Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Բացասական մտքերը դրականով փոխարինելու տասնհինգ օրինակ

1. «Ես, թերեւս, բաց կթողնեմ այդ միջոցառումը: Ես գիտեմ, որ այնտեղ ուրախ չեմ լինի»: Իսկ որտեղի՞ց գիտեք: Այդ իրադարձությունը դեռեւս տեղի չի ունեցել: Այն փոխարինեք «Այնտեղ ուրախ կանցնի» արտահայտությամբ, եւ ձեր տրամադրությունն արմատապես կփոխվի:

2. Երբ ձեզ գովաբանում են արված աշխատանքի համար, դուք ասում եք՝ «Դատարկ բան է»: Եթե ձեզ գովաբանում են, ակնհայտ է, որ գնահատում են ձեր աշխատանքը: Այդ դեպքում ինչո՞ւ ինքներդ ձեզ չեք գնահատում: Ավելի լավ է պարզապես ասել՝ «Շնորհակալություն»:

3. «Ես երբեք չեմ կարողանա ազատվել այդ վերջին 5 կգ-ից»: Երբ դուք կենտրոնանում եք ինչ-որ բանի վրա, նյութականացնում եք այն եւ քաշում ձեր կյանք: Այդ բացասական պնդումը փոխարինեք «Իմ քաշը կատարյալ է» արտահայտությամբ: Եվ կենտրոնացեք այն բանի ուղղությամբ, ինչ ուզում եք ձեր կյանք բերել, այլ ոչ այն բանի, ինչ չեք ուզում:

4. «Դա անարդար է»: Կյանքը ոչ միշտ է համապատասխանում ձեր կատարյալ պատկերացումներին: Թուլացեք եւ ամեն ինչ ընդունեք այնպիսին, ինչպես կա: Փոխեք այն, ինչ կարող եք, եւ համակերպվեք նրա հետ, ինչ փոխել չեք կարող:

5. «Կարեւորը հաղթանակն է»: «Ամեն ինչ կամ ոչինչ» ոգով մտքերը խանգարում են վայելել պահը, ամբողջությամբ ապրել կյանքը:

6. «Նա զայրացնում է ինձ»: Ո՛չ: Նա ինչ-որ բան է անում, որին դուք նախընտրում եք զայրույթով արձագանքել: Ոչ ոք չի կարող ձեզ ասել՝ ինչ պետք է զգաք կամ ինչպես արձագանքեք:

7. «Ես շատ զայրացած եմ»: Ո՛չ: Դուք էմոցիաներ ունեք, որոնք բացասական բնույթ ունեն: Դուք ձեր զգացմունքները չեք: Եվ դուք չար մարդ չեք:

8. «Ես չեմ դիմանա, եթե նա լքի ինձ»: Բաժանումը ծանր բան է, բայց դուք կարող եք հաղթահարել դա: Ավելին, բաժանումը կարող է օգուտ բերել ձեզ: Մի գերագնահատեք ողբերգության ծավալը: Ավելի լավ է պատկերացրեք, թե ինչ թռիչք կհետեւի այդ ժամանակավոր անկմանը:

9. «Ես ունակ չեմ լավ սովորել»: Նման ընդհանրացումն անառողջ երեւույթ է: Այդպիսի հայտարարություններով զգալիորեն սահմանափակում եք ձեզ: Ձեր իրական եւ ենթադրյալ թերությունները որպես աճի հնարավորությու դիտարկեք:

10. «Աստված իմ, ապուրի աղը շատ էր, ամբողջ ճաշը փչացավ»: Իսկապե՞ս: Իսկ մյուս ուտեստնե՞րը:

11. «Ես չեմ կարող նորմալ հարաբերություններ ունենալ, քանի որ մանուկ տարիքում բռնության եմ ենթարկվել»: Գերագնահատում եք անցյալի նշանակությունը: Դա վաղուց է եղել: Այո, դա ազդել է ձեզ վրա, բայց հիմա այն փուլում եք, երբ անցյալի սպիները բուժելն արդեն ձեր ընտրության հարցն է:

12. «Դպրոցում իմ երեխաների թերությունների ամբողջ մեղքն իմն է»: Ո՛չ, այդպես չէ: Իսկ ի՞նչ կասեք իրենց գործողությունների համար նրանց պատասխանատվության մասին: Որպես ծնող պետք է ուղղորդեք նրանց, կարգապահություն սովորեցրեք եւ օգնեք, բայց ուսման մեջ եւ ցանկացած այլ ոլորտում հաջողությունների գլխավոր պատասխանատուն իրենք են:

13. «Ինձ երբեք ոչ ոք չի սիրի»: Երբե՞ք: Եվս մեկ սխալ ընդհանրացում՝ ուղղված ինքներդ ձեզ:

14. «Ես այնքան հիմար եմ»: Դուք իսկապե՞ս հիմար եք: Մի՞շտ: Կյանքի բոլոր ոլորտներո՞ւմ: Իհարկե՝ ոչ: Մի՛ մոռացեք ձեր ուժեղ կողմերի մասին, սովորեք սխալների վրա:

15. «Այ, եթե ես նույնքան գեղեցիկ լինեի, որքան…»: Ոչ մի վատ բան չկա այլ մարդկանցով հիանալու եւ նրանց դրական գծերը վերցնելու մեջ, բայց դուք դուք եք: Ձեզ ուրիշների հետ բացասական ենթատեքստում համեմատելով՝ նվազեցնում եք ձեր իրական արժանիքները:

 NEWS.am STYLE

Leave a Reply

x Close

Like Us On Facebook