Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ախտանշաններ, որոնք հուշում են աղիների լուրջ հիվանդությունների մասին

Աղեստամոքսային համակարգը շատ կարևոր դեր է խաղում ամբողջ օրգանիզմի առողջության պահպանման հարցում, մինչդեռ շատ հաճախ այս համակարգի հիվանդությունները չեն հայտնաբերվում ժամանակին, ինչը հանգեցնում է լուրջ բարդությունների։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սովորել տարբերել այն ախտանշանները, որոնք հուշում են աղիների հիվանդությունների մասին, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։ Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել շատ լուրջ հիվանդություններով, ուստի դրանք անտեսելը կարող է ճակատագրական լինել։

Կղանքի մեջ արյան առկայություն

Ամերիկացի գաստրոէնտերոլոգ Նիկոլաս Էնտոնիի խոսքով՝ այս ախտանշանը, որպես կանոն, կյանքի համար վտանգավոր չի լինում, սակայն այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Առավել հաճախ այն պայմանավորված է լինում թութքով կամ հետանցքի ճաքով, ուստի պետք չէ խուճապի մատնվել, սակայն լինում են դեպքեր, երբ կղանքի մեջ արյան առկայությունը հուշում է հաստ աղիքի քաղցկեղի վաղ փուլերի մասին։ Այս ախտանշանը հատկապես վտանգավոր է լինում աղիների աշխատանքի փոփոխություններով ուղեկցվելու դեպքում, ուստի հարկավոր է զգոն լինել։ Հարկ է հիշել, որ աղիների քաղցկեղն առավել հաճախ զարգանում է 50 տարեկանից բարձր անձանց մոտ, ուստի կասկածների դեպքում այդ տարիքային խմբում գտնվող մարդիկ պետք է դիմեն մասնագետին հնարավորինս շուտ։

Կլման գործընթացի դժվարացում

Սնունդը կուլ տալիս ի հայտ եկող տհաճ զգացողությունները պայմանավորված են լինում վարակներով, խոցերով կամ հյուսվածքների սպիացմամբ։ Բացի այդ, շատ հաճախ նման գանգատներով հիվանդների մոտ բժիշկներն ախտորոշում են էոզինոֆիլային էզոֆագիտ (ԷԷ), որը քրոնիկ ալերգիկ բորբոքային հիվանդություն է և համարվում է կլման ակտի խանգարումների հիմնական պատճառը։

Քաշի անբացատրելի կորուստ ու որովայնի ցավեր

Տարիքի հետ մարդկանց նյութափոխանակությունը դնադաղում է, ինչի հետևանքով նրանց քաշը սովորաբար ավելանում է։ Եթե մարդու մոտ նկատվում է հակառակ գործընթացը, ապա հարկավոր է դիմել մասնագետին։ Բանն այն է, որ առանց որևէ պատճառի քաշի նվազումը կարող է պայմանավորված լինել մի շարք վտանգավոր հիվանդություններով, այդ թվում՝ ստամոքսի խոցային հիվանդությամբ, ցելիակիայով, աղիների բորբոքային հիվանդություններով, վահանագեղձի գերակտիվությամբ և այլն։

Երկար ժամանակ չբուժվող փորկապություն

Փորկապությունն աղիների աշխատանքի խանգարում է, որը բնորոշվում է շաբաթական երեք անգամ կամ ավելի հազվադեպ դեֆեկացիայով։ Սա բավական վտանգավոր խանգարում է, քանի որ այն չբուժելու դեպքում հաստ աղիքում կուտակված կղանքը կարող է կարծրանալ ու ավելանալ, ինչի հետևանքով օրգանիզմը չի կարողանա ազատվել դրանից։ Սա շատ ցավոտ խնդիր է, որը կարող է անգամ մահացու լինել։

Սուր ցավեր

Ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել նաև սուր ցավերը։ Չմեղմվող սուր ցավը կարող է պայմանավորված լինել դիվերտիկուլիտով, կույր աղիքի որդանման ելունի բորբոքմամբ կամ որևէ լուրջ վարակով, ուստի առաջին իսկ ախտանշանի դեպքում հարկավոր է դիմել մասնագետին։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook