Saturday, May 4, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Միրինգոպլաստիկայի նոր մեթոդ` Արմենիա ՀԲԿ-ում

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գ.Ա. Միրաքյանը եւ բաժանմունքի ՔԿԱ մասնագետ Տ.Մ. Փխրիկյանը 2017 թվականի հունիսի 1-ին Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են ականջի թմբկաթաղանթի վերականգնման՝ միրինգոպլաստիկայի նոր մեթոդի գյուտը և ստացել համապատասխան արտոնագիր:
Մասնագետները հավաստիացնում են թմբկաթաղանթի վերականգնման տվյալ մեթոդի առավելությունները.  նվազագույն տրավմատիզացիա, հետվիրահատական կարճատև շրջան և նոր տեղադրված թաղանթի արագ անոթավորում ու լսողության վաղ վերականգնում:

Միրինգոպլաստիկայի նոր մեթոդին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի լսողության վերականգնման բաժնի վարիչ, դոցենտ Գարեգին Միրաքյանի հետ

–   Ինչպե՞ս տեղի ունեցավ նոր մեթոդի մտահղացումը:

–   Ամեն ինչ փորձի հետ է գալիս, օրինակ, երբ շատ ես վիրահատում և տեսնում, որ կան այնպիսի դեպքեր, երբ կարելի է վիրահատել ավելի փոքր ծավալով ու ստանալ առավել լավ արդյունք. այս սկզբունքի հիման վրա էլ ծնվեց մեր նոր մեթոդը:

–   Ի՞նչ մեխանիզմով է իրականցվում մերինգոպլաստիկան` նոր մեթոդով: 

–   Վիրահատության հետականջային տարբերակի փոխարեն, որը բավականին տրավմատիկ է, միջամտությունն իրականացվում է ներականջային կտրվածքի օգնությամբ:

–   Ի՞նչ առավելություններ ունի նոր մեթոդը:

–   Մասնագիտական տեսանկյունից, հիմնական առավելությունն այն է, որ միջամտության ընթացքում դրված նոր լաթը` վերցված քունքային մկանի ֆասցիայից, ավելի արագ է անոթավորվում: Իսկ որքան արագ է ընթանում անոթավորման գործընթացը, այնքան նոր թմբկաթաղանթը լինում է առավել ձգված, ինչն օժանդակում է ձայնային ալիքների հասանելիությանը լսողական ոսկրիկներին:

–   Ի՞նչ պրակտիկ փուլում են աշխատանքները:

–   Մենք ավարտել ենք կլինիկական փորձարկման շրջանը: Ունենք 50-ից ավելի դեպք և ներկայում շարունակվում է մեր ամենօրյա պրակտիկայում: Նոր մեթոդը վերաբերում է հատկապես ականջի հետին հատվածի թափածակմանը (գոյություն ունեն նաև թափածակման այլ տեսակներ` ամբողջական և առաջնային):
Մենք ուսումնասիրել ենք ամբողջ աշխարհի գրականությունն ու պարզել, որ նման միջամտական մեթոդ մինչ օրս չի կիրառվել: Արտերկրում հանդիպումների ժամանակ մեր կողմից ներկայացված նոր մեթոդը գործընկերների կողմից մեծ հավանության է արժանացել: Գյուտը որպես մտավոր սեփականություն գրանցելու համար 2017 թ. դիմել ենք Հայաստանի մտավոր սեփականության գործակալություն և ստացել արտոնագիր: Գիտական աշխատանքը կատարվում է Տաթևիկ Փխրիկյանի կողմից:

Զրուցեցինք նաև «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բաժանմունքի ՔԿԱ մասնագետ, ԵՊԲՀ-ի ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս, գյուտի համահեղինակ Տաթևիկ Փխրիկյանի հետ:

–   Ո՞ր դեպքերում է վնասվում թմբկաթաղանթը:

–   Թմբկաթաղանթի վնասումը  (թափածակումը) մեր պրակտիկայում հաճախ հանդիպող ախտաբանություն է, որը հանդիպում է միջին ականջի բորբոքումների ժամանակ` որպես բարդություն, և վնասվածքների արդյունքում: Թմբկաթաղանթը կարող է  վնասվել մեխանիկական հարվածից, ականջը փայտիկով կամ այլ իրով մաքրելուց, բարձր ձայնից (օրինակ՝ պայթյուն),  փակ քթով փռշտալու ժամանակ ճնշման հետևանքով, կտրուկ ջրում սուզվելուց կամ ինքնաթիռով թռիչքի ժամանակ։

–   Ինչպե՞ս է արտահայտվում թմբկաթաղանթի վնասումը, ի՞նչ գանգատներ ունի պացիենտը:

–   Պացիենտը գանգատվում է հիմնականում լսողության իջեցումից, ականջում աղմուկից, պարբերաբար կարող է դիտվել արտադրություն։

–   Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թմբկաթաղանթի վնասումը:

–   Քանի որ թմբկաթաղանթն ապահովում է ո՛չ միայն լսողական ֆունկցիա, այլ նաև պաշտպանական նշանակություն ունի, այսինքն, արգելակում է օդի, ջրի, միկրոօրգանիզմների մուտքը թմբկախոռոչ, նրա վնասումը նպաստում է դեպի թմբկախոռոչ ինֆեկցիայի ներթափանցմանը և քրոնիկ թարախային օտիտի առաջացմանը, որն իր հերթին հղի է բազմաթիվ բարդություններով, ինչպիսիք են՝ նևրիտը, լաբիրինթիտը։ Միկրոօրգանիզմների առավել խորը հյուսվածքներ ներթափանցման արդյունքում կարող է զարգանալ անգամ մենինգիտ:

–   Ինչպե՞ս էին վերականգնում թմբկաթաղանթը նախքան Ձեր հայտնագործությունը:
–   Թմբկաթաղանթի վերականգնման տարբեր մեթոդներ կան՝ կախված վնասվածքի տեղակայումից, վաղեմության ժամկետից: Եթե թարմ և փոքր վնասվածք է, հնարավոր է թմբկաթաղանթը վերականգնել հատուկ թաղանթներով: Եթե վնասվածքը մեծ է կամ եզրային տեղակայման է, կատարվում է վիրահատություն՝ միրինգոպլաստիկա: Կան միրինգոպլաստիկայի տարբեր մեթոդներ: Տարիներ շարունակ ամբողջ աշխարհում օտովիրաբույժների կողմից աշխատանք է տարվում այդ մեթոդներն է՛լ ավելի կատարելագործելու ուղղությամբ:

armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook