Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Քրտնախաշ

Քրտնախաշ, մաշկային հիվանդություն, պայմանավորված է քրտինքի ուժեղ արտադրությամբ ու դանդաղ գոլորշիացմամբ։ Նկատվում է հիմնականում տարվա շոգ եղանակին կամ գործարանների տաք արտադրամասերում աշխատող բանվորների մոտ։

Հիվանդությունը բնորոշվում է մաշկի տարբեր մասերում (իրան, թիկունք, ծայրանդամներ) մեծաքանակ բշտիկների առաջացումով, այրոցի ու քորի զգացումով։ Բշտիկների պարունակությունը ջրային է, թափանցիկ։ Դրանք աստիճանաբար չորանում-ընկնում են՝ տեղում թողնելով աննշան թեփոտում։ Քրտնախաշ երբեմն կարող է բարդանալ թարախային վարակով։ Քրտնախաշի տարատեսակ է կարմիր քրտնախաշը, որի ժամանակ բշտիկներն առաջանում են կարմրած մաշկի վրա և շրջապատվում բորբոքային պսակով։ Բնորոշ է հիմնականում թուլակազմ, ռախիտով հիվանդ, տենդող, ուժեղ քրտնող երեխաներին։ Քրտնախաշը հաճախ է հանդիպում նաև կրծքի երեխաների մաշկի վրա, չափից ավելի բարուրելու, տաքացնող կոմպրեսներ օգտագործելու հետևանքով։

Քրտնախաշը բուժում է բժիշկը: Կարևոր է մարմնի գերտաքացում առաջացնող գործոնների վերացումը: Օգտակար են օդային լոգանքները, բնակարանի հաճախակի օդափոխությունը, ջրային լոգանքները` ջրին ավելացնելով կալիումի գերմանգանատ (վարդագույն լուծույթ), կաղնու արմատի կամ կատվալեզվի թուրմ (բաց դարչնագույն լուծույթ): Լոգանքից հետո մաշկածալքերին կարելի է ցինկի օքսիդի կամ տալկի ցանափոշի քսել, արևածաղկի եռացրած յուղով մշակել, ինչպես նաև (եթե թացացող հատվածներ չկան) սալիցիլային սպիրտի 1 %-անոց լուծույթով, օղիով (ջրի հետ հավասար խառնած) կամ վաղենակի լուծույթով (1 թեյի գդալ` 1 բաժակ եռջրին) շփել: Խորհուրդ չի տրվում սինթետիկ գործվածքներից հագուստ կրել:

Կանխարգելում

Քրտնախաշի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է քրտնոտության դեմ և մանրակրկիտ հետևել հիվանդի մաշկի խնամքին. Հաճախակի փոխել ներքնաշորը, մաշկը շփել սալիցիլային սպիրտի 1-2 %-անոց լուծույթով, ինչպես նաև սպիրտային լոսյոններով: Շոգ եղանակին հարմար է հագնել բամբակե գործվածքից հագուստ: Փոքր երեխաներին չի կարելի չափից ավելի շատ հագցնել, կիպ բարուրել, օգտակար են ջրային և օդային լոգանքները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook