Sunday, April 28, 2024
Նորություններ

Միջազգային ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը՝ քննարկման թեմա

Հայաստանյան առողջապահական համակարգում կլինիկական միջազգային ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանն առնչվող ամենատարբեր հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և հանրապետության գլխավոր մասնագետների հանդիպման ժամանակ:

Առողջապահական ուղեցույցների և գործելակարգերի թարգմանումն ու հայաստանյան համակարգում դրանց ներդրումը նախատեսված է կառավարության ծրագրով և ընթացքի մեջ է: Սա ենթադրում է բուժման որակի և արդյունավետության բարձրացում, համակարգում միջազգայնորեն ընդունված և գիտական հիմք ունեցող չափորոշիչների ներդրում:

Ավելի քան 3 տասնյակ մասնագետների հետ հանդիպման ժամանակ նախարարը հորդորել է խոսել անկաշկանդ ու բարձրացնել իրենց մտահոգող ու հետաքրքրող հարցերը, որոնք առնչվում են ուղեցույցների և գործելակարգերի թարգմանությանը, ներդրմանը, դրանցով առաջնորդվելու կարևորությանն ու խնդիրներին:

Որոշ մասնագետներ կիսվել են արդեն ուղեցույցներով առաջնորդվելու իրենց փորձով, ներկայացրել իրենց կարծիքը՝այս փաստաթղթերը պարտադիր, թե խորհրդատվական բնույթ պետք է կրեն բժիշկների համար:  Ընդգծվել է բուժման միջազգային մոտեցումների հիման վրա կազմված ուղեցույցներն ուսումնական ծրագրերում ընդգրկելու կարևորությունը, դրանց շարունակական թարմացումը: Մասնագետներից ոմանք առաջարկել են,  միջազգային պրոտոկոլների վրա հիմնվելով, ազգային պրոտոկոլներ ստեղծել՝ հաշվի առնելով հայաստանյան համակարգի խնդիրները, կլինիկաների վիճակը, սեփական փորձն ու հնարավորությունները:

Արսեն Թորոսյանը նկատել է, որ մասնագիտական որոշ ուղղությունների դեպքում պրոտոկոլներով առաջնորդվելը պարտադիր է, քանի որ դա պաշտպանում է և հիվանդին, և բժշկին: Կան նաև իրավիճակներ, երբ ուղեցույցներն ու գործելակարգերը պետք է խորհրդատվական բնույթ կրեն բժիշկների համար:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել թեմային առնչվող մանրամասները քննարկել նաև առաջիկա այլ հանդիպումների ընթացքում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook