Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ինչպե՞ս Է Ազդում Ալկոհոլը Դեռահասների Ուղեղի Վրա

«Հարբեցողությունից մինչև մթագնում» (From Binge to Blackout: A Mother and Son Struggle with Drinking), 2006

Քոլեջում սովորելու տարիներին 15-ամյա Թորեն Վոլկմանը գրեթե ամեն օր մասնակցում էր խնջույքների և խմում՝ գիտակցությունը կորցնելու աստիճան։ Ինչպես շատ ծնողներ, այնպես էլ նրա մայրը՝ Քրիսը, սկզբնական շրջանում անտեսում էր որդու՝ ալկոհոլի նկատմամբ աճող կախվածությունը։ Ուսումն ավարտելուց հետո, երբ Թորենն հայտնվում է մեծ կյանքի շեմին, հասկանում է, որ դարձել է կատարյալ հարբեցող, և ալկոհոլի նկատմամբ կախվածությունն անդառնալի է թվում։

Այս գիրքը, որը գրված է ինչպես մոր, այնպես էլ որդու տեսանկյունից, իրական պատմություն է այն մասին, թե ինչպես են մայրն ու որդին միասին պայքարում «հարբեցողության համաճարակից» փրկվելու համար։

Բուժվելուց հետո՝ տարիներ անց, երբ ալկոհոլային կախվածությունն արդեն անցյալում է, Թորենն ու իր մայրն այս գրքի միջոցով իրենց տառապանքն ու փորձառությունն են ցանկանում հանրայնացնել՝ սթափեցնելու համար այն ծնողներին, ովքեր անուշադրության են մատնում իրենց երեխաների «անմեղ» սովորությունները։

Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (US-CDC), ավագ դպրոցում սովորող յուրաքանչյուր չորրորդ աշակերտն ունի ալկոհոլային կախվածության։ Խնդիրը միայն ոչ սթափ վիճակում գտնվող դեռահասների մասնակցությամբ պատահարների հավանականության աճը չէ, այլև այն, որ ալկոհոլը կարող է երկարաժամկետ, գուցե անշրջելի ազդեցություններ ունենալ դեռահասների ուղեղի վրա։

Չնայած դեռահասները կարող են արտաքնապես նմանվել մեծահասակներին, սակայն, պետք է հիշել, որ նրանց ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 25-30 տարեկան (ուղեղի ընդհանուր ծավալը շատ չի փոխվում, բայց նկատվում է գորշ նյութի զգալի նվազում, և սպիտակ նյութի ավելացում)։

Դեռահասների ուղեղում սպիտակ նյութը դեռևս չի հասել իր ամբողջական խտությանը՝ հատկապես նախաճակատային կեղևում, որը պատասխանատու է դատողությունների, որոշումների կայացման և իմպուլսիվ ցանկությունների վերահսկման համար: Այս պատճառով էլ դեռահասներն ավելի հակված են ռիսկային վարքագծի:

Դեռահասության տարիքում շատ խոցելի է ուղեղի ևս մեկ հատված՝ հիպոկամպը, որը պատասխանատու է հիշողության և ուսուցման համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վաղ հասակում խմելը հանգեցնում է հիշողության, ուշադրության և տարածական կողմնորոշման խանգարումներին:

Միաժամանակ ուղեղի պարգևատրման հիմնական կենտրոնը (nucleus accumbens) այդ ընթացքում զգում է դոֆամինի կտրուկ անկում։ Դոֆամինի անբավարարության պատճառով, դեռահասի ուղեղի այն հատվածները, որոնք կապված են զգացմունքների հետ, ձգտում են իմպուլսիվ ցանկությունների անհապաղ բավարարմանը: Բայց քանի որ նախաճակատային կեղևը, որն օգնում է վերահսկել նման ազդակները, լիովին զարգացած չէ, դեռահասների համար ավելի դժվար է դիմակայել «արագ հաճույք ստանալու» հնարավորությանը:

Որպես կանոն, դեռահասներն ավելի հազվադեպ են խմում, քան մեծահասակները, սակայն երբ նրանք խմում են, ապա հակված են շատ ավելի մեծ քանակությամբ խմելուն: Ի տարբերություն մեծահասակների, ովքեր մի քանի բաժակից հետո կարող են թուլանալ, թմրել, կորցնել հավասարակշռությունը, ինչը նրանց համար կարող է դառնալ նշան, որ այլևս բավարար է խմել, դեռահասների ուղեղն ավելի քիչ է արձագանքում ալկոհոլի կարճաժամկետ հետևանքներին, և նրանք մեծահասակներից շատ ավելին պետք է խմեն մինչև նման թմրության հասնելը:

Դեռահասների մոտ ալկոհոլային թունավորման նշանների ուշացումը, ուղեղին հասցված խանգարումների հետ համակցմամբ, հանդիսանում է մթագնումների հիմնական պատճառ, երբ նրանք չեն հիշում հարբած ժամանակ իրենց հետ պատահած իրադարձությունները:

Սովորաբար մթագնումները, բարեբախտաբար, կարճատև են, և երբ դրանք անցնում են, նոր հիշողություններ ձևավորելու ունակությունը վերադառնում է: Սակայն երկարաժամկետ կտրվածքով ուսման և հիշողության հետ կապված խնդիրները կարող են պահպանվել նույնիսկ տարիներ անց:

Խմող դեռահասների մոտ ալկոհոլից հրաժարվելուց հետո մեկ ամսվա ընթացքում դեռևս նկատվում են ուշադրության, հիշողության և տեսողատարածական գործունեության վատթարացումներ: Այսպիսով, նույնիսկ «նորմալ» առողջ դեռահասների մոտ, ովքեր ժամանակ առ ժամանակ ալկոհոլ են օգտագործում (օրինակ՝ տոնական խնջույքին խմում են չորսից հինգ բաժակ և դրանից հետո մի քանի շաբաթ ոչինչ չեն խմում) ընդհանրապես չխմող դեռահասների համեմատ ուղեղի աշխատանքի տարբերություններ են արձանագրվում:

www.ita.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook