Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Քրոնիկական պրոստատիտը՝ որպես շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Չարորակ ուռուցքների մեծ մասի զարգացման ռիսկի գործոններից մեկը քրոնիկական բորբոքումն է: Այն որոշակի դեր է խաղում շագանակագեղձի քաղցկեղի կանցերոգենեզում:
Այս ենթադրությունը հաստատվում է նաև հյուսվածաբանական հետազոտության տվյալներով. տարեց տղամարդկանց շագանակագեղձի միկրոմիջավայրում հայտնաբերվում են բորբոքային բջիջներ: Բորբոքային պրոցեսը կապված է շագանակագեղձի պրոլիֆերատիվ բորբոքային ատրոֆիայով, որը հանդիսանում է ենթադրյալ նախաքաղցկեղային վիճակներից մեկը:
Գոյություն ունեն բազմաթիվ բացատրություններ, թե ինչպես կարող է  շագանակագեղձում քրոնիկական բորբոքային պրոցեսը բերել չարորակ փոխակերպման.
1. Բորբոքումը նպաստում է օքսիդատիվ սթրեսի առաջացմանը: Առաջանում են մեծ քանակությամբ թթվածնի ակտիվ ձևեր, որոնք խթանում են մուտացիան:
2.Բորբոքային պրոցեսը կարող է բերել էպիգենետիկական ալտերացիաների, որոնք նույնպես նպաստում են ուռուցքային փոխակերպման:
3. Պրոլիֆերատիվ բորբոքային ատրոֆիայի ժամանակ առաջանում են միջանկյալ ֆենոտիպի բազմաթիվ ծորանային էպիթելային բջիջներ: Գենոմային ալտերացիաների նկատմամբ սրանք օժտված են բարձր ընկալունակությամբ, որոնք էլ իրենց հերթին բերում են շագանակագեղձի ներէպիթելային նեոպլազիայի և քաղցկեղի զարգացման:
4.Շագանակագեղձի միկրոմիջավայրում բորբոքային պրոցեսը նպաստում է վերածրագրավորմանը՝ շագանակագեղձի մասնագիտացված հասուն բջիջների վերածմանը  ցողունային բջիջների: Համարվում է, որ այս պրոցեսը առաջատար դեր է խաղում կանցերոգենեզում:
Միզային միկրոֆլորայով շագանակագեղձի վարակման դեպքում հայտնաբերվում է էպիթելային պատնեշի քայքայում, և սա կարող է կարևոր դեր խաղալ միկրոմիջավայրում բորբոքման զարգացման մեջ:.
Այսպիսով, ժամանակակից ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շագանակագեղձի բորբոքումը և ատրոֆիան կարևոր դեր են խաղում չարորակ ուռուցքների զարգացման մեջ: Եվ այս պրոցեսներում նշանակալի գործոն է հանդիսանում շագանակագեղձի վարակումը:

Նյութի աղբյուրը՝ oncology.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook