Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Առավոտյան կամ գիշերային ցավեր, այտուց, ցան․ արթրիտի տարատեսակների վաղ ախտանշանները

Արթրիտը հոդերի տարածված բորբոքային հիվանդություն է, որը ճիշտ չէ սոսկ օրգանիզմի ծերացման գործընթացների հետ կապելը․ այն հաճախ է հանդիպում առողջական ընդհանուր խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում, ընդ որում՝ առավել հաճախ կանանց մոտ։ Օրինակ՝ ԱՄՆ-ում արթրիտը հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է համարվում։

Ինչպես Forbes Health-ի նյութում մեկնաբանել է բժշկական գիտությունների թեկնածու Ռոբերտ Գրեմը, «արթրիտը մեկ կամ մի քանի հոդերի բորբոքումը կամ այտուցն է։ Այդ անվամբ են նկարագրվում բազմաթիվ վիճակները, որոնք ազդում են հոդերի, ոսկորների, հոդերի շուրջ գտնվող հյուսվածքների և այլ շարակցական հյուսվածքների վրա»։ Բժիշկ Գրեմի խոսքով, ախտանշանները արթրիտի տեսակից կախված կարող են տարբերվել, սակայն ընդհանուր դրսևորում է  համարվում հոդերի ցավն ու շարժումների կաշկանդվածությունը։

Արթրիտը կարող է լրջորեն ազդել մարդու կյանքի որակի վրա՝ սահմանափակելով նրա ֆիզիկական ակտիվությունը, վատացնելով ընդհանուր ինքնազգացողությունը։ Հոդվածում դիտարկվում են արթրիտի մի քանի տարատեսակներն ու դրանց վաղ ախտանշանները, որոնց իմացությունը կօգնի հնարավորինս շուտ հայտնաբերել խնդիրը։

Ի՞նչ է օստեոարթրիտը Օստեոարթրիտն արթրիտի առավել տարածված տեսակներից մեկն է, որը դեգեներատիվ հիվանդություն է համարվում՝ առաջանալով վնասվածքների կամ  հոդերի տարիքային մաշվածության պատճառով։ «Օստեոարթրիտն առավել հաճախ ախտահարում է «կրող» հոդերը՝ ծունկը, կոնքի հոդը, ոտքի բութ մատը և այլն»։ Այս հիվանդությունը բնորոշվում է հոդաճառի և ենթաճառային ոսկրի քայքայումով, իսկ դեգեներացիայի աստիճանը կախված է մի շարք գործոններից՝ կենսակերպ, քաշ, ուղեկցող հիվանդություններ, ֆիզիկական ակտիվություն և այլն։

Օստեոարթրիտը, որն ուղեկցվում է հոդացավով, բորբոքումով և այտուցով, որոշ մարդկանց մոտ կարող է անգամ սկզբում անախտանիշ ընթացք ունենալ։ Ցավոք, այս հիվանդությունը կարող է հանգեցնել հաշմանդամության՝ նշանակալիորեն փոխելով մարդու կենսակերպը։

Օստեոարթրիտի վաղ ախտանշաններն ու ցուցանիշները Օստեոարթրիտի վաղ ախտանշաններն ու ցուցանիշները կարող են տարբերվել, սակայն բժիշկ Գրեմի խոսքով, առաջնային ցուցանիշներ են համարվում հոդացավը, այտուցը կամ կարծրության զգացումը, որոնք ուժեղանում են հատկապես առավոտյան։

Ի՞նչ է ռևմատոիդ արթրիտը

Եթե օստեոարթրիտը դեգեներատիվ հիվանդություն է համարվում, ապա ռևմատոիդ արթրիտը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում մեխանիզմները, որոնք սովորաբար պաշտպանում են օրգանիզմը, գրոհում են սեփական հոդերի և հյուսվածքների վրա։ Ռևմատոիդ արթրիտը բորբոքում է առաջացնում հոդերում և շրջակա հյուսվածքներում՝ սովորաբար ախտահարելով միաժամանակ մի քանի հոդեր՝ սկսած ձեռքերի մանր հոդերից մինչև ավելի խոշոր հոդերը։ Ռևմատոիդ արթրիտն առաջանում է գենետիկ և շրջակա մի շարք գործոնների ազդեցությամբ, իսկ ճարպակալումն ու ծխելը հանդիսանում են առավել տարածված ռիսկի գործոններ։ Ռևմատոիդ արթրիտը քրոնիկական ու զարգացող հիվանդություն է, որը ժամանակի ընթացքում վատթարանում է, սակայն կան բուժման մեթոդներ, որոնք օգնում են վերահսկել իրավիճակը։ Ռևմատոիդ արթրիտի վաղ ախտանշաններն ու ցուցանիշները Այս հիվանդության վաղ ախտանշաններ են համարվում առավոտյան ժամերին հոդերում առաջացած ցավն ու կաշկանդվածությունը։ Ախտանշանները սովորաբար սկսվում են ձեռքերի մանր հոդերից՝ աստիճանաբար տարածվելով և առավել սրվելով հիվանդության «բռնկումների» ժամանակ։ Ի՞նչ է փսորիատիկ արթրիտը Փսորիատիկ արթրիտը հոդերի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը կապված է մաշկային հիվանդության՝ փսորիազի հետ։ Այն ախտահարում է աճառներն ու ոսկորները, ջլերն ու հոդերը շրջապատող այլ հյուսվածքները։ Ցավով և այտուցվածությամբ բնորոշվող արթրիտի այս տեսակը կարող է այլ դրսևորումներ էլ ունենալ՝ ավելի հաճախ հանդիպելով 30-50 տարեկան մարդկանց շրջանում։ Նշենք, որ թեև հիվանդությունը զարգանում է փսորիազ ունեցող անձանց շրջանում, բայց փսորիազ ունեցող ոչ բոլոր մարդիկ են հիվանդանում փսորիատիկ արթրիտով։ Փսորիատիկ արթրիտի վաղ ախտանշաններն ու ցուցանիշները Ինչպես և արթրիտի մյուս տեսակների դեպքում, փսորիատիկ արթրիտն էլ է ուղեկցվում ցավով ու այտուցով, սակայն տարբերակող ախտանշան է համարվում ձեռքերի և ոտքերի մատների «երշիկանման այտուցը», ասում է բժիշկ Գրեմը։ Փսորիատիկ արթրիտը նաև մաշկային ցան է առաջացնում մարմնի ծալվող հատվածներում, օրինակ՝ ծնկների վրա:

Ի՞նչ է հոդատապը կամ պոդագրան «Հոդատապը զարգանում է, երբ մարմինը սկսում է հավելյալ միզաթթու արտադրել, որը հոդերում (ոտքի բութ մատի կամ այլ հոդերում) միզաթթվային սուր բյուրեղիկների է վերածվում՝ առաջացնելով ցավի և այտուցի նոպաներ»։ Թեև հոդատապի նոպաները բուժվում են հակաբորբոքային դեղամիջոցներով, այս հիվանդությունը կարող է շատ ցավոտ լինել և լրջորեն ազդել մարդու կյանքի որակի վրա։

Հոդատապի վաղ ախտանշաններն ու ցուցանիշները

Սուր հոդատապի ախտանշանները դրսևորվում են հանկարծակի սուր ցավով, որը հաճախ ուժեղանում է գիշերը։ Հոդատապը սովորաբար սկսվում է թաթի մի հոդից կամ ոտքի բութ մատից և առանձնանում կարմրությամբ, այտուցով կամ ցավոտությամբ։ Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք հանդիսանալ ախտորոշման համար․ եթե հոդացավն ուղեկցվում է այտուցով, կարմրությամբ, ցանով, հոդի շրջանում բարձր ջերմությամբ, ապա դիմեք բժշկին։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/05/22/1342644/

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook