Sunday, April 28, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

90-ից ավելի երկրներում գրանցվել է Կապիկի ծաղիկը. համաճարակաբանը՝ անհրաժեշտ միջոցառումների և վիրուսի դեմ պայքարին Հայաստանի պատրաստվածության մասին

Աշխարհում կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակվելու արդեն 35 հազար դեպք է գրանցվել աշխարհի 90-ից ավելի երկրում, իսկ մեկ տասնյակից ավելի մարդիկ մահացել են:

Կապիկի ծաղիկի վարակման թվերը բարձրացող են: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանը, և նշեց, որ իր ունեցած տվյալներով օրական մոտ 900 լաբորատոր հաստատված դեպքեր են գրացվում:

Նրա խոսքով, հիվանդության կլինիկական ընթացքի առումով նոր բաներ չկան, և ինչպես նախկինում բազմիցս նշվել է՝ այն մասնավորապես հանդիպում է համասեռամոլների շրջանում:

«Ճիշտ է, սակավաթիվ դեպքերում երեխաներն են վարակվել, նաև հետերոսեքսուալ անձինք, սակայն, ի տարբերություն հոմոսեքսուալների, դրանց թիվն ավելի քիչ է»,- նշում է Բադալյանը:

Մասնագետի խոսքով, այժմ պատվաստանյութերի ձեռքբերման հետ կապված խնդիր կա, ու պետություններն ամեն կերպ փորձում են այդ գործընթացն ակտիվացնել.

«Մեծ քանակի վակցինայի, անգամ կորոնայի հետ կապված որոշ երկրներում խնդիր կա, ուր մնաց կապիկի ծաղիկի մասով: Որոշ երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, ընտրել են պատվաստանյութերի 1-ը 5-ի բաժանելու մոտեցումը, որոշներն էլ ներմուծման եղանակն են փոխել՝ առաջարկում են ներմաշկային ընդունումը, ոչ թե ենթամաշկ կամ միջմկան, դրանով իսկ պատվաստանյութի օգտագործման քանակը մի փոքր քչացնելով և տնտեսելով վակցինայի վրա»,- ասում է Բադալյանն ու ընդգծում, որ նաև հաշվի են առնում, թե արդյոք անձը նախկինում ստացել է այդ պատվաստանյութը, եթե այո՝ ապա ինչ դեղաչափ և այլն, ու ըստ այդմ, կան գրաֆիկներ, որոնց հիման վրա որոշվում է, թե ինչ դեղաչափ է անհրաժեշտ տվյալ անձին:

«Կա այն մոտեցումը, որ ավելի փոքր չափաքանակը ներմուծվի  ու դրանով իսկ որոշակի  տնտեսումներ ունենան ու ունենան նաև որոշակի պատնեշ, կարողանան օրգանիզմում համապատասխան պաշտպանություն ստեղծեն՝ այս  մոտեցումն էլ, կարծես, փորձում են կիրառել աշխարհում,  այս մասով նաև ուզում են  հասկանալ, թե ինչքանով արդյունավետ կլինի»:

Աշխարհում, ըստ մասնագետի այժմ առաջարկվում է երկու տեսակի պատվաստանյութ՝ երկրորդ ու երրորդ սերնդի, և նրա խոսքով՝ լավ կլինի, եթե երրորդ սերնդի պատվաստանյութեից ինչ -որ քանակ կարողանանք ձեռք բերել:

Արման Բադալյանը նաև մեկ փաստ է առանձնացնում, ասում է՝ այլ հարցեր էլ կան.

«Մենք տեսնում ենք, թե ում շրջանում է այն ավելի տարածվում և այդ խարանի թեման ամբողջ աշխարհում կա, որ մարդիկ կարող է չուզենան, կամ ամաչեն բժշկին մոտենալուց: Այստեղ այդ հարցն է կարևորվում, բայց ամեն դեպքում, բժշկական տեսանկյունից օգնությունը պետք է ցուցաբերվի բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն՝ անկախ կողմնորոշումից»:

Ինչ վերաբերում է կապիկի ծաղիկի դեպքերին, բժիշկ-համաճարակաբանն ասում է, բարեբախտաբար, դեռևս Հայաստանում չունենք գրանցված, սակայն, նորից է կրկնում՝ պատվաստանյութերի անհրաժեշտություն կա.

«Փաստաթղթային առումով որոշակի քայլեր արվել են, նորություն չունեմ այս մասով, բայց կարող եմ այն ասել, որ կա Հայաստանի Հանրապետության իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խումբ, որի ղեկավարը ես եմ, և մոտ ժամանակներս, կարծում եմ, փորձագետների հետ հանդիպում կունենանք, և քննարկման արդյունքում առաջարկ կներկայացնենք նախարարությանը: Մենք որպես առաջարկություն նախարարությանը կներկայացնենք արդյունքը, բայց թե նախարարությունը ձեռք կբերի թե չէ, դա չեմ կարող ասել»,- նշեց նա:

Հարցին, թե արդյոք հնարավոր է շփոթել այս հիվանդությունը, Արման Բադալյանն ասում է, որ վիզուալ առումով և կլինիկական նշաններով՝ հիվանդն ունենում է մկանացավ, գլխացավ, հիմնականում առաջանում է ցան մաշկի վրա, և այս առումով նման է բնական ծաղկին, «սակայն բժիշկները պետք է որ չշփոթեն հաշվի առնելով առկա գրականությունը, բայց այստեղ այլ հարց կա, ամեն դեպքում հիվանդությունը պետք է հաստատվի նաև լաբորատոր ստուգման միջոցով»,- նշում է Բադալյանն ու հավելում, որ տեղյակ չէ՝ ունենք թեստեր, թե չէ: Նա նաև ընդգծում է, որ եթե վարակը դիտարկենք որպես սեռավարակ, հաշվի առնելով դրա տարածման հիմնական ճանապարհը, ապա պետք է գոնե նեղ մասնագետները՝ մաշկաբանները, մաշկավենբերաբաններն ու մնացածը գոնե մինչ այս եղած հրապարակումներով ճանաչեն խնդիրը, սակայն, կրկին ընդգծում է, որ դա բավարար չէ և պետք է հիվանդությունը հաստատվի նաև լաբորատոր եղանակով:

 

Արաքսյա Փաշոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook