Friday, May 3, 2024
Նորություններ

Առողջության ոլորտում գործակցության համաձայնագիր` Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի` Աստանա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև կնքվել է առողջության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը եւ Ղազախստանի իր գործընկեր Էլժան Բիրտանովը:

Հաշվի առնելով երկկողմ շահերը`  կողմերն այսպիսով պայմանավորվում են համաձայնագրի շրջանակներում համագործակցել 15 հիմնական ուղղությամբ, մասնավորապես,  բժշկական ծառայությունների համալիր (ախտորոշիչ և բուժական), ինչպես նաև առողջության պահպանման և վերականգնման կանխարգելիչ միջոցառումների իրականացում, դեղագործություն, գիտական և բժշկական անձնակազմի ուսուցում, համատեղ գիտական հետազոտություններ, առողջության ոլորտում տեղեկատվության և կապի համակարգերի մշակում, իրականացում և այլն:

Հայաստանն ու Ղազախստանն այսպիսով պետք է տարածքի սանիտարական պաշտպանության միջոցներ պահանջող հատուկ վտանգավոր վարակների, վարակիչ (մակաբուծական) հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբարեն միմյանց և համագործակցեն: Որոշ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համատեղ քայլեր պետք է ձեռնարկվեն, այդ թվում` հիվանդների և հաշմանդամների բժշկական վերականգնման, դեղերի և բժշկական սարքավորումների ստանդարտացման, բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ուղղությամբ և այլն:

Կողմերը պարտավորվում են իրենց տարածքում գտնվող մյուս պետության քաղաքացիներին անհապաղ և անհետաձգելի դեպքերում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել` այդ պետության օրենսդրությամբ իրենց քաղաքացիների համար սահմանված կարգով:  Կողմերը փոխադարձ հիմունքներով աջակցում են իրավասու մարմինների կողմից իրականացվող բուժման և կանխարգելիչ, հետազոտական և այլ առողջապահական հարցերում:

Միաժամանակ, երկուստեք համաձայնել են համագործակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային կազմակերպությունների աշխատանքի շրջանակներում` Կողմերի պետությունների ազգային օրենսդրության համաձայն:

Համաձայնագրով ամրագրվում է նաեւ, որ Հայաստանն ու Ղազախստանն անհապաղ տեղեկացնում են միմյանց` կողմերից մեկի պետության տարածքից ներմուծված` մարդկանց առողջության համար վտանգավոր արտադրանքի օգտագործման, զանգվածային սննդային թունավորումների և վարակիչ հիվանդությունների բոլոր դեպքերի առաջացման մասին և այլն:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook