Հանրային ծառայողները կպատվաստվեն կամ կթեստավորվեն Covid-19-ի դեմ. կգործեն բացառություններ
ՀՀ կառավարությունը, կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, ինչպես նաև հանրային առողջության բավարար մակարդակն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, որոշ հանրային ծառայողների համար առաջարկում է նոր աշխատանքային կարգավորումներ կիրառել: Մասնավորապես, սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից ելնելով առաջարկվում է, որ հանրային ծառայողն աշխատանքի ներկայանալիս կամ ներկայացնի Covid19-ի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նախագծում նշվում է, որ եթե հանրային ծառայողը սահմանված ժամկետում չկատարի վերոնշյալ պարտականությունը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ զբաղեցրած պաշտոնից նրան ազատ արձակելու համար, մասնավորապես «եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չի կատարել»: Արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am-ում: