Օշինդրը մայրն է բոլոր խոտաբույսերի
Օշինդր -Полынь (բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան) (լատ.՝ Artemísia) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ։
Հայկական տարանունները – ափսինդ, բարձմանեակ, բարձնակ, բարձվենյակ, բացմենակ, նգածաղիկ։
Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն։ Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն։
Քիմիական կազմ_
Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն։ Բույսի մեջ հայտնաբերվել են 0,5-2% կապտականաչավուն եթերայուղ, դաբաղանյութեր, ֆլավոնոիդ արտեմետին, կվեբրախիտ, լիգնաններ, ֆիտոնցիդներ, սադաթթու, խնձորաթթու, քացախաթթու, պալմիտինաթթու, իզովալերիանաթթու, կալիումական աղեր, սպիրտներ, օսլա, խեժ, խամազուլեն, վիտամիններից` K, B6, C, կարոտին, արմատներում` ինուլին։
Եթերայուղը միատարր չէ, այն իր հերթին պարունակում է տույիլ սպիրտ, ածխաջրածիններից՝ տույոն, պինեն, կադինեն, ֆելանդրեն, բիզաբոլեն և այլն, սեսկվիտերպենային լակտոններ (դառնահամ աբսինթին և անաբսինթին), այդ թվում նաև մոնոցիկլիկ կետոլակտոններ և ազուլինոգեն, սեսկվիտերպենային գվայյանոլիդներ։Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։
Դեղաբույսն ունի բուժական կիրառման վաղնջական պատմություն։ Դեռևս Պլինիոսն այն օգտագործել է խպիպի դեպքում և նշել, որ եթե ոտքերին կապեն օշինդր, ապա վերանում է հոգնածությունը։ Լոնիցերուսը առաջարկել է ուտելիքին ավելացնել օշինդր, որպեսզի ուժեղանա ստամոքսը, լավանա մարսողությունը և թույներն ու լեղին դուրս գան օրգանիզմից։ Ավիցեննան դեղաբույսը համարել է լեղամուղ, միզամուղ, հակաջերմային, դաշտանը կանոնավորող և ստամոքսի գործունեությունն ուժեղացնող միջոց։ Օշինդրը՝ գինու հետ խառնված, նա առաջարկել է ուղիղ աղու ճաքվածքի և թութքի, իսկ բրնձի և մեղրի հետ՝ ճիճվակրության, սնկային թունավորումների, աչքի և ականջի հիվանդությունների և որոշ ուռուցքների ժամանակ։ Մեծ գիտնականը նշել է նաև, որ եթե բույսը խառնվի թանաքին, վերջինս ամուր կլինի և թղթից պոկ չի գա, իսկ շորի մեջ դնելուց՝ այն վանում է ցեցին։
Մ. Հերացին դեղաբույսն՝ առանձին կամ խառնուրդների ձևով, նշանակել է լյարդի և փայծաղի խցանումների, ստամոքսի ուռուցքի, ջրգողության, հեպատիտների, գլխացավերի, աչքի և ոսկրերի հիվանդությունների, մալարիայի, ձգձգվող ջերմերի և այտուցների ժամանակ։
Ղ. Ալիշանի մեջբերումով, հայկական հին բժշկարաններում նշվում է, որ օշինդրի ծաղիկները՝ եփուկի ձևով, օգնում են արյունալուծին, ջարդվածքներին, հետանցքի շրջանի ցավերին, դժվարամիզությանը, թունավորումներին, գազանահարին, կարիճահարին։ Ծխելուց՝ տան միջից փախցնում է սողուններին, նշի յուղով կաթեցնելով ականջի մեջ՝ կտրում է վերջինիս ցավը։ Իսկ հայկական այլ աղբյուրներում նշվում է նաև, որ դեղաբույսն օրգանիզմից հանում է մաղձը, մաքրում ստամոքսը, օգնում այտուցներին և բարձր ջերմությանը, լյարդի և երիկամների հիվանդություններին, ռևմատիզմին, քոսին, քորին, միգրենին, ականջի թարախային բորբոքումներին, մեղրի և գինու հետ կիրառելուց՝ առաջացնում է քուն։
Սալերնյան կոդեքսի տվյալներով, օշինդրը մայրն է բոլոր խոտաբույսերի։ Եփուկի ձևով, նշված է կոդեքսում, դեղաբույսը բացում է դաշտանը, վերացնում փորկապությունը և բքնածությունը, միզամուղ է, ընդունակ է դուրս բերելու միզաքարերը։ Գինու հետ ընդունելիս՝ օգնում է դեղնուկին, ափիոնով թունավորվածին, ամրապնդում ստամոքսը։ Դեղաբույսն ունի նաև հագուստը ցեցից պաշտպանելու հատկություններ։
Այլ ազգերի ժողովրդական բժշկության մեջ բույսի թարմ հյութն օգտագործում են վերքերը վարակազերծելու, արյունահոսությունը դադարեցնելու և դրանց հետագա բուժման համար։ Թարմ, տրորված տերևները օգտագործում են արտաքին ձևով՝ սալաջարդերի, հոդախախտումների և ջլերի պրկման ժամանակ՝ որպես հուսալի ցավազրկող միջոց։ Ներքին ընդունման ձևով դեղաբույսն օգտագործվել է որպես ախտահանիչ միջոց խոլերայի, իսկ այլ դեղաբույսերի հետ՝ ալկոհոլիզմի ժամանակ։
Գիտական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործվում է թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների դեպքում՝ ախորժակը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև ծանր հիվանդություններից հետո օրգանիզմի ուժերը վերականգնելու համար։ Դեղաբույսն օժտված է ուժեղ ֆիտոնցիդային ակտիվությամբ։
Օշինդրի ներգործության շնորհիվ ոչ միայն կարգավորվել են ստամքսի վերոհիշյալ կարևոր ֆունկցիաները, այլև հիվանդների արյան պատկերը, մասնավորապես էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակները։ Այս հարցում, անշուշտ, կարևոր դեր են խաղացել գաստրոմուկոպրոտեինները, որոնց քանակը, բուժման շնորհիվ, նորմալանում է։