Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հայաստանում առաջին անգամ «Շենգավիթ» բկ իրականացվել է եզակի վիրահատություն՝ լյարդի ցիրոզի հետևանքով առաջացած ստամոքս-աղիքային արյունահոսության վիրահատական բուժում․

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՍՏԱՄՈՔՍԻ ՎԱՐԻԿՈԶ ԼԱՅՆԱՑԱԾ ԵՐԱԿՆԵՐԻ ԷՄԲՈԼԻԶԱՑԻԱ, ՀԱՐԿԵՐԱԿՐԱՓՈՂԱՅԻՆ ԵՐԱԿՆԵՐԻ ՍԿԼԵՐՈԷՄԲՈԼԻԶԱՑԻԱ
«ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-Ի ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՓՐԿՎԵԼ Է 51 ԱՄՅԱ ՀԻՎԱՆԴԻ ԿՅԱՆՔԸ

Հայաստանում առաջին անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ լյարդի ցիրոզի հետևանքով առաջացած ստամոքս-աղիքային արյունահոսության վիրահատական բուժում․ TIPS-ի փորձ, BRTO ստամոքսի վարիկոզ լայնացած երակների էմբոլիզացիա, հարկերակրափողային երակների սկլերոէմբոլիզացիա , որը Եվրոպայում համարվում է նոր մեթոդ:
51-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակը ստամոքսի և կերակրափողի երակների էմբոլիզացիան էր, որը Հայաստանում երբևէ չի կատարվել:
Հիվանդը ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ 21.10.21թ․ ծանր վիճակում, ընդհանուր թուլությամբ, սրտխառնոցով, փսխումներով (թարմ արյան և մակարդուկների տեսքով):
Զարկերակային ճնշումը եղել է 60/40 մմ․ս․, մաշկային ծածակույթը խիստ գունատ,գիտակցությունը պահպանված, սակայն արգելակված:
Կատարվել են գործիքային և լրացուցիչ հետազոտություններ, գաստրոսկոպիա, համակարգչային տոմոգրաֆիա կոնտրաստով, որը հաստատել է արտահայտված լյարդի ցիրոզը:
Ախտորոշվել է լյարդի ցիրոզ, կերակրափողի երակների վարիկոզ լայնացում, կրկնված սուր արյունահոսությամբ՝ հեմոռագիկ շոկ 1-3րդ աստիճանի:
Մինչև վերջին ժամանակներն այս հիվանդությունը բուժվում էր բավականին բարդ՝ հաճախ դժբախտ ելքով:
Անմիջապես տեսակապով իրավիճակը քննարկվել է Մոսկվայի մեր գործընկերների՝ ռուսաստանաբնակ անվանի բժիշկ, պրոֆեսոր Գարիկ Մանուկյանի և սիրտ-անոթային վիրաբույժ Սվյատոսլավ Մալովի հետ, որոնք այս խնդրով զբաղվող ՌԴ-ում միակ մասնագետներն են: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ միակ մեթոդը հիվանդին փրկելու ստամոսքի երակների էմբոլիազացիան է ՝ էնդոսկոպիկ եղանակով:
Քանի որ հիվանդի տեղափոխումը Մոսկվա անհնար էր , ապա «Շենգավիթ» ԲԿ-ի հատուկ հրավերով մասնագետները շտապ կարգով ժամանել են Երևան:
Մինչ մասնագետների ժամանումը, հիվանդին «Շենգավիթ» ԲԿ-ում ձեռնարկվել են բոլոր նախապատրաստական միջոցառումները, վիճակը կայունացվել է, դադարեցվել է արյունահոսությունը:
Մոսկվայից ժամանած մասնագետների՝ պրոֆեսոր Գարիկ Մանուկյանի և սիրտ-անոթային վիրաբույժ Սվյատոսլավ Մալովի և «Շենգավիթ» ԲԿ-ի փորձառու բժիշկների՝ անոթային և էնդովասկուլյար ծառայության ղեկավար, բ․գ․թ․ Արա Թադևոսյանի, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայության ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Աշոտ Ամրոյանի, «Շենգավիթ» ԲԿ փոխտնօրեն և վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ, դոցենտ Սևակ Շահբազյանի շնորհիվ Հայաստանում առաջին անգամ կատարվել է TIPS-ի փորձ, BRTO ստամոքսի վարիկոզ լայնացած երակների էմբոլիզացիա, հարկերակրափողային երակների սկլերոէմբոլիզացիա : Այսինքն ստամոքսի վարիկոզ լայնացած երակները հատուկ պարույրների միջոցով էմբոլիզացիայի են ենթարկվել:
Հիվանդի կյանքը հնարավոր է եղել փրկել բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի ու բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ:
Վիրահատությունը կատարվել է տեղային անզգայացման տակ և տևել է 4,5 ժամ:
Կայուն վիճակում տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Վիրահատությունից հետո հիվանդը շարունակել է ստանալ կոնսերվատիվ բուժում, 10 օր գտնվել է գաստրոէնտերոլոգի, էնդոկրինոլոգի հսկողության տակ, կատարվել է կրկնակի հետազոտություն որի արդյունքում դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում:

«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկները Հայաստանում առաջինն են կիրառել ինովացիոն այս մեթոդը: Առաջիկայում այս ուղղությունը կզարգացվի կլինիկայում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook