Monday, May 6, 2024
Նորություններ

Մալարիան՝ հանրային առողջապահության գերակա խնդիր աշխարհում

Աշխարհի բազմաթիվ երկրների համար մալարիան շարունակում է մնալ հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ շուրջ 2 միլիարդ մարդ ապրում է մալարիայի մշտական սպառնալիքի ներքո: Թեև 2000 թվականից մալարիայի հիվանդացությունն աշխարհում զգալիորեն նվազել է, ներկայումս էլ տարեկան շուրջ 500 հազար մարդ մահանում է այս հիվանդությունից:

1994-ից Հայաստանում սկսել են արձանագրվել «եռօրա մալարիայի» դեպքեր, որոնք շարունակվել են մինչև 2005 թվականը: Համակարգված պայքարի շնորհիվ 2006-ից Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

2006 թվականից մեր երկրում արձանագրվել են մալարիայի միայն եզակի բերովի դեպքեր: Այս տարի Հայաստանում գրանցվել է մալարիայի բերովի 6 դեպք, որոնցից 5-ը Աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ, 1-ը՝ Հնդկաստանի քաղաքացու մոտ։ Հիվանդները հոսպիտալացվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել բուժում։ Արձանագրված մալարիայի բերովի 6 դեպքի առնչությամբ իրականացվել են համաճարակաբանական և միջատաբանական հետազոտություններ։

Մալարիայի տարածումը պայմանավորված է Անոֆելես ցեղի մոծակներով, որոնք տարածված են նաև Հայաստանում։ Վարակը փոխանցվում է միայն մոծակի խայթելու միջոցով: Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային և շփման եղանակով, ուստի անմիջական շփման ժամանակ վտանգավոր չէ շրջապատող մարդկանց համար:

Ներկա փուլում մալարիայի համաճարակաբանական հսկողության հիմնական խնդիրը մալարիայի համաճարակային բարվոք իրավիճակի պահպանումն է՝ բերովի դեպքերի վաղ հայտնաբերման և բուժման միջոցով: Այդ նպատակով, առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացնել հսկողությունը մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց նկատմամբ՝ բերովի դեպքերից մալարիայի տեղական դեպքերի առաջացումը և մալարիայի կրկին արմատավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում բացառելու նպատակով։

Մալարիայի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով մալարիայի նկատմամբ անապահով տարածաշրջաններից ժամանած անձանց հորդորում ենք իրականացնել արյան լաբորատոր հետազոտություն:

Մալարիայի հետազոտությունները կարող են իրականացվել բոլոր կլինիկախտորոշիչ լաբորատորիաներում՝ կիրառելով արյան հաստ կաթիլի և քսուքի հետազոտման մեթոդը, նմուշառումը՝ մատից։ Հետագայում պատրաստուկները հսկողական հետազոտության են ենթարկվում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծաբանական լաբորատորիայում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook