Saturday, April 27, 2024
Նորություններ

Խորհրդարանը քննարկել է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75.000 դրամ դարձնելու հարցը

Համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 68.000 դրամից բարձրացնել եւ դարձնել 75.000 դրամ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ՀՀ ԱԺ հերթական նիստերի ընթացքում:

 Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
 Կառավարության հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է նոյեմբերի 15-ին:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել ամսական եւ ժամային տարիֆների դրույթների չափերում` բարձրացնելով այն: Նախաձեռնությունը բխում է Կառավարության գործունեության ծրագրից: Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի են առնվել ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաեւ երկրի մակրոտնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվություն պարունակող բազաների վերլուծության արդյունքները: Նախագծերի փաթեթը գլխադասային հանձնաժողովում քննարկվել եւ արժանացել է դրական եզրակացության:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը, նշելով, որ նախագծերի փաթեթը Կառավարության ծրագրերի իրականացման գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում, ընդգծել է, որ Կառավարությունը սահմանել է նվազագույն աշխատավարձը մինչեւ 2026 թ. դարձնել 85.000 դրամ:

 Նա հավելել է, որ 2022 թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանում սահմանվել է ռեկորդ աշխատատեղերի մասով. գրանցվել է 691.000 աշխատատեղ: 2018 թ. սեպտեմբերից մինչեւ 2022 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվն ավելացել է 108.000-ով: «Նվազագույն աշխատավարձի ամրագրումը ոչ միայն ֆինանսական արտահայտում ունի, այլեւ պարունակում է որոշակի սոցիալական երաշխիքներ»,- եզրափակել է հարակից զեկուցողը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook