Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Այտուցներ

Այտուցներ (լատ.՝ Oedema), հեղուկի ավելցուկային կուտակում օրգանիզմի հյուսվածքներում և խոռոչներում։ Առավել հաճախ նկատվում է մաշկում, ենթամաշկային ճարպաբջջանքում, կրծքամզային, որովայնային խոռոչներում, սրտապարկում, ամորձապարկում և այլուր։ Այտուցային հեղուկը կազմված է ջրից և նատրիումի ու կալիումի աղերի, սպիտակուցների և արյան սպիտակ մարմնիկների որոշ քանակությունից։ Վերջիններս ավելանում են բորբոքային բնույթի այտուցի դեպքում։

Այտուցների առաջացում

Մազանոթների միջոցով հյուսվածքային հեղուկի և արյան հեղուկ մասի միջև տեղի է ունենում մշտական փոխանակություն։ Արյունատար անոթների պատերի միջով հեղուկը շրջակա հյուսվածքներ է դուրս գալիս անընդհատ։ Եթե անոթներից դեպի շրջակա հյուսվածքներ արտադրվում է մեծ քանակությամբ հեղուկ, իսկ հետներծծումը դժվարացած է կամ բոլորովին դադարել է, ապա առաջանում են այտուցներ։

Դրան նպաստում են անոթային հունում և շրջակա հյուսվածքներում նատրիումի, կալիումի, ինչպես նաև սպիտակուցների պարունակության փոփոխությունները։ Այդպիսի նախադրյալներ առաջանում են անոթների ծավալուն վնասվածքների, ճնշման, երակների հանգուցավոր լայնացման, թրոմբոֆլեբիտի ժամանակ, ինչպես նաև սրտային անբավարարության, երիկամների հիվանդությունների դեպքում՝ արյան հոսքի դանդաղման հետևանքով։

Այտուցների տեսակներ

Ըստ տարածվածության՝ այտուցները լինում են ընդհանուր և տեղային։

Ընդհանուր այտուցը բնորոշվում են մեծ չափերով, տարածվածությամբ, վերջույթների և իրանի վրա առաջանալիս՝ նաև համաչափությամբ։ Դրանք նկատվում են սրտի անբավարարության, երիկամների որոշ հիվանդությունների, լյարդի ցիռոզի դեպքերում։ Ջրգողության, ինչպես նաև որովայնի խոռոչում արյան շրջանառության խանգարման դրսևորում է այնտեղ հեղուկի կուտակումը՝ ասցիտը։

Տեղային այտուցը հաճախ առաջանում են երակների ճնշման կամ բորբոքման հետևանքով։ Այտուցին բնորոշ են օրգանի, մարմնի որևէ մասի, վերջույթի ծավալի մեծացումը, ձևափոխությունը։

Մաշկի այտուցի դեպքում նվազում է նրա առաձգականությունը, հաճախ այն դառնում է գունատ և շոշափելիս՝ սառն է (բացառությամբ բորբոքային, երբեմն՝ ալերգիկ այտուցի)։ Մարմնի որևէ մասում ցանկացած մեծության այտուցի առաջացման դեպքում պետք է դիմել բժշկի։

Բուժում

Ծավալուն այտուցի երկարատև գոյությունն անբարենպաստ պայմաններ է ստեղծում հյուսվածքների սնուցման համար, նպաստում վարակի ավելի հեշտորեն թափանցմանն ու խորացմանը, որը կարող է հանգեցնել խոցերի առաջացման։ Այդ պայմաններում չափազանց կարևոր է մաշկի լավ խնամքը և պաշտպանումը հնարավոր վնասվածքներից։ Խորհուրդ է տրվում հաճախակի փոխել սպիտակեղենը, մաշկը սրբել կալիումի գերմանգանատի թույլ լուծույթով, խուսափել կոշտ սպիտակեղենից։ Քերծվածքների և ճաքերի առաջացման դեպքում մաշկը սրբել ադամանդականաչի 1%-անոց լուծույթով։

Այտուց ունեցող անձինք բժշկին դիմելուց հետո պետք է հետևեն դրանց մեծությանը, տարածվածությանը, հաշվեն օրվա ընթացքում օգտագործվող և արտազատվող հեղուկի քանակը, սահմանափակեն կերակրի աղի օգտագործումը։

Բժշկության զարգացման արդի մակարդակը հնարավորություն է տալիս արդյունավետ բուժել այտուցով ուղեկցվող հիվանդություններն ու վիճակները։ Կան լավ ազդող միզամուղ դեղանյութեր և ջրաաղային փոխանակության խանգարումները վերացնող պատրաստուկներ։

Խորհուրդ է տրվում երբեմն սննդի մեջ օգտագործել կալիումով հարուստ սնունդ (կաթնամթերք, ծիրան, ծիրանի չիր և այլն)։

Սրտի, լյարդի, երիկամների հիվանդություն ունեցողները պետք է ժամանակին դիմեն բժշկի, որը հնարավորություն կտա զգալիորեն կանխել այտուցի առաջացումը։

 

Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook