Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Գլխուղեղի կաթվածի մասին հուշող ախտանշաններ

Գլխուղեղի կաթվածը սրտանոթային համակարգի ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը կարող է ախտորոշվել ինչպես տարեցների, այնպես էլ երիտասարդների մոտ։ Այս հիվանդությունը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում, ուստի սրտանոթային համակարգի առողջությունը պահպանելը շատ կարևոր է։ Մասնագետները նախազգուշացնում են, որ գլխուղեղի կաթվածից խուսափելու համար հարկավոր է վարել առողջ կենսակերպ, պարբերաբար բուժզննում անցնել և չանտեսել անգամ անկարևոր թվացող կասկածելի փոփոխությունները։

Հարկ է հիշել, որ առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրա մասին որոշակի ախտանշանների միջոցով, և գլխուղեղի կաթվածը նույնպես բացառություն չէ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս խանգարման մասին վկայող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Տեսողության վատթարացում

Գլխուղեղի կաթվածի դեպքում հաճախ պատկերն աղոտանում է, սակայն հնարավոր է նաև տեսողության մասնակի կորուստ։ Եթե նման խանգարումը կտրուկ է ի հայտ գալիս, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Անհասկանալի խոսք

Գլխուղեղի կաթվածի մասին հուշող մյուս ախտանշանը անհասկանալի խոսքն է։ Տուժածը կարող է ամեն ինչ շատ լավ հասկանալ, սակայն չկարողանալ արտահայտել իր մտքերը։ Նման դեպքերում մարդը չի կարողանում նախադասություններ արտասանել և հստակ արտաբերել բառերը։

Վերջույթների թուլություն

Գլխուղեղի կաթվածի դեպքում հաճախ առաջացող լուծանքը կամ սաստիկ թուլությունը կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաև մարմնի վրա։ Նման դեպքերում եթե ախտահարվում է գլխուղեղի աջ կողմը, ապա ախտանշանները նկատվում են մարմնի ձախ կողմում, և հակառակը։ Սա է պատճառը, որ կաթվածի դեպքում հարկավոր է խնդրել տուժածին բարձացնել և առջևում պահել ձեռքերը։ Եթե խնդիրն իսկապես պայմանավորված է կաթվածով, ապա հնարավոր է, որ նա չկարողանա բարձրացնել մի ձեռքը, իսկ բարձրացնելու դեպքում էլ այն կարող է ինքնաբերաբար իջնել։

Գլխապտույտ, սրտխառնոց, հավասարակշտության կորուստ

Այս ախտանշանները հաճախ են անտեսվում, քանի որ սովորաբար չեն ասոցացվում գլխուղեղի կաթվածի հետ, մինչդեռ իրականում դրանք այս խանգարմանը բնորոշ հիմնական ախտանշաններից են։

Ցավ

Նյարդաբանների պնդմամբ՝ ոչ մի դեպքում չի կարելի անտեսել կտրուկ ուժգին ցավը։ Գլխուղեղի կաթվածի դեպքում հիվանդները սովորաբար գանգատվում են գլխացավից, սակայն այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև կրծքավանդակի, ուսի, ձեռքի կամ դեմքի մի հատվածի ցավով։

Սրտխփոց

Գլխուղեղի կաթվածի մասին կարող է հուշել նաև սրտի զարկերի կտրուկ արագացումը, որն ուղեկցվում է հևոցով։

Զկռտոց

Գլխուղեղի՝ շնչառության օրգանների գործառույթները կառավարող հատվածի ախտահարման դեպքում գլխուղեղի կաթվածի մասին կարող է հուշել երկար ժամանակ չմեղմվող զկռտոցը, ուստի նման անկարևոր թվացող ախտանշանը ևս ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Դեմքի լուծանք

Դիմախաղի կամ ժպիտի փոփոխությունը ևս կարող է լինել գլխուղեղի կաթվածի ախտանշան։ Եթե դեմքի մի կողմը կորցնում է ակտիվությունն ու շարժունությունը, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook