Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Եղանակին համահունչ չհագնվելը և հիգիենային չհետևելը կարող է նպաստել սուր շնչառական վարակների արագ տարածմանը

Եղանակային փոփոխությունը սուր շնչառական վիրուսների ակտիվացման կամ բռնկման համար կարելի է համարել ամենաբարենպաստ շրջանը: Սուր շնչառական հիվանդությունների բռնկմանը կարող են նպաստել նաև եղանակային պայմաններին ոչ համապատասխան հագնվելը, հիգիենային չհետևելը և վիտամիններ պարունակող սնունդ, բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը:

«Արմենպրես»-ը «Հարց բժշկին» նախագծի շրջանակում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը զրույցում անդրադարձել  է սուր շնչառական հիվանդություններին, վիրուսներին, որոնք այս շրջանում գլուխ են բարձրացնում:

«Մենք արդեն գտնվում ենք գրիպի և սուր շնչառական վիրուսների սեզոնում և վերջին երեք շաբաթվա դրությամբ մենք ունենք սուր շնչառական վարակներով ակտիվություն: Դա պայմանավորված է սեզոնով, եղանակային փոփոխություններով: Մեր հիմնական  թիրախային խումբը՝ գրեթե 90 տոկոսը, կազմում են 0-ից 18 տարեկան երեխաները, իսկ այդ մասնաբաժնում՝ գրեթե 60 տոկոսը՝ 0-4 տարեկանները»,-նշեց նա:

Եվգենյա Խաչատրյանն ասաց, որ ընդհանրապես սուր շնչառական վիրուսների սիմպտոմների պատկերը շատ բազմազան է՝ սկսած քթահոսությունից, հազից, աչքերի տարբեր բորբոքումներից, վերջացրած թոքաբորբով: Իսկ արդեն կոնկրետ գրիպի վիրուսի պարագայում ավելանում է  նաև կոկորդի ցավը, գլխացավը, մկանացավերը, քանի որ այն առավել ծանր ընթացող սուր շնչառական վարակ է, որտեղ կարող է լինել նաև շատ բարձր ջերմություն:

«Պետք է նշեմ, որ այս սեզոնին այն բալիկները, ովքեր հաճախում են մանկապարտեզ, դպրոց, ապա ծնողները,  երբ նկատում են երեխաների մոտ քթահոսություն, պետք է զգոն լինեն, քանի որ հնարավոր է երեխան արդեն վարակված լինի: Առատ հեղուկների օգտագործումը, եղանակին համահունչ հագնվելը և երեխայի ակտիվությունը սահմանափակելը կարելի է ասել առաջին օգնությունն է, որ ծնողը կարող է առաջին երկու օրերին իրականացնել, բայց երկու օր անց եթե իրավիճակը ավելի է վատանում, պետք է անմիջապես դիմել մասնագետի»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով COVID-19-ին, մասնագետը նշեց, որ այն նույնպես սուր շնչառական վարակների շարքում է և իր կլինիկական արտահայտումներով գրեթե նույնն է:

«Այս պահին COVID-19-ի և ենթատեսակների շրջանառության ակտիվություն կա: Համաճարակաբանական դիտարկման արդյունքում գրիպի շրջանառվող վիրուս այս պահին չունենք, սակայն  ունենք այլ սուր շնչառական վիրուսների շրջանառություն»,- ասաց նա:

Մասնագետը նշեց, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

Շրջանառվող վիրուսների տեսակների, սիմպտոմների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook