Sunday, May 5, 2024
Նորություններ

Սննդի Փաթեթավորման Համար Նոր Այլընտրանքային Նյութ Է Ստեղծվել

Հարվարդի հանրային առողջության դպրոցի (ԱՄՆ) և Սինգապուրի Նանյան տեխնոլոգիական համալսարանի գիտնականները մշակել են սննդի փաթեթավորման համար նախատեսված կենսաքայքայվող նյութ, որը սպանում է վնասակար մանրէները և կարող է երկարացնել թարմ սննդի պահպանման ժամկետը երկու-երեք օրով:

Սննդի փաթեթավորման կենսաքայքայվող այլընտրանքը կարող է զգալիորեն նպաստել թափոնների կրճատմանը: Համաձայն ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալների՝ սննդի, խմիչքների, դեղամիջոցների և կոսմետիկ արտադրանքների տեղափոխման և պահպանման համար օգտագործվող փաթեթավորման պարագաները կազմում են քաղաքային կոշտ թափոնների հիմնական մասը (օրինակ՝ 2018 թ․ ԱՄՆ-ում՝ 82,2 միլիոն տոննա)։

Նոր փաթեթավորման նյութը նախատեսված է այնպիսի սննդամթերքի համար, ինչպիսիք են՝ հում միսը, ձուկը, մրգերը, բանջարեղենը և պատրաստի ուտեստները։ Զարգացման հեղինակները նշում են, որ իրենց նպատակն էր ոչ միայն փոխարինել սովորական պլաստիկ փաթեթավորումը նոր նյութով, այլև նոր փաթեթավորման շնորհիվ կկրկնապատկել սննդի պահպանման ժամկետը:

Նոր մշակված փաթեթավորման նյութը պատրաստված է եգիպտացորենի սպիտակուցից, որը կոչվում է զեին, օսլայից և բնական ծագման այլ կենսապոլիմերներից, որոնց ավելացվել են մի շարք բնական հակամանրէային միացություններ, ինչպիսիք են օրինակ՝ ուրցի յուղը և կիտրոնաթթուն:

Երբ փաթեթավորված սնունդը ենթարկվում է խոնավությանը կամ վնասակար բակտերիաների ֆերմենտների արտազատմանը, փաթեթավորման մանրաթելերը սկսում են տարածել բնական հակամանրէային միացությունները՝ ոչնչացնելով սննդամթերքը քայքայող մանրէները, ինչպիսիք են աղիքային ցուպիկը կամ լիստերիան։

Փորձը ցույց է տվել, որ նոր փաթեթավորման նյութի մեջ փաթաթված ելակները յոթ օր թարմ են մնացել՝ մինչև բորբոսի առաջանալը։ Մրգերի համար նախատեսված պլաստիկ տուփում պահվող ելակն իր թարմությունը պահպանել էր միայն չորս օր:

Փաթեթավորումը նախատեսված է բազմակի օգտագործման համար մի քանի ամսվա ընթացքում: Նոր նյութը կարժենա մոտ 50 տոկոսով ավելի, քան սովորական պլաստիկ փաթեթավորումը, սակայն այն ընկերությունները, որոնք կդիտարկեն նոր նյութի հնարավոր օգտագործումը, պետք է հաշվի առնեն նաև իրենց արտադրանքի պահպանման ժամկետների երկարացման ծախսարդյունավետությունը:

Նշենք, որ հունվարի մեկից հայաստանյան մանրածախ առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացման արգելքը մտել է ուժի մեջ։ Թույլատրվում են միայն կշռափաթեթավորման համար նախատեսված առանց բռնակների պոլիէթիլենային տոպրակները (նաև երկրորդային հումքից պատրաստվածները)։ Հուսանք տեսանելի ապագայում փաթեթավորման համար նոր այլընտրանքային նյութերի մշակումը վերջ կդնի նաև կշռափաթեթավորման համար լայնորեն օգտագործվող պոլիէթիլենային տոպրակների օգտագործմանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook