Wednesday, May 1, 2024
Նորություններ

Դասընթացներ` էլեկտրոնային առողջապահության համակարգը գործարկողների համար

Պետական պատվերի շրջանակում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն անխափան ապահովելու նպատակով առողջապահության նախարարությունը պետական պատվերով բժշկական ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների համապատասխան մասնագետների համար 2016թ. դեկտեմբերի 10-ից կազմակերպում է հատուկ դասընթացներ։

Նրանց ծանոթացնում են էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակին և ակնկալվող արդյունքներին, ներկայացվում են առանձնահատկություններն ու առավելությունները գործող համակարգի նկատմամբ։ Համակարգում գրանցումներ կատարող մասնագետները տեղեկացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգում պետական պատվերով ծառայությունների գրանցումների և հաշվետվությունների լրացման կարգի մասին, բնակչության պետական ռեգիստրին պացիենտների վերաբերյալ հարցումների իրականացմանը, ՀՀ-ում գրանցված դեղերի ռեգիստրից դեղերի ընտրման գործընթացին և այլ նորություններին, որոնք կհեշտացնեն նրանց ամենօրյա աշխատանքը։

Բացի այդ, նախարարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի նրանք կարողանան հմտություններ ձեռք բերել նաև տեսանյութերի միջոցով։ Այդ նպատակով պատրաստված ուսումնական տեսանյութերը տեղադրվել են նախարարության պաշտոնական կայքում (www.moh.am), ինչպես նաև youtube-ում բացված ehealth Armenia էջում։

Դասընթացներին արդեն մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 270 բժշկական հաստատությունների մասնագետներ։ Փետրվարի վերջին կավարտվի դասընթացների առաջին փուլը։

Դասընթացների հաջորդ փուլը նախատեսված է կազմակերպել հանրապետության բոլոր բժշկական հաստատությունների և դեղատների մասնագետների համար։ Բացի սպասարկող անձնակազմից, որոնք կզբաղվեն այցելությունների գրանցումներով և հերթագրումներով, դասընթացների հիմնական շեշտը դրվելու է բժշկական անձնակազմի ուսուցմանը։ Բժիշկները ևս կծանոթանան էլեկտրոնային առողջապահական համակարգին, կտեղեկանան, թե ինչպես պետք է գրանցեն շահառուի գանգատները, ախտորոշումները, բժշկական ցուցումները, ինչպես նաև քաղաքացու առողջությանը վերաբերող ամբողջ տեղեկատվությունը։

Դասընթացների ժամանակացույցն` այստեղ

Առաջիկա դասընթացներին մասնակցելու համար բժշկական հաստատությունները կարող են գրանցվել` զանգահարելով 011-20-20-33 հեռախոսահամարով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook