Tuesday, April 30, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Բոտուլիզմ, սնկային և սպիրտային թունավորումներ. հարցերին պատասխանում է թունաբան Միքայել Գաբրիելյանը

Օրգանիզմի թունավորումների առաջացման պատճառները բազմաթիվ են՝ սննդային, ալկոհոլային, սնկային, բոտուլիզմ, շարքը կարելի է անվերջ թվել: «Արմենիա» ԲԿ բժիշկ-թունաբան, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ Միքայել Գաբրիելյանի հետ հանդիպման ընթացքում զրուցել ենք բուտիլիզմի, ալկոհոլի եւ սնկային թունավորումների առաջացման պատճառների եւ առողջության վրա հետեւանքների մասին:
–   Որո՞նք են սնկերից եւ բոտուլիզմից առաջացած թունավորումների առաջին ախտանշանները:
–   Թունավորման առաջին ախտանշաններն են սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը, որովայնի ցավը:
–   Ե՞րբ են ի հայտ գալիս թունավորման առաջին ախտանշանները:
–   Եթե սնկային թունավորում է, օրգանիզմն ուշ է արձագանքում թունավորմանը: Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո մարդու ինքնազգացողությունը լիարժեք չի կարգավորվում, հակառակը, աստիճանաբար վիճակը վատանում է: Բարեբախտաբար, Հայաստանում իսկական թունավոր սնկեր չկան, որոնց պարագայում ելքը մահացու է, քանի որ հակաթույն, որպես այդպիսին, գոյություն չունի: Բոտուլիզմի դեպքում` որքան շուտ են սկսվում գանգատները, այնքան ծանր է թունավորված մարդու վիճակը: Եթե 3-5 օր հետո է օրգանիզմն արձագանքում թունավորմանը, ապա ընթացքը լինում է թեթեւ:
–   Որո՞նք են բոտուլիզմի առաջացման պատճառները եւ ինչպե՞ս խուսափել:
–   Հայտնի է, որ բոտուլիզմով թունավորման պատճառը հողից վարակն է եւ անաէրոբ՝ անթթվածին միջավայրը: Բոտուլիզմը զարգանում է սննդային պահածոների կիրառումից, որոնց մեջ սխալ վերամշակման արդյունքում հողի առկայության դեպքում` վարակված բոտուլինի հարուցիչներով, անթթվածին պայմաններում արտադրվում է բոտուլինատոքսին, որն էլ առաջացնում է օրգանիզմի թունավորումը: Երեւույթից խուսափելու համար պահածոն բացելուց հետո պետք է օգտագործել 30-40 րոպե բարձր ջերմամշակման ենթարկելուց հետո: Ընդհանուր առմամբ, ցանկալի է օգտագործել գործարանային պայմաններում պատրաստած պահածոներ, քանի որ այնտեղ ապահովվում է անվտանգ պատրաստման համար նախատեսված ջերմամշակման բարձր ջերմաստիճանն ու համապատասխան ճնշումը: Վստահորեն կարող եմ ասել, որ տնային պայմաններում պատրաստած պահածոների համեմատ գործարանային արտադրանքն առավել անվտանգ է:
–   Վերջին տարիներին սնկային թունավորման ինչպիսի՞ ցուցանիշ է նկատվում:
–   Բարեբախտաբար, թունավորման դեպքերը նվազել են: Մարդիկ ավելի զգոն ու տեղեկացված են: Առհասարակ, բոտուլիզմին բնորոշ է մասսայական թունավորման դեպքերը: Ինչ վերաբերում է սնկերին, հարկ եմ համարում նշել, որ չի կարելի դաշտերից սունկ հավաքել կամ փողոցային պայմաններում վաճառվող սունկ գնել: Շուկայում վաճառվող սունկը ենթարկվում է լաբորատոր քննության:
–   Ինչպե՞ս տարբերակել` ի հայտ եկած գանագատները թունավորմա՞ն, թե՞ վարակի հետ կապված ախտանշաններ են:
–   Օրինակ, բոտուլիզմն ունի ախտանշաններ, որոնք որևէ վարակի դեպքում չի արտահայտվում: Դրանք են` ձայնի փոփոխությունը, երկտեսությունը, կուլ տալու ժամանակ դժվարությունը: Սնկի թունավորման դեպքերի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ անմիջապես տեղեկացնում են սնկի օգտագործման մասին:
–   Սնկի եւ բոտուլիզմի թունավորման դեպքերում որպես առաջին օգնություն ի՞նչ անել:
–   Պարտադիր դիմել բժշկի օգնությանը: Բժշկի հսկողությունն առաջնային է: Բուտուլինատոքսինի մեկ մգ-ը հինգ միլիոն մարդու կյանք կարող է խլել, իսկ թունավոր սնկի թունավորման դեպքերի 90%-ն ունենում է մահվան ելք: Սնկային թունավորման պարագայում օրգանիզմում միաժամանակ տեղի է ունենում լյարդի եւ երիկամային անբավարարություն: Բոտուլիզմի ժամանակ թունավորումն ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա՝ սկսած ուղեղի աշխատանքից: Ժամանակին բոտուլիզմն ամբողջ աշխարհում համարվում էր կենսաքիմիական զենք, թեպետ այսօր էլ այն ուժեղ թույների շարքում է:


–   Ի՞նչ անել տնային պայմաններում` նախքան բժշկի այցը:
–   Անհրաժեշտ է շատ ջուր օգտագործել, որպեսզի առաջանա փսխման ռեֆլեքս եւ փսխման միջոցով օրգանիզմից հնարավորինը դուրս բերվի թույնը:
–   Ի՞նչ անել, եթե առկա են անզուսպ փսխումներ:
–   Անհապաղ պետք է դիմել բժշկի օգնությանը: Բուժօգնություն ստացած պացիենտների 70-80%-ը լիարժեք բուժվում է:
–   Ի՞նչ անել, եթե կերակրող մայրը կամ հղին է թունավորվել:
–   Քանի որ այս կանայք խոցելի են, անհրաժեշտ է, առանց վարանելու, դիմել բժշկի օգնությանը:
–   Ակտիվացված ածուխի օգտագործումը որքանո՞վ է արդյունավետ:
–   Այն ունի ժամանակավոր ազդեցություն եւ օգտագործելը չի խրախուսվում:
–   Ալկոհոլային թունավորման տարածվածության պատկերն ինչպիսի՞ն է:
–   Ալկոհոլային թունավորումը մեր օրերում տարածված է: Չի կարելի չարաշահել օրգանիզմի հնարավորությունները, պետք է օգտագործել քիչ չափաբաժնով ալկոհոլ: Այս թունավորումը նույնպես ունի իր վտանգավորությունը՝ ընդհուպ մինչեւ գիտակցության կորուստ ու մահ, քանի որ թույնն աստիճանաբար ազդում է ուղեղի վրա եւ արգելափակում նրա աշխատանքը: Ալկոհոլային թունավորման գանգատները նույնն են, ինչ մյուս թունավորումները: Ալկոհոլից թունավորման դեպքում նախանշաններն ի հայտ են գալիս ալկոհոլի օգտագործումից երկու ժամ անց:
Ալկոհոլային թունավորումը հատկապես ինչո՞վ է պայմանվորված` ալկոհոլի որակի՞ց, թե՞ օգտագործված քանակի չափաբաժնից:
–   Թունավորումը կախված է միայն ալկոհոլի չարաշահումից՝ որակը դեր չունի:
–   Ալկոհոլի որքա՞ն  չափաբաժնից սկսած է ազդեցությունը թունավոր:
–   Դա կախված օրգանիզմի առանձնահատկությունից, հատուկ սահմանված նորմա գոյություն չունի: Առհասարակ, չի կարելի ալկոհոլ օգտագործել սնունդ օգտագործելուց առաջ՝ դատարկ ստամոքսով:
–   Ալկոհոլի ո՞ր տեսակն է թունավորման ռիսկ պարունակում:
–   Ցանկացած սպիրտ պարունակող ալկոհոլ վտանգավոր է:

Նյութի աղբյուրը՝ armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook