Saturday, May 4, 2024
Նորություններ

«Տրամադրված եմ, որ քայլելու եմ, իսկ դա շատ կարեւոր է». ողնուղեղի վնասվածքով երիտասարդը վերականգնողական բուժում է ստանում

2015 թվականին զինվորական ծառայության ժամանակ Դավիթ Սարգսյանը ողնաշարի վնասվածք եւ ողնուղեղի վնասում է ստացել բարձրությունից ընկնելու հետեւանքով, ինչի հետեւանքով նրա ոտքերը թուլացել են եւ զգայունությունը կորցրել: Հիմա Դավիթը վերականգնողական բուժում է ստանում եւ վճռական է տրամադրված, որ ապագայում դարձյալ կկարողանա քայլել:

Վնասվածքն ստանալուց հետո Դավիթը 7 ամիս զինվորական հոսպիտալում է անցկացրել, եւ նրա վիճակը շատ ծանր է եղել: Երբ վիճակը մի փոքր բարելավվել է, նրան տեղափոխել են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն, որտեղ նա եւս 3 ամիս է անցկացրել: Դրանից հետո կարճ ժամանակ անց, ինչպես ասաց NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, իրեն «գտել» են վերականգնողական մասնագետներ Դավիթ Արսենյանը եւ Դավիթ Պալյանը, եւ հիմա ինքը՝ իր շատ ընկերների հետ, որոնք վիրավորվել են զինծառայության ժամանակ, բուժում է ստանում թիվ 1 Համալսարանական կլինիկական հիվանդանոցում:

Դավիթն արդեն զգում է ֆիզիոթերապիայի, կինեզոթերապիայի եւ հատուկ մերսումների արդյունքը. նա դեռեւս չի կարողանում քայլել, բայց, իր խոսքով, ոտքերի զգայունությունը սկսում է մասամբ վերականգնվել:

«Ես տրամադրված եմ, որ քայլելու եմ, իսկ տրամադրվածությունն այսպիսի գործերում շատ կարեւոր է»,- նշեց Դավիթը:

Նրա խոսքով՝ վերականգնողական մասնագետները նույնպես լավատեսորեն են տրամադրված:

Դավիթը հույս ունի մոտ ապագայում աշխատանքի ընդունվել ԱԻՆ-ում: Դե իսկ երկարաժամկետ հեռանկարում նա կցանկանար ուսումը շարունակել եւ իրավապաշտպան դառնալ: Դավիթի խոսքով՝ ինքը վաղ մանկության տարիներից երազում է իրավաբան դառնալու մասին, եւ հենց առողջական վիճակը թույլ տա, կփորձի բարձրագույն կրթություն ստանալ:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook