«Կոռուպցիան դեղատներ է մտնում». քննարկում դեղատոմսով դուրս գրվող դեղերի մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ իրավաբան-փորձագետ Մարիամ Զադոյանը նշեց, որ պետք է ներկայացնի միջազգային ձախողված փորձ, քանի որ նման կարգավորումները տանում են ձախողման: «Մեր օրենսդրության մեջ նշված չէ որևէ երկրի իրավակարգավորում, որը կապացուցի, որ հաջողված կարգավորումներ կլինեն: Սովորաբար նախագծերի հիմնավորումների մեջ նշվում են այն հաջողված փորձերը, որոնք մենք վերցնում ու կիրառում ենք Հայաստանում: Սակայն նման փորձ մեզ մոտ նշված չէ»,-ասաց Մարիամ Զադոյանը:
Նա ներկայացրեց հարևան Վրաստանի, ինչպես նաև Մոլդովայի, Իսպանիայի, Էստոնիայի, ԱՄՆ-ի դեղատոմսերով դեղերի դուրս գրման կարգերի փորձերը:
«Ես առաջարկում եմ առողջապահական ոլորտի հասարակական կազմակերպություններով միանանք և բողոքի նամակ հղենք նախագահին, վարչապետին և կառավարության մյուս անդամներին, որ նմանատիպ աշխատանքը՝ բանջարաբոստանային փորձարկումներ անել ազգի, մասնավոր ոլորտի, առողջապահական ոլորտի հետ՝ ընդունելի չէ, արդեն հերիք է»,- քննարկմանն իր ելույթի ժամանակ ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքով, ոչ ոք հարցականի տակ չի դնում այն փաստը, որ դեղերի համար դեղատոմս է պետք, սակայն այդ խստությունները պետք է ճիշտ կարգավորումներով իրականացվեն և պետք է հաշվի առնել մասնավոր հատվածի կարծիքը: Սամվել Զաքարյանը նաև բարձրաձայնեց այն մասին, որ այս կարգավորումները կարող են կոռուպցիոն ռիսկեր առաջացնել դեղատների ցանցում: Նա նշում է, որ դեղատների մի մասում դեղագործներն իրենց բժշկի տեղ են դրել. «Ասում են՝ հիվանդին ուղարկեք մեր դեղատներ, մենք կտանք դեղատոմսը: Կոռուպցիան դեղատներ է մտնում»:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին կայացած նիստի ժամանակ կառավարության որոշմամբ՝ սահմանվել է դեղերի դեղատոմսով բաց թողնման հստակ ժամանակացույց.
1. հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով 2018 թվականի մարտի 1-ից,
2. ներարկման համար նախատեսված դեղերը` 2018 թվականի հուլիսի 1-ից,
3. բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր, դեղատոմսով բաց կթողնվեն 2018 թվականի հոկտեմբերի 1-ից:
Մանրամասները՝ տեսանյութերում:
Ալիսա Չիլինգարյան