ՍՆՆԴԱՄԹԵՐՔ, ՈՐՆ ԱԶԴՈՒՄ Է ԴԵՂՈՐԱՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները:
Փորձագետները մթերքների ոչ մեծ ցուցակ են կազմել, որոնք խորհուրդ չի տրվում սննդակարգում կիրառել որոշ տեսակի դեղեր ընդունելիս:
Ցիտրուսներ
Նարինջը, մանդարինը եւ թուրինջն ազդում են շատ օրգանիզմում դեղերի փոխանակության վրա՝ ստատինների, բետա-պաշարիչների, հոգեմետ դեղամիջոցների եւ նույնիսկ որոշ ցավազրկողների: Դա պայմանավորված է թուրինջի մեջ պարունակվող ֆուրանոկումարիններով, որոնք բույսերի կողմից արտադրվող օրգանական նյութեր են:
Ցիտրուսների հյութի կազմի մեջ են մտնում բերգամոտինը եւ դրա ածանցյալները. դրանք ունակ են ճնշելու մի շարք ֆերմենտների աշխատանքը, որոնք գործում են լյարդի եւ բարակ աղու մեջ, օրինակ՝ ցիտրոքրոմ P450-ի ձեւերից մեկի: Դա հանգեցնում է նրան, որ դեղերն ավելի երկար են ակտիվ մնում, քան անհրաժեշտ է, ինչը կարող է դեղի գերչափաքանակ առաջացնել: Այս երեւույթը հայտնի է որպես «թուրինջի հյութի էֆեկտ»:
Դրանից զատ, թուրինջի եւ մյուս ցիտրուսների հյութում պարունակվող նյութերը կարող են խափանել փոխադրող մոլեկուլների բնականոն աշխատանքը. արդյունքում՝ բջիջների մեջ չափազանց քիչ կամ չափազանց շատ դեղ է կուտակվում:
Պանիր
Պանրի տեսակների վիթխարի քանակ կա, որոնք միմյանցից տարբերվում են պատրաստման եղանակով եւ համային որակով: Պարզվում է՝ երկար պահած կոշտ պանիրները կարող են ազդել հակադեպրեսանտների արդյունավետության վրա, որոնք դասվում են մոնոամինոօքսիդազի ինհիբիտորների շարքին:
Այդ պանիրները մեծ քանակով թիրամին են պարունակում, որն օժտված է անոթները նեղացնող ազդեցությամբ: Մոնոամինոօքսիդազի ինհիբիտորները խոչընդոտում են թիրամինի օքսիդացմանը, ինչը ճնշման բարձրացման է հանգեցնում: Հակադեպրեսանտն ընդունելուց հետո նրա ազզդեցությունը շարունակում է պահպանվել մի քանի շաբաթ: Դա նշանակում է, որ հիվանդները պետք է ձեռնպահ մնան երկար պահվող կոշտ պանիրներ օգտագործելուց նույնիսկ հակադեպրեսանտների ընդունումն ավարտելուց հետո:
Բանան
Բանանը կալիումի աղբյուր է, ինչը կարեւոր է սրտի եւ մկանների բնականոն աշխատանքի համար: Կալիումի ե՛ւ պակասը, ե՛ւ ավելցուկը կարող են լուրջ հետեւանքների հանգեցնել:
Զարկերակային գերճնշմամբ տառապող մարդիկ հաճախ անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի ինհիբատոր են ընդունում. դեղեր, որոնք ճնշում են անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի աշխատանքը: Դրա հետեւանքով անգիոտենզին I-ը չի փոխակերպվում անգիոտենզին II-ի, որն անոթները նեղացնող ազդեցություն ունի: Անգիոտենզինափոխակերպման ֆերմենտի ինհիբատորի ընդունմամբ առաջացած բարդությունների շարքին է դասվում կալիումի քանակի նորմայի գերազանցումն օրգանիզմում: Բանանի, լոբազգիների եւ կալիումով հարուստ այլ մթերքների կիրառումն այս ազդեցությունն ուժեղացնում է:
նյութի սկզբնաղբյուրը`www.online-apteka.am