Sunday, May 5, 2024
Նորություններ

Մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսը

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական ամենամյա երկօրյա կոնգրեսը, որը նվիրված է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան։ Կոնգրեսի խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակները և իրականացման ուղիները»։

Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն է (ՈւԱԿ)՝ մի շարք հայկական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:

Կոնգրեսի մասնակիցներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Արտակ Ջումայանը` մաղթելով արդյունավետ աշխատանք։ Միջոցառմանը մասնակցել են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈւԳԿ) դաշնային նախագծերի իրականացման գծով փոխտնօրեն Տիգրան Գևորգյանն ու Պոդոլսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վարդան Գևորգյանը, ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։

Նարեկ Մանուկյանն իր ելույթում նշել է, որ կոնգրեսն արդեն երկրորդ տարին է` հնարավորություն է ընձեռում ոլորտի բոլոր մասնագետներին մեկ հարկի տակ հավաքելու, քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու ուղենշելու հետագա անելիքները:

Հյուրերն իրենց ելույթներում կարևորել են նման կոնգրեսների կազմակերպումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդհանրացնելու ոլորտի առաջատար մասնագետների փորձը, քննարկելու կուտակված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Մասնակիցներն ընդգծել են նաև նման հարթակների կրթական դերի կարևորությունը, որն իր հերթին հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ավագ գործընկերների հետ քննարկելու արդիական խնդիրները:

Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսին մասնակցել են 200-ից ավելի պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից:

Երկօրյա հանդիպումների ընթացքում նախատեսված է մոտ 60 զեկույց. կներկայացվեն ուռուցքային հիվանդությունների բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, քաղցկեղի կանխարգելման ուղիները, կքննարկվեն Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականությունն ու ռազմավարությունը, իրականացվող միջոցառումներն ու հետագա ծրագրերը։

Կոնգրեսի աշխատանքների շրջանակում ծրագրված են զեկույցների քննարկումներ, գիտամարտ ու տարբեր մրցույթներ, մասնավորապես` պատվիրակների անանուն քվեարկությամբ կընտրվեն երեք լավագույն զեկուցողները, որոնց կտրամադրվի գիտաթոշակ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook