Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առաջնային և Երկրորդային գերճնշում

Առաջնային (էսենցիալ) գերճնշումը ամենահաճախ հանդիպող տեսակն է, որը կազմում է գերճնշման բոլոր դեպքերի 90–95%։ Գրեթե բոլոր ժամանակակից հասարակություններում տարիքի հետ արյան ճնշումը բարձրանում է, համապատասխանաբար բարձրանում է նաև գերճնշման զարգացման վտանգը։ Գերճնշումը գեներով պայմանավորված և արտաքին միջավայրում առկա գործոնների համալիր ազդեցության արդյունք է։ Հայտնաբերվել են մի շարք հաճախ հանդիպող գեների տեսակներ, որոնք ունեն թույլ ազդեցություն արյան ճնշման վրա, ինչպես նաև որոշ հազվադեպ հանդիպող գեներ, որոնք արյան ճնշման վրա ունեն զգալի ազդեցություն։ Սակայն գերճնշման գենետիկական հիմունքները դեռևս քիչ են պարզաբանված։ Կան մի քանի արտաքին գործոններ, որոնք ազդում են արյան ճնշման վրա։ Արյան ճնշումն իջեցնող կենսակերպի գործոններից են՝ կերակրի աղի քիչ օգտագործումը, մրգերի շատ և յուղալի սննդի քիչ օգտագործումը (գերճնշումը կանխող սննդակարգ), ֆիզիկական վարժանքները, քաշի նվազեցումը և ալկոհոլի օգտագործման սահմանափակումը։ Ըստ երևույթին սթրեսը համեմատաբար փոքր դեր է խաղում հատուկ հանգստացնող մեթոդների կիրառման դեպքում, որոնց արդյունավետությունը սակայն ապացուցված չէ։ Այլ գործոնների հնարավոր դերը, ինչպիսիք են՝ կոֆեինի օգտագործումը և D վիտամինի պակասը, հստակ չէ։ Համարվում է, որ ինսուլինի հանդեպ կայունությունը, որը հաճախ է հանդիպում ավելորդ քաշի դեպքում և X համախտանիշի (կամ նյութափոխանակային համախտանիշ) մաս է կազմում, նույնպես նպաստում է գերճնշման զարգացմանը։ Վերջերս կատարված ուսումնասիրությունները նաև ցույց տվեցին, որ կյանքի վաղ ժամանակաշրջանում ազդած գործոնները (օրինակ՝ ցածր քաշը ծնվելու ժամանակ, հղիության ընթացքում մոր ծխելը և կրծքով հազվադեպ սնվելը) կարող են լինել ռիսկի գործոն՝ հասուն տարիքում էսենցիալ գերճնշման համար, սակայն այս ամենը բացատրող մեխանիզմը դեռևս պարզաբանված չէ։

Երկրորդային գերճնշում

Երկրորդային գերճնշումը ունի որոշակի պատճառներ, որոնք կարելի է հայտնաբերել։ Գերճնշման երկրորդային պաճառներից ամենահաճախ հանդիպողը երիկամների հիվանդություններն են։ Գերճնշումը կարող է լինել նաև ներզատական տարբեր խանգարումների հետևանք, ինչպիսիք են՝ Կուշինգի համախտանիշը, վահանագեղձի գերֆունկցիան (հիպերթիրոիդիզմ), վահանագեղձի թերֆունկցիան (հիպոթիրոիդիզմ), ակրոմեգալիան, Կոննի համախտանիշը կամ հիպերալդոստերոնիզմը, հարվահանագեղձի գերֆունկցիան (հիպերպարաթիրոիդիզմ) և ֆեոխրոմոցիտոման Երկրորդային գերճնշման այլ պատճառներից են՝ ճարպակալումը (ավելորդ քաշ), շնչառության կանգը քնած ժամանակ (անգլ.՝ sleep apnoea), հղիությունը, աորտայի կոարկտացիան, մատուտակի չափից շատ օգտագործումը, որոշ դեղամիջոցներ, դեղաբույսեր և անօրինական թմրանյութեր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook