Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ատամների խնամք 0-6 տարեկանում. առաջին այցն ատամնաբույժին (պրոֆիլակտիկ այցեր)

Երեխայի առաջին «այցն» ատամբաբույժին պետք է կազմակերպել հենց առաջին կաթնատամների ծկթումից սկսած: Ոսկե կանոն է՝ պետք չէ առաջին այցը հետաձգել մինչև կառաջանան խնդիրներ, հատկապես՝ ցավային զգացողություններ. այլապես ստոմատոլոգին այցելելը երեխան կասոցացնի բացասական էմոցիաների, վախի հետ, ինչն ավելորդ սթրես է թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։

Կաթնատամներում հիվանդագին պրոցեսները շատ ավելի արագ են զարգանում և ինֆեկցիան արագ է խորանում. ատամը սկսում է ցավել, շուրջատամնային լինդն այտուցվում է։ Պարբերական այցերի շնորհիվ, խնդիրների վաղ ախտորոշումը թույլ կտա իրականացնել ավելի պարզ, արագ, անցավ, ինչպես նաև՝ ավելի էժան պրոցեդուրաներ։

Պ՞ետք է բուժել կաթնատամները։

Հաճախ շրջանառվող տեսակետներ են, թե կաթնատամները բուժելու կարիք չկա, միևնույն է հետագայում դրանց կփոխարինեն մշտական ատամները կամ որ պետք է հեռացնել կաթնատամները, որպեսզի դրանց տեղում ծկթեն մշտականները։ Միանգամից ասենք՝ սխալ մոտեցում է: Իրականում, մշտական ատամների վիճակը մեծապես կախված է կաթնատամներից։

Կաթնատամների հիվանդությունները կարող են վնասել մշտականների սաղմերը, քանի որ դրանք տեղակայվում են կաթնատամների արմատների տակ։

Արդյունքում, մշտական ատամները կծկթեն արդեն իսկ անառողջ՝ հանգեցնելով կծվածքի ձևափոփոխման, մշտական ատամների սխալ դիրքով ծկթման և այլ խնդիրների, որոնք հետագայում բացասական ազդեցություն կունենան մշտական կծվածքի, ծնոտների, դիմային կմախքի ոսկրերի, խոսքի զարգացման վրա։ Խնդիրներ կծագեն նաև երեխայի սնվելու, արտաքին տեսքի հետ կապված, և ի վերջո դա կբերի տարբեր տեսակի բարդույթների զարգացման։

Ինչպե՞ս կանխարգելել վաղաժամ կարիեսը։

Ծամիչ ատամների ծամողական մակերեսին գտնվող ակոսները՝ Ֆիսուրները, խորը լինելու պարագայում դառնում են սննդի կուտակման օջախներ, քանի որ նույնիսկ խոզանակով կանոնավոր մաքրման դեպքում, դրանց հիգիենան պահպանելը բավականին բարդ է: Դա վտանգավոր է հատկապես նոր ծկթած ատամների դեպքում, քանի որ դեռ ավարտված չէ այդ ատամների լիարժեք հանքայնացումը։

Խնդիրներից խուսափելու համար խարհուրդ է տրվում կատարել ակոսների փակում՝ ֆիսուրների հերմետիզացիա:

Կաթնատամներ

Ֆիսուրների հերմետիզացիան դեռևս անպաշտպան ատամների կարիեսի կանխարգելման մեթոդ է. հերմետիկները կատարում են մեխանիկական պատնեշի դեր: Բացի այդ, հերմետիկները պարունակում են հատուկ նյութեր, որոնք ժամանակի ընթացքում արտազատվելով ամրացնում են նոր ծկթած ատամները։

Մանկական ստոմատոլոգին հերթական այցի ժամանակ, դեմիներալիզացիայի` ապահանքայնացման օջախների (կարող է արտահայտվել ատամների վրա սպիտակավուն, կավճանման բծերի տեսքով) հայտնաբերման դեպքում ցուցված է կատարել ռեմիներալիզացիոն թերապիա կամ ատամների ֆտորացում հատուկ ֆտոր պարունակող նյութերով։ Սա ևս համարվում է կարիեսի կանխարգելիչ միջոցառում։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook