Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հայ երեխան հնարավորինս շուտ պիտի գիտակցի, որ հասարակության մի մասն է

«Շողակն Արարատյան» ամսաթերթի զրուցակիցը մանկագիր Օլգա Դարյանն է:

-Տիկի՛ն Դարյան, մեր օրերում, երբ երեխաների առօրյան լցնող բազմաթիվ միջոցներ կան, որքանո՞վ է գիրքը գրավում փոքրիկ ընթերցողին, և որքանո՞վ է պահանջված մանկական գրականությունը:

-Դուք իրավացի եք, մեր օրերում երեխաները ուրիշ հետաքրքրություններ են գտնում՝ գերադասելով համակարգչային խաղերը, զվարճալիքները։ Գիրքը հետին պլան է մղվել։ Ցավոք, դա ձևավորվել է տարիների ընթացքում։ Պահ եղավ, որ որ այդ բացը հասավ մի վտանգավոր կետի և ստիպեց մեր հասարակությանը սթափվել։ Դպրոցները, գրադարանները, մշակույթի կենտրոնները փորձում են վերականգնել բաց թողածը և երեխաների մեջ սեր արթնացնել դեպի գիրքը, գրականությունը։ Հաճախակի են դարձել մանկագիրների հանդիպումները նախակրթարաններում, դպրոցներում, գրադարան ներում։ Մեզանում արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Գիրք նվիրելու օրը, որը նշվում է Մեծն Թումանյանի ծննդյան օրը և վերածվում իսկական տոնի, ինչը նպաստում է գրքի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն։

-Ի վերջո, ովքե՞ր են մանուկների սիրելի հերոսները:

-Ձեր այս հարցին կարելի է շատ հակիրճ պատասխանել՝ ասելով, որ փխրուն հոգեկերտվածք ունեցող երեխայի հերոսը միշտ բարին է՝ չարին հաղթող բարին, նրա երազանքների բարի, հնարամիտ և ուժեղ հերոսը։ Ինձ թվում է՝ երեխայի համար նախընտրելի են այն հերոսները, որոնց նա կուզենար նմանվել, որոնք կօգնեին, որ ավելի հանգիստ և ապահով զգա իրեն այս բարդ աշխարհում, որոնք ուրախ են և կարող են ծիծաղեցնել․․․ Բարեգութ լինելով՝ մանուկները սիրում են նաև այն հերոսներին, որոնք, հենց իրե՛նք, օգնության կարիք ունեն, ում սիրով ձեռք կմեկնեին, եթե հանդիպեին․․․ Այդուհանդերձ, նրանք բոլորից շատ կսիրեն երևի այն հերոսին, որն իր սեփական օրինակով սովորեցնում է ապրել և ավելի ուժեղ լինել։

-Մանուկը (առավելապես՝ հայ) ինչի՞ կարիք ունի մեր դարաշրջանում:

-Մեր ժամանակները, հատկապես վերջին տարիները, շատ լարված և անբարենպաստ են եղել մեզ համար՝ պանդեմիա, պատերազմներ… Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ աճող սերնդի հոգեվիճակի վրա։ Հայ մանուկը այսօր ունի հաստատուն հայրենիքի, սեփական ապահովության, անգամ՝ վստահելու կարիք։ Գիտե՞ք, թե նա ինչու է այդքան վստահում հեքիաթին, ապահով զգում նրանում, որքան էլ այն սարսափելի լինի․․․ Որովհետև այն պարտավոր է լավ ավարտ ունենալ։ Հեքիաթը շատ նման է այն տնակին, որ երեխան պատրաստում է զանազան իրերից, որպեսզի պատսպարվի այնտեղ․․․ Կարևոր բարելավումներից կնշեմ նաև սոցիալական բարելավումները (քանի դեռ կան սոցիալապես անապահով, որպես կանոն, բազմազավակ ընտանիքներ), նախակրթական և դպրոցական ուսումնական ծրագրերի, դասագրքերի վերանայումը։ Հայ երեխային այժմ, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է որակյալ կրթություն, մեր պատմության իմացություն, ֆիզիկական և հոգեկան ամրություն։ Այս ամենի համար շատ մեծ են բոլորիս անելիքները։

-Հիմա՝ այս անխաղաղ ժամանակներում, ինչպե՞ս պահպանել ներքին խաղաղությունը՝ փոքրիկներին չփոխանցելով բացասական զգացողություններ: Ո՞րն է Ձեր տարբերակը:

-Պատերազմական օրերին շատ եմ մտածել այդ մասին, երբ ուզում էի երեխաներին, իմ ընթերցողներին իրականությունից շեղելու համար ուրախացնել, զվարճացնել այս կամ այն գրվածքով։ Միևնույն ժամանակ, ինձ հասկանալի դարձավ այն, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ։ Մեզ էլ էին խնայում մեր մեծերը, սովետական դպրոցն էլ ամեն բան անում էր, որ մենք անտեղյակ լինենք մեր դարավոր պատմությունից ու նրա ցավոտ էջերից։ Ինչի՞ հասանք։ Որպես մանկագիր՝ որոշեցի երեխայի հետ զրուցելու համար, իր գիտակցությանը համապատասխան, ավելի մատչելի ուղիներ փնտրել և հասկացա, որ ամենադժվարը երեխաների հետ պատերազմից խոսելն է, պատերազմի մասին մանկական ստեղծագործություն գրելը․․․ Թվում է, թե ցանկալի կլիներ այս ամենից երեխային մեկուսացած և անտեղյակ պահելը, բայց ես համաձայն չեմ դրա հետ։ Խնայելով մենք նրանց սրվակի մեջ ենք մեծացնում։ Երեխան հույզերի կծիկ է, նա ամեն բան տեսնում, զգում և հասկանում է՝ որքան կարող է։ Մեր իրողությունն այնպիսին է, որ ավելի լավ է շատ նրբորեն անդրադառնանք ստեղծված իրավիճակին, անկեղծ լինենք նրանց հետ, չվախենանք խոստովանել մեր սխալները, իհարկե, երեխայի համար հասկանալի լեզվով և թույլատրելի չափով։ Հայ երեխան հնարավորինս շուտ պիտի գիտակցի, որ հասարակության մի մասն է, որ պարտականություններ ունի հայրենիքի հանդեպ, որ ինքը սկսվում է հայրենիքից, իսկ հայրենիքը շարունակվում է իրենով։

-Ձեր մաղթանքը՝ մեր ընթերցողին…

-Երբ բոլորիս մտքերն ու աղոթքները ուղղված են դեպի մեր հայրենի սահմանները, ցանկությունս մեկն է՝ մեր հայրենիքի ճակատագիրը լուծվի արդար, օրինական ճանապարհներով, որ վերջապես կուռ լինի մեր հասարակությունը, միաբանվի հանուն Հայաստանի գոյատևման։
Երանի այն օրվան, երբ գերված և ազատագրված մեր եկեղեցիների կողքին վեր կխոյանան հայոց հաղթակամարները․․․ Մենք մեր հայրենանվեր գործերով պիտի կառուցենք դրանք։ Յուրաքանչյու՛րս՝ թեկուզ փոքր չափի մի քար ավելացնելով․․․

Պատրաստեց
Սիրանուշ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆԸ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook