Նախարարն ընդունել է Գյումրու երիտասարդ բժիշկներին
Գյումրու բժշկական կենտրոնի երիտասարդ մասնագետների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ծանոթացել է յուրաքանչյուրի տրամադրած ծառայությունների ծավալին, մասնագիտական ծանրաբեռնվածությանը, ինքնազարգացման ծրագրերին և աշխատանքում ծագող խնդիրներին։
Երիտասարդ նեղ մասնագետները ներկայացրել են բժշկական կենտրոնում առկա կադրային ներուժը, մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավման և դրանց ծավալների մեծացման իրենց տեսլականը։
Ողջունելով երիտասարդ բժիշկների մոտեցումները` նախարարը հորդորել է մասնագիտական գործունեությանը զուգընթաց հետազոտական աշխատանքներ կատարել, որոնք հետագայում կարող են գիտական թեզի հիմք դառնալ։ Նա նաև առաջարկել է առավել ակտիվորեն օգտվել հեռաբժշկության հնարավորություններից և բարդ դեպքերը մշտապես վերլուծել մայրաքաղաքի առաջատար մասնագետների հետ։
Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստումների շարունակականության ապահովումը, առցանց կրթական ծրագրերին ընդգրկվելը, ինչպես նաև կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրումը։
Լևոն Ալթունյանն իր երիտասարդ հյուրերին ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող և նախագծվող ծրագրերին և դրանցից ակնկալվող արդյունքներին։
Երիտասարդ բժիշկները Լևոն Ալթունյանի առանձնասենյակում ծանոթացել են նախարարության գերակա ծրագրերի իրականացման ժամանակացույցերին։
Անկաշկանդ քննարկման ընթացքում Գյումրու ԲԿ-ի մասնագետներն անդրադարձել են նաև բժշկի պաշտպանվածությանը, հիվանդ-բժիշկ փոխհարաբերություններում վստահության վերականգնմանը վերաբերող և այլ հարցերի։
«Մեր նպատակն է Հայաստանի բժշկությունը դարձնել աշխարհի բժշկության մի մասնիկը։ Դրանում ակնկալում ենք ձեր գործուն մասնակցությունը»,-ամփոփելով հանդիպումը` ասել է նախարար Ալթունյանը։