Ինչով է պայմանավորված սթրեսի ժամանակ քաշի ավելացումը.ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Շատերն են նկատել, որ սթրեսը հանգեցնում է քաշի ավելացման, սակայն քչերը գիտեն, թե ինչով է դա պայմանավորված: Մասնագետների խոսքով առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որ սթրեսի ժամանակ բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը, իսկ այն անմիջականորեն ազդում է մաշկի տակ ճարպի տեղաբաշխման գործընթացի վրա: Հատկապես տուժում են որովայնի ու գոտկատեղի հատվածները, որտեղ կուտակված ճարպաշերտերից ազատվելն առավել դժվար է լինում:
Բացի այդ, սթրեսը նվազեցնում է ճարպի թթվայնացման ցուցանիշները, ինչը նշանակում է, որ դանդաղում է այն գործընթացը, որը թույլ է տալիս այրել ավելորդ ճարպն ու վերածել այն էներգիայի: Սա է պատճառը, որ սթրեսի ժամանակ մարդիկ գիրանում են անգամ չնչին քանակությամբ սննդից: Նման դեպքերում շատ օգտակար կլինեն շնչառական վարժությունները, զբոսանքները, բուսական հանգստացնող թուրմերի գործածությունը, յոգան ու մեդիտացիան:
Սթրեսը նաև դանդաղեցնում է նյութափոխանակության գործընթացները: Ընդ որում, այս ազդեցությունն առավել ակնհայտ է լինում կանանց դեպքում: Հետազոտությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ սթրեսի դեպքում կանայք օրական մոտ 100 կալորիա պակաս են այրում, իսկ այդ հավելյալ կալորիաները կուտակվում են ավելորդ քաշի տեսքով: Սակայն այս ազդեցությանը, բարեբախտաբար, կարելի է փոխազդել առողջարար սպիտակուցներով հարուստ մթերք օգտագործելով: Բացի այդ, մասնագետները խորհուրդ են տալիս կարգավորել քունն ու լինել ֆիզիկապես ակտիվ, ինչը նույնպես կօգնի ազատվել սթրեսից:
Բացի այդ, սթրերսի ժամանակ քաշի ավելացմանն է նպաստում նաև արագ ուտելու սովորությունը, որը հանգեցնում է սննդի չարաշահման: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է նախապես սահմանել սննդի ընդունման համար նախատեսված ժամանակահատվածն ու աշխատել սնվել հնարավորինս դանդաղ, որպեսզի օրգանիզմը հասցնի հագենալ ու փոխանցել այդ ազդանշանը գլխուղեղին:
Նյութի աղբյուրը՝ tert.am