Ինչ է հիպոթիրեոզը, որոնք են դրա զարգացման պատճառներն ու հիմնական ախտանշանները
Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որը հաճախ ախտորոշվում է 60 տարեկանից բարձր կանանց մոտ: Չնայած նման միտմանը՝ որոշ դեպքերում հիպոթիրեոզը կարող է ի հայտ գալ նաև ավելի վաղ տարիքում: Այս հիվանդությունը բնորոշվում է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարմամբ, որի դեպքում գեղձը դադարում է բավարար քանակությամբ հորմոն արտադրել:
Հիպոթիրեոզի զարգացման պատճառ կարող են հանդիսանալ օրգանիզմում յոդի պակասը, հիպոֆիզի գործառույթների խանգարումը, վնասվածքներն ու վիրահատական միջամտությունները, ինչպես նաև աուտոիմունային հիվանդությունները: Նման դեպքերում հարկավոր է առավել ուշադիր լինել և հետևել օրգանիզմի տված ազդանշաններին:
Նման ախտանշանների շարքին են դասվում.
Քաշի կտրուկ ավելացումը. այս ախտանշանը կարող է վկայել նաև այլ խնդրի մասին, սակայն ամեն դեպքում քաշի անբացատրելի ավելացման չպետք է անուշադրության մատնվի: Նման դեպքերում հարկավոր է անպայման բուժզննում անցնել խնդրի հնարավոր պատճառը հայտնաբերելու համար:
Հաճախակի հոգնածության զգացում. առանց որևէ ակնհայտ պատճառի հաճախակի հոգնածության զգացումը նույնպես կարող է պայմանավորված լինել հիպոթիրեոզով: Բանն այն է, որ այս հիվանդությունը նպաստում է արյան շրջանառության խանգարման, ինչի հետևանքով բջիջները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում:
Խոլեստերինի մակարդակի բարձրացում. այս ախտանշանը նույնպես կարող է վկայել վահանագեղձի աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, ուստի այն չի կարելի անուշադրության մատնել:
Տրամադրության կտրուկ փոփոխություններ ու ցրվածություն. այս հիվանդությանը բնորոշ են նաև դյուրագրգիռությունն ու ճնշվածության զգացումը: Ընդ որում, որոշ դեպքերում վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումը կարող է դառնալ անգամ դեպրեսիայի պատճառ:
Մաշկի, եղունգների ու մազերի չորություն և մկանային ցավեր. այս փոփոխությունները նույնպես կարող են պայմանավորված լինել հիպոթիրեոզով, իսկ երբեմն էլ այս հիվանդության մասին կարող են վկայել անգամ հաճախակի փորկապությունները:
Դաշտանային ցիկլի խանգարումներ. վահանաձև գեղձի հորմոնները շատ կարևոր նշանակություն ունեն նաև վերարտադրողական համակարգի առողջության համար, ուստի հիպոթիրեոզի մասին վկայող ախտանշաններից կարող են լինել նաև դաշտանային ցիկլի խանգարումներով: Այդ խանգարումները դրսևորվում են ինչպես դաշտանի տևողության ու հաճախականության փոփոխություններով, այնպես էլ առատ արյունահոսություններով:
Նյութի աղբյուրը՝med.tert.am