Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Քթային դժվարաշնչություն

Մեր զրուցակիցն է  «Արմենիա» ՀԲԿ քիթ-կոկորդ-ականջաբան և քիթ, կոկորդ, ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Արթուր Մինասյանը.

—   Ինչի՞ց է առաջանում քթային դժվարաշնչությունը եւ ինչո՞ւ է պարտադիր քթով շնչելը:

—   Քթային դժվարաշնչությունն ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից է, օրինակ, քթի միջնապատի թեքությունը, որը կարող է ի հայտ գալ տարիքային տարբեր փուլերում՝ հիմնականում վնասվածքների պատճառով: Քթի միջնապատը թեքվելով մեկ կամ երկու կողմից` նեղացնում է անցուղին եւ խանգարում նորմալ շնչառությանը: Արդյունքում պակասում է մարդու օրգանիզմ թափանցող թթվածնի քանակը և տարիների ընթացքում զարգանում է քրոնիկ թթվածնային քաղց: Թթվածնային քաղցից տուժում է և՛ գլխուղեղը, և՛ սիրտը, և, ընդհանրապես, բոլոր օրգանները:

Բացի միջնապատի թեքությունից, քթով դժվարաշնչության պատճառ կարող է լինել խեցիների հիպերտրոֆիան, հատկապես վտանգավոր է ստորին խեցիների հիպերտրոֆիան: Խեցիների հիպերտրոֆիան առաջանում է հաճախակի հարբուխներից, վարակային գործընթացներից, հատկապես, եթե ժամանակին չեն բուժվում կամ, առհասարակ, չեն բուժվում: Սա իր հերթին բերում է քրոնիկ դժվարաշնչության և ամբողջ օրգանիզմի թթվածնային քաղցի: Երբեմն այս երկու ախտաբանությունը` միջնապատի թեքությունն ու խեցիների հիպերտրոֆիան,  զուգակցվում են:

Դժվարաշնչության այլ պատճառներից են ախտաբանական գոյացությունները, օրինակ` պոլիպները: Ալերգիկ ֆոնի հետևանքով առաջացող պոլիպների հետ կապված ուսումնասիրությունները պարզել են, որ դրանց ձևավորմանը նպաստող գործոններից է օդափոխանակման գործընթացը:

Երբեմն դժվարաշնչությունից կարող են գանգատվել նյարդային խնդիրներ ունեցող մարդիկ, թեև քթային շնչառությունն ազատ է: Դա արդեն նյարդային խնդիր է:

—   Ի՞նչ անել, երբ կա դժվարաշնչություն:

—   Քթային դժվարաշնչության դեպքում առաջին հերթին պետք է դիմել բժշկի: Մարդիկ երբեմն զբաղվում են ինքնաբուժմամբ, որի պարագայում կարող է անտեսվել առկա հիվանդությունը և արդյունքում օրգանիզմին կանգնեցնել թթվածնային քաղցի խնդրի առջև: Դժվարաշնչության բուժումը շատ հաճախ դեղորայքային չէ, քանի որ այն, ինչ մեխանիկական խոչընդոտ է ու ունի տարիների պատմություն, պետք է իրականացվի վիրահատական միջամտությամբ: Պատը թեք է՝ հարկավոր է ուղղել, խեցիները մեծ են՝ պետք է փոքրացնել: Ի դեպ, խեցիների փոքրացման տարբեր մեթոդներ կան, ընդհուպ մինչև մասնակի հեռացում, որը կատարվում է պոլիպոզ փոփոխությունների ժամանակ: Վիրահատական միջամտությունները շատ հաճախ կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Տեղային անզգայացում կիրառվում է ընդհանուր անզգայացման հակացուցումների դեպքում:

—   Ախտորոշման ի՞նչ փուլերով է անցնում պացիենտը:

—   Առաջին փուլը քիթ-կոկորդ-ականջաբանի զննումն է, որը շատ տեղեկատվական է: Կասկածելի դեպքերում կատարվում է ռենտգեն կամ ՀՏ հետազոտություն, որի ժամանակ քթի խոռոչից զատ հետազոտվում են հարակից խոռոչները:

Նյութի աղբյուր՝

http://armeniamedicalcenter.am/arm/news.more/54/

Leave a Reply

x Close

Like Us On Facebook