Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հոգեբանը խորհուրդներ է տալիս, թե ինչ է պետք անել պատերազմի ժամանակ սթրեսներից խուսափելու համար

Մեր երկիրը, ցավոք, վերջին տարիներին պարբերաբար հայտնվել է պատերազմական իրավիճակում, իսկ պատերազմները, պարբերաբար կրկնվող ռազմական գործողությունները տարբեր բացասական հետևանքներ են թողնում բնակչության վրա: Այդ հետանքներից մեկն էլ հոգեբանական խնդիրներն ենմ որոնք մեղմացնելու, քաղաքացիներին օգնելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժինը շուրջօրյա ծառայություններ է տրամադրում քաղաքացիներին:

«Արմենպրես»-ի «Հարց Բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչ Հասմիկ Ղուշչյանի հետ անդրադարձել ենք  պատերազմական իրավիճակում քաղաքացիներին հոգեբանական ծառայություն տրամադրելու կարևորությանը։

Մասնագետն ընդգծեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության բաժինը շուրջօրյա հոգեբանական աջակցություն է ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել քաղաքացիներին, ովքեր ինչ-որ կերպ տուժել են ռազմական գործողությունների ընթացքում կամ որևէ առնչություն են ունեցել դրանց հետ:

«Համապատասխան աջակցություն  է ցուցաբերվում մեր թեժ գծերին, ինչպես նաև  911 զանգահարելու միջոցով: Քաղաքացիների հետ նաև կապ ենք հաստատում հոգեբանական աջակցության բաժնի նախաձեռնությամբ՝ ելնելով իրավիճակից կամ մեզ հասած տեղեկություններից: Նշեմ, որ թվային առումով զանգերի քանակը, եթե համեմատենք 44-օրյա պատերազմի հետ, վերջին ռազմական գործողությունների դեպքում  ավելի քիչ են»,- ասաց հոգեբանը:

 

Ըստ նրա՝ ծառայությանը դիմող քաղաքացիները կարող են լինել զինծառայողների ծնողներ, ովքեր ունեն զուտ ճիշտ տեղեկատվության կարիք:  Լինում են ընկերներ, հարազատներ, որոնց զինծառայողները, ցավոք, այս պահին անհետ կորած են համարվում: «Նրանք տեղեկատվություն ստանալու նպատակով զանգահարում են 911 հեռախոսահամարին, եթե մենք տեսնում ենք, որ կա կարիքը, կապ ենք հաստատում, փորձում ենք օգնել նրանց, քանի որ հոգեբանական տեսակետից դժվար է հաղթահարել նման իրավիճակը»,-ասաց նա:

Մասնագետը խորհուրդ տվեց պատերազմական իրավիճակում  հոգեբանական բարդ վիճակից դուրս գալու համար հետևել միայն ճշգրիտ տեղեկատվական աղբյուրներին: Երկրորդը՝ պետք է փորձել շատ շփվել  հասարակության հետ, քանի որ, սովորաբար նմանատիպ իրավիճակները մարդկանց հաճախ մեկուսացնում են: Երրորդը՝ պետք է ամեն դեպքում զգոն լինել, քանի որ Հայաստանը շրջապատված է երկրներով, որոնք ամեն րոպե պատրաստ են պատերազմելու:

Ի՞նչ օգնություն է առաջարկում քաղաքացիներին ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժինը, որո՞նք են մարտական և կենցաղային սթրեսի տարբերությունները. այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook