Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Պատվաստումները կարևոր են կյանքի բոլոր փուլերում

Մեկնարկեց Իմունականխարգելման եվրոպական շաբաթին ընդառաջ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված աշխատանքային հանդիպումը:

Նշենք, որ Եվրոպական տարածաշրջանում 2004 թվականից ի վեր ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման Եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության և կանխարգելիչ նշանակության մասին, ինչը բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու ամենաարդյունավետ միջոցներից է:

Այս տարի նախաձեռնությունը մեկնարկում է ապրիլի 24-ին և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա նշեց, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտի արդյունավետ ռազմավարություններից է, երբ փոքր ներդրումները տալիս են մեծ արդյունք: Միաժամանակ, փոխնախարարը կարևորեց լրատվամիջոցների դերը տեղեկատվության հասանելիության ապահովման տեսանկյունից, ինչը կնպաստի պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածությանը և կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ: «Պատվաստումների դերն անգնահատելի է, իսկ արդյունավետությունը՝ անհերքելի: Այսօր Հայաստանում պատվաստումներ են իրականացվում 17 վարակիչ  հիվանդության դեմ` 14 պատվաստանյութով, ունենք բավականին դրական ցուցանիշներ»,- փաստեց Սերգեյ Խաչատրյանը:

Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը խոսեց պատվաստումների և պատվաստանյութերի անվտանգության մասին և մասնավորապես ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է գրեթե 80000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում և ոչ մի հետպատվաստումային անբարեհաջող դեպք չի արձանագրվում:

«Պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, 2002-ից մեր երկիրը հռչակվել է պոլիոմիելիտից ազատ գոտի և առ այսօր պահպանում է այս կարգավիճակը: Պատվաստումների շնորհիվ դիֆթերիայի առումով համաճարակային իրավիճակը կայունացել է և վերջին տասը տարում դեպքեր չեն արձանագրվել: Կարմրուկի և կարմրախտի առումով էլ համաճարակային իարվիճակը հանգիստ է. 2007 թվականին իրականացված զանգվածային, այնուհետև պլանային պատվաստումների շնորհիվ՝ 98% ընդգրկվածություն, Հայաստանում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Գայանե Սահակյանը:

Մանագետները պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook