Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Երեխայի ատամների հիգիենան. ե՞րբ պետք է փոքրիկը սկսի լվանալ ատամները

Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր:

Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանալ: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ մինչև երեք տարեկան երեխաները չպետք է օգտագործեն ֆտոր պարունակող ատամի մածուկ, քանի որ մեծամասամբ կուլ են տալիս այն: Սկզբնական շրջանում երեխան չի կարող ինքնուրույն և արդյունավետ կերպով լվանալ ատամները, ուստի անհրաժեշտ է, որ երեխայից բացի, նաև մայրիկը լվանա փոքրիկի ատամները, մինչև համոզվի, որ երեխան ադեն կարող է իսկապես ատամները լավ լվանալ:

Ճիշտ է, երեխայի առաջին ատամները կաթնատամներ են, որոնք շուտով փոխարինվելու են հիմնական ատամներով, սակայն դրանց խնամքը ևս կարևոր է: Այսպիսով, երեխան փոքր տարիքից սովորում է հոգ տանել իր ատամների մասին: Կարևոր է նաև կաթնատամների առողջությունը, քանի որ փչացած ատամները կարող են ցավել և պատճառ դառնալ, որ երեխան լավ չսնվի: Բացի այդ, փչացած ատամները կարող են երեխաների մոտ անլիարժեքության կոմպլեքս առաջացնել:

Մանուկների ատամները պետք է լավ խնամվեն, սակայն հաճախ նրանք կամակորություն են անում՝ հրաժարվելով ատամները խոզանակով լվանալ: Նման իրավիճակից խուսափելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս դիմել մի շարք մեթոդների, օրինակ՝ ունենալ ավազե ժամացույցով խաղալիք և առաջարկել, որ երեխան մրցի ու ատամները խոզանակով լվանա, մինչև ավազի՝ մի տարայից մյուսի մեջ լցվելը:

Դարձե՛ք օրինակ երեխայի համար

Եթե դուք ինքներդ ամեն օր պարտաճանաչորեն ատամ եք լվանում, ապա, ամենայն հավանականությամբ, ձեր երեխան կհետևի ձեր օրինակին և ուրախությամբ խոզանակը ձեռքը կվերցնի:

Եղե՛ք հետևողական

2 տարեկան հասակից սկսած երեխաները պետք է կանոնավորապես առավոտյան և երեկոյան մաքրեն ատամները: Մշակե՛ք օրվա հստակ գրաֆիկ և հետևե՛ք դրան: Երեխան աստիճանաբար կսովորի ամենօրյա պարտադիր «ծեսին»:

Գործե՛ք միասին

Եթե մայրիկի համոզելը չի օգնում, օգնության կանչեք նաև հայրիկին: Հայրիկը կարող է գրկել երեխային, զբաղեցնել, իսկ մայրիկն այդ ընթացքում խոզանակով փոքրիկի ատամները լվանալ:

Հեքիաթ պատմեք

Հորինե՛ք մի հետաքրքիր պատմություն, որտեղ հեքիաթային ձևով կներկայացնեք, որ անհրաժեշտ է ամեն օր ատամները լվանալ: Կարող եք, օրինակ, պատմություն հորինել, թե ինչպես է ոստիկան Ատամի խոզանակը բռնում հանցագործ Կարիեսին, որն ավերում է տնակ-ատամները:

Տիկնիկային թատրոն բեմադրեք

Փոքրիկ խաղալիքներով` ցանկալի է մեծ և սպիտակ ատամներ ունեցող, տիկնիկային ներկայացում կազմակերպեք և փոքրիկին պատմեք, թե ինչպես էին ցավում հերոս-խաղալիքի ատամները, երբ նա իր ատամները չէր լվանում:

Մրցանակ՝ արված գործի համար

Ասացե՛ք երեխային, որ եթե ատամները չլվանա, կզրկվի քաղցրավենիքից, և դուք այն կտաք մյուս փոքրիկներին, որոնք ամեն օր ատամ են լվանում:

Նյութը ՝ impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook