում:

>> Կարդացեք նաև. Ինչպես խոսել ձեր երեխայի հետ կլիմայի փոփոխության մասին

Ում համար են ամենաշատը վտանգավոր ջերմային ալիքները

Սաստիկ շոգը վտանգավոր է բոլորի առողջության համար: Սակայն ջերմային սթրեսի նկատմամբ հատկապես խոցելի են նորածինները, երեխաները, հղիները և տարեցները:

Շատ բարձր ջերմությունը կարող է ավելի վտանգավոր լինել նորածինների և երեխաների համար, իսկ երեխաների ջրազրկումը կարող է վտանգավոր կամ նույնիսկ մահացու լինել: Երեխաների օրգանիզմի ջերմակարգավորումն ավելի դժվար է ընթանում, և ջերմությունից պաշտպանվելու համար նրանք  մեծահասակների օգնության կարիք ունեն:

Մեծ ռիսկի են ենթարկվում նաև հղի կանայք: Չափազանց բարձր ջերմությունը և ջրազրկումը կարող են երեխայի ցածր քաշի և անգամ մեռելածնության պատճառ դառնալ: Սա կարող է բացասաբար ազդել նաև հղի կանանց վրա, կարող է սկսվել վաղաժամ ծննդաբերություն, ինչպես նաև զարգանալ հղիության շաքարախտ և հիպերտոնիա:

Ինչ անել ջերմային ալիքի ժամանակ

Ջերմային ալիքներից պաշտպանվելու խորհուրդներ
UNICEF

Եղե՛ք պատրաստված

• Իմացե՛ք, թե որքան շոգ և խոնավ է լինելու այսօր, այս շաբաթ և այս ամիս, որ ծրագրեք դրսում ձեր անելիքը:

• Տանը պահե՛ք խիստ անհրաժեշտության պարագաներով պայուսակ, որը պարունակում է օրալ ռեհիդրատացիոն աղի (ՕՌԱ) փաթեթներ, ջերմաչափ, ջրի շշեր, սրբիչներ կամ խոնավ անձեռոցիկներ, մարտկոցով աշխատող շարժական օդափոխիչ կամ ջրցան, ինչպես նաև ջերմային սթրեսի ախտանշանները բացահայտելու և բուժելու նպատակով կազմված ստուգաթերթ:

• Իմացե՛ք ինչպես օգնություն ստանալ: Գրի՛ առեք մոտակա առողջապահական կամ շտապօգնության/տրանսպորտային ծառայությունների կոնտակտային տվյալները:

Զո՛վ պահեք տունը

• Հնարավորության դեպքում օրվա ամենաշոգ ժամերին փակե՛ք վարագույրները, իսկ գիշերը բացե՛ք պատուհանները՝ տունը զովացնելու համար:

• Օգտագործե՛ք օդափոխիչներ և հովացուցիչներ:

Խուսափե՛ք շոգից

• Ամենաշոգ ժամերին խուսափե՛ք տնից դուրս գալուց: Փորձե՛ք պլանավորել ձեր անելիքն օրվա ընթացքում ավելի վաղ կամ ավելի ուշ, երբ արդեն զով է:

• Դրսում օգտագործե՛ք արևապաշտպան քսուք և փորձե՛ք ստվերում մնալ կամ օգտագործե՛ք արևից պաշտպանող գլխարկներ և հովանոցներ:

Շատ ջո՛ւր խմեք և զով վայրո՛ւմ մնացեք

• Կանոնավոր ընդմիջումներով ջուր խմե՛ք նախքան ծարավելը:

• Շոգ ժամանակ շատ շորեր հագնելը կարող է ավելի արագ ջրազրկել ձեր օրգանիզմը և տաքացնել: Այնպես որ, հագե՛ք թեթև և ազատ հագուստ: Բամբակն իդեալական է շոգ օրերին՝ նվազեցնելու ջերմային ցաները և կլանելու քրտինքը: Խորհուրդ է տրվում արհեստական գործվածքից սպիտակեղենը փոխարինել բամբակյա գործվածքից սպիտակեղենով:

• Ջրի շիշ և փոքրիկ սրբի՛չ պահեք ձեզ մոտ, որ կարողանաք այն ձեր պարանոցին դնել զովանալու համար:

Խորհուրդներ նորածինների, երեխաների և հղի կանանց համար

Պետք է

Չպետք է

Նորածիններ և երեխաներ
Պարբերաբար ստուգե՛ք՝ արդյոք ձեր երեխան ծարավ է, քրտնում է, շոգում է, փսխում է, արդյոք բերանում չորություն է զգում կամ գլխացավեր ունի: Եթե ձեր երեխան նորմալ չի արձագանքում, ունի բարձր ջերմություն, գլխապտույտ կամ արագ է շնչում, ապա նրան անմիջապես բուժհաստատություն տարեք:

Համոզվե՛ք, որ ձեր երեխայի հագուստը ազատ է, դա կարող է օգնել կանխելու ջերմային ցանի առաջացումը և շոգելը:

Համոզվե՛ք, որ ձեր երեխան բավականաչափ ջուր է խմել: Մինչև 6 ամսական երեխաներին կերակրե՛ք բացառապես կրծքով: Կրծքով կերակրող մայրերը պետք է շատ ջուր խմեն, քանի որ ջրազրկումը կարող է ազդել կրծքի կաթի արտադրության վրա: Վեց ամսական և բարձր տարիքի երեխաները պետք է պարբերաբար ջուր խմեն օրվա ընթացքում։

Առանց բուժաշխատողի հետ խորհրդակցելու նորածիններին մի՛ տվեք դեղորայք, եթե նրանք գերտաքացման նշաններ ունեն:

Մի՛ թողեք նորածիններին և երեխաներին չօդափոխվող փակ տարածքներում, օրինակ՝ ավտոմեքենայում կամ փակ պատուհաններով սենյակում:

Թույլ մի՛ տվեք ձեր երեխաներին ժամերով խաղալ դրսում, երբ շոգ է, հետևե՛ք նրանց: Դրսում մարզվելիս կամ խաղալիս թող նրանք հանգստանան 30 րոպեն մեկ: Բարձր ջերմաստիճանի պայմաններում մարզվելը կամ խաղալը կարող է արագ ջրազրկման և լուրջ հետևանքների հանգեցնել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook