Sunday, April 28, 2024
Նորություններ

Նախարարն ընդունել է Գյումրու երիտասարդ բժիշկներին

Գյումրու բժշկական կենտրոնի երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացել է յուրաքանչյուրի տրամադրած ծառայությունների ծավալին, մասնագիտական ծանրաբեռնվածությանը, ինքնազարգացման ծրագրերին և աշխատանքում ծագող խնդիրներին։

Երիտասարդ նեղ մասնագետները ներկայացրել են բժշկական կենտրոնում առկա կադրային ներուժը, մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման և դրանց ծավալների մեծացման իրենց տեսլականը։  123

Ողջունելով երիտասարդ բժիշկների մոտեցումները` նախարարը հորդորել է մասնագիտական գործունեությանը զուգընթաց հետազոտական աշխատանքներ կատարել, որոնք հետագայում կարող են գիտական թեզի հիմք դառնալ։ Նա նաև առաջարկել է առավել ակտիվորեն օգտվել հեռաբժշկության հնարավորություններից և բարդ դեպքերը մշտապես վերլուծել մայրաքաղաքի առաջատար մասնագետների հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստումների շարունակականության ապահովումը, առցանց կրթական ծրագրերին ընդգրկվելը, ինչպես նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը։

Լևոն Ալթունյանն իր երիտասարդ հյուրերին ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող և  նախագծվող ծրագրերին և դրանցից ակնկալվող արդյունքներին։

Երիտասարդ բժիշկները Լևոն Ալթունյանի առանձնասենյակում ծանոթացել են նախարարության գերակա ծրագրերի իրականացման ժամանակացույցերին։

Անկաշկանդ քննարկման ընթացքում Գյումրու ԲԿ-ի մասնագետներն անդրադարձել են նաև բժշկի պաշտպանվածությանը, հիվանդ-բժիշկ փոխհարաբերություններում վստահության վերականգնմանը վերաբերող և այլ հարցերի։

«Մեր նպատակն է Հայաստանի բժշկությունը դարձնել աշխարհի բժշկության մի մասնիկը։ Դրանում ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը»,-ամփոփելով հանդիպումը` ասել է նախարար Ալթունյանը։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook