Tuesday, April 30, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Կրծքով կերակրում. որո՞նք են ամենահաճախ հանդիպող խնդիրները և կարելի՞ է, արդյոք, դիմել ավանդական բուժամիջոցների

Կրծքով կերակրման ընթացքում ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։ 

– Հնարավոր է՝ ծագեն բազմաթիվ խնդիրներ՝ պտուկի ճաքեր, մաստիտ, ծորանի փակման խնդիր, բարձր ջերմություն։ Ի դեպ, կերակրող կնոջ օրգանիզմում ցանկացած փոփոխության ժամանակ առաջինը հենց կուրծքն է արձագանքում դրան։

– Ի՞նչ կանոնների պետք է հետևել՝ դրանցից խուսափելու համար։ 

– Առաջին հերթին պետք է ճիշտ կերակրել, պահել ժամանակահատվածը, այսինքն՝ 3 ժամը մեկ կերակրել։ Պետք է թողնել, որ գիշերը երեխան մոտ 4 ժամ հանգիստ քնի։ Ծննդաբերությունից հետո առաջին 10 օրը պետք է լինել մաքսիմալ ուշադիիր կրծքի նկատմամբ, քանի որ հենց այդ օրերին երեխան քիչ է ուտում, և կաթը շատ է լցվում կրծերի մեջ։ Հետևաբար խեժի դուրս գալն էլ ավելի է դժվարանում, քան կաթի։ Պետք է լինել ուշադիր, անհրաժեշտության դեպքում կերակրելուց հետո պետք է դատարկել կաթը։

– Որո՞նք են առաջին ախտանշանները, որոնց պետք է ուշադրություն դարձել և անհանգստանալ։

– Առաջին ախտանշաններն են կրծքի ցավը, կոշտությունը, կարմրությունը և, իհարկե, ջերմության բարձրացումը։

– Սովորաբար կրծքով կերակրող կանայք, ինչպես դուք նշեցիք, գանգատվում են, որ կուրծքը «քարացել» է, կարմրել է ու ցավում է։ Ինչի՞ մասին է դա վկայում և ի՞նչ պետք է անել այդ իրավիճակում։ 

– Դա կոչվում է լակտոստազ (ծորանի խնդիր)։ Դա տեղի է ունենում, երբ երեխան սկսում է քիչ ուտել, և կաթը խտանում, հավաքվում է կրծքի մեջ։ Այդ ընթացքում խորհուրդ է տրվում շատ հեղուկներ օգտագործել՝ կաթը նոսրացնելու և հեշտ դուրս բերելու համար։ Կերակրող մայրը պետք է օրվա ընթացքում օգտագործի շուրջ 2-2.5 լիտր հեղուկ։

– Շատ հաճախ կանայք դիմում են ավանդական բուժամիջոցների, օրինակ՝ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված մեղրամոմի քսուքներ։ Արդո՞ք դա ընդունելի տարբերակ է։

– Միանշանակ դա ընդունելի տարբերակ չէ, քանի որ մեղրամոմից պատարստված քսուքները կամ հենց մեղրը դնելուց հետո հնարավոր չի լինում կաթը կրծքից հանել. կարծրանում է, և առաջանում է մաստիտ։ Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մեղրամոմը դնելուց և 6 ժամ պահելուց հետո մեղրը տաքացնում է ծորանները, ու կաթը կարծրանում է։ Խորհուրդ է տրվում առաջին 7 օրերին տաք պահել կուրծքը։ Բայց դա չի նշանակում, որ տաք մեղր պետք է օգտագործել։ Չորության և նման խնդիրների դեպքում կարելի է օգտագործել մաքուր լանոլին, որն անվտանգ է երեխայի համար։ Մնացած բոլոր քսուքները և խոնավ անձեռոցիկները երեխայի համար վնասակար են։ Այդ քսուքների վրա գրված է, որ խորհուրդ է տրվում քսելուց հետո լվանալ կուրծքը, բայց օրվա ընթացքում միայն մեկ անգամ է թույլատրվում լվանալ կուրծքը, քանի որ հնարավոր է՝ անգամ ջրից չորանա։

Նյութը ՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook