Wednesday, May 8, 2024
ՆորություններԺամանց

Յոգա

Յոգան (Սանսկրիտ योग yóga, կապ) ֆիզիկական, մտավոր, հոգևոր ավանդական կանոնների միասնություն է: Կազմավորվել է հին արիական քաղաքակրթություն կոչվող հնդեվրոպական նախահայրենիքի ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում զուգահեռաբար, ապա վերոնշյալ քաղաքակրթության անկումից հետո պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում։ Աշխարհում ավելի լայն ճանաչում ունի հաթհա յոգան և ռաջա յոգան: Յոգա բառը հաճախ ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում, ջայնիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ:

Ստուգաբանություն

«Յոգա» բառը (դևանագարի՝ योग) սանսկրիտից թարգմանաբար ունի բազմաթիվ նշանակություններ։ Կազմված լինելով սանսկրիտի յուջ արմատից, որը նշանակում է կառավարել, լծել կամ միավորել, «յոգա»-ն նաև թարգմանվում է որպես միություն, միավորում, կապ, իմաստ, ներլուծում։ Սակայն հիմնական իմաստներից մեկն է կապ, կապ ներաշխարհի, շրջապատի մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ։

Յոգա կիրարկողները, յոգայի փիլիսոփայության հետևորդները, ովքեր ձեռք են բերում բարձր կարգի կարողություններ, անվանվում են յոգինի (կանանց դեպքում) և յոգի (նաև յոգին) (տղամարդկանց դեպքում)։

Ակունքներ

«Յոգա» բառը հաճախ ասոցացվում է հինդուիզմում, բուդդիզմում և ջայնիզմում հանդիպող ֆիզիկական և մեդիտատիվ վարժանքների հետ, սակայն դա չի նշանակում, որ յոգան ի սկզբանե հինդուիստական, բուդդիստական կամ ջայնիստական համակարգ է։ Յոգա գիտության ակունքը (մինչև Պատանջալի իմաստունի կողմից «Յոգա սուտրա» աշխատության մեջ շարադրվելը) հին արիական քաղաքակրթության մտքի գլխավոր հեղինակություն հանդիսացող չորս Վեդաներն են՝

  1. Ռիգվեդա,
  2. Յաջուրվեդա,
  3. Սամավեդա,
  4. Աթհարվավեդա։

Այն կարծիքը, թե յոգան հինդուիզմի մի մաս է կազմում և հինդուիզմում առկա վեց Հնդկական ուղղափառ (օրթոդոքս) փիլիսոփայական ուղղություններից մեկն է (որի հիմնական նպատակը վարժանքն է), չի բխում յոգայի մասին պատմական փաստերից։ Ջայնիզմում յոգան ներկայացվում է իբրև հոգևոր, մտավոր և ֆիզիկական գործողությունների համախումբ, սակայն ավանդական յոգայի համակարգից հեռացված լինելու պատճառով ջայնիզմը չի հանդիսանում յոգա գիտության վստահելի աղբյուր։

Աշտանգա յոգա

Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում։ Աշտանգա յոգա կոչվող այս ոճը, որը սանսկրիտում նշանակում է ութփուլանի յոգա, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու համալիր համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են՝ մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ։ Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում այդ գործընթացը՝ ինքնաբացահայտման շնորհիվ։

Յոգայի փուլեր

Աշտանգա յոգայի ութ փուլերն են.

  1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր),
  2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում),
  3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր),
  4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում),
  5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում),
  6. Դհարանա (կենրոնացում որևէ որոշակի օբյեկտի վրա),
  7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում),
  8. Սամադհի (գերգիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեզ շրջապատող աշխարհը՝ մեր կյանքի ուղին առավել բավականությամբ ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)։

Հինդուիզմում

 cd-tracks-730x500
Յոգայի դիրքերից (ասանաներից)՝ Ողջույն Արևին դիրքը։ Յոգայի մասնագետ՝ Վահագն Վարդումյան:
Լուսանկարի հեղինակ՝ Հասմիկ Սմբատյան։ Լուսանկարված է Երևանի Լոտուս Կենտրոնում։

Հինդու փիլիսոփայությունում (որը յոգայի համակարգի ստեղծումից և զարգացումից շատ ավելի ուշ ծագած մշակութային շերտ է և չի արտահայտում յոգայի մասին ողջ ճշմարտությունը) որպես յոգայի գլխավոր ուղղություններ ներկայացվում են.

  1. ջնանա յոգան (գիտության),
  2. բհակտի յոգան (նվիրման կամ պաշտության),
  3. կրիյա յոգան (հմտության, ընդգրկում է նաև հաթհա յոգան),
  4. կարմա յոգան (ծառայության),
  5. ռաջա յոգան (ինտեգրալ, ընդգրկում է բոլոր չորս ուղղությունները)։

Սակայն, յոգայի առավել հավաստի աղբյուրներն ու իրական հիմքը պատմականորեն անհամեմատ ավելի հին են, քան հինդու փիլիսոփայությունը, ուստի անհրաժեշտ է որպես յոգայի մասին հիմնավոր գիտելիք ու հեղինակություն ընդունել Վեդաները, այլ ոչ թե ուշ շրջանի կրոնական աղավաղումներով հարուստ, գիտական առումով աղքատիկ աղբյուրները։

Այն հանգամանքը, որ միջին դարերից ի վեր յոգայի ամբողջական, այսինքն ութփուլանի (աշտանգա) դասական համակարգը պարբերաբար ենթարկվել է արհեստական մասնատումների հինդուիստական կամ այլ կրոնական ինստիտուտների կողմից, բացատրվում է կրոնական վերնախավի անհամեմատ ավելի մեծ ձգտմամբ դեպի հեշտ արդյունքներ, դեպի իշխանություն և երկրային հարստություններ։

Հինդու փիլիսոփայության մեջ յոգան Սամքյա ավանդույթի մի մասն է կազմում։ Տարբեր ժամանակներում ստեղծված սանսկրիտով, ինչպես նաև սանսկրիտից բխած հարակից այլ լեզուներով տեքստեր առավել անաչառ կերպով են անդրադառնում յոգա գիտությանը, ինչպիսիք են օրինակ՝

  • չորս Վեդաներ
  • Ենթավեդաներ
  • Ռամայանա
  • Մահաբհարաթա
  • Ուպանիշադներ
  • Բհագավադ Գիտա
  • Պատանջալի Յոգա Սուտրա

Մինչդեռ կան աղբյուրներ, որոնք քննարկում են յոգան արդենկրոնական ազդեցություններով լի փիլիսոփայական տեսանկյուններից, որոնցում յոգան հնարավորինս հարմարեցված է տվյալ ժամանակի և իշխող կրոնական վերնախավի նպատակներին։ Այդպիսիք են.

  • Հաթհա Յոգա Պրադիպիկա
  • Շիվա Սամհիթա
  • զանազան Տանտրաներ:

Կիրառություն

Յոգայի յոթ չակրաներ

Հիմնականում Հնդկաստանից դուրս Յոգան ասոցացվում է.

  • աշտանգա յոգայի ստատիկ և դինամիկ տարատեսակների,
  • հաթհա յոգայի և նրանում կիրառվող Ասանաների (ֆիզիկական վարժանքներ, դիրքեր),
  • պրանայամայի (շնչառական վարժություններ),
  • մեդիտացիայի (մտակենտրոնացման վարժություններ) հետ։

Սակայն աշխարհում աստիճանաբար աճում է յոգայի ամբողջական համակարգի է՛լ ավելի խորն ուսումնասիրման ու դասական յոգան հասարակությանը մատուցելու միտումը։ Այս համակարգն ամենից լավ պահպանվել է Հնդկաստանի Հիմալայների արիական դպրոցներում, տաճարներում և աշրամներում, որոնք չունեն կրոնական բովանդակություն կամ ազդեցություններ։ Հիմալայան դպրոցների ներկայացուցչություններ կան նաև Հնդկաստանի այլ մասերում, սակայն գիտելիքների հիմնական աղբյուրն ու ամենից վստահելի հեղինակությունները հենց Հիմալայներում են։ Սա բացատրվում է այն հանգամանքով, որ հիմալայան յոգան, ի տարբերություն այլ համակարգերի, կարող է լիարժեք լինել միայն տեսության ու պրակտիկայի հավասարաչափ ապահովման դեպքում, որի համար Հիմալայներն իսկապես երկրագնդի լավագույն վայրերից են հանդիսանում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook