Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Զուգընկերոջը գրկելը կանանց մոտ նվազեցնում Է սթրեսի հորմոնի մակարդակը, իսկ տղամարդկանց մոտ՝ ոչ

Տարբեր մշակույթներում գրկախառնությունն առօրյա կյանքի սոցիալական շփման ամենատարածված ձևերից մեկն է։ Գրկախառնվելով մարդիկ ողջունում են սիրելիներին, ընկերներին և հարազատներին, կապվածություն են ցուցաբերում և մխիթարում միմյանց: Նախկինում գիտնականները ցույց էին տվել, որ զուգընկերոջ կողմից նման ժեստն ավելի ուժեղ դրական հուզական ռեակցիա է առաջացնում ինչպես վարքային, այնպես էլ նեյրոֆիզիոլոգիական մակարդակներում: Գրկախառնությունն իջեցնում է արյան ճնշումը, նվազեցնում բորբոքային գործընթացները և նպաստում ընդհանուր զգացողության բարելավմանը։

Ռուրի համալսարանի (Բոխում, Գերմանիա) հոգեբանները որոշել են պարզել՝ արդյոք կարճ գրկախառնություններն ինքնին կարող են պաշտպանել սթրեսային արձագանքից:

Սթրեսի նվազեցման վրա գրկախառնության հնարավոր ազդեցությունը ուսումնասիրելու համար՝ որպես կամավոր ընտրել էին 38 զույգերի, որոնց միջին տարիքը 22,3 տարեկան էր: Կամավորներից ոչ ոք չի ունեցել մտավոր կամ նյարդային զարգացման խանգարումներ, չի ծխել և չի ընդունել որևէ դեղամիջոց։

Բոլոր փորձարկվողներին խնդրեցին երեք րոպեի ընթացքում մեկ ձեռքը պահել սառցե ջրով տարայում: Սա, գիտնականների կարծիքով, մասնակիցների օրգանիզմում պետք էր սթրես առաջացներ։ Մինչ այդ զույգերի կեսը գրկել էին միմյանց 20 վայրկյան, մյուս կեսը՝ ոչ։ Սթրեսի տարբեր ցուցանիշները, այդ թվում՝ թքի մեջ կորտիզոլի մակարդակը, չափվել են փորձից առաջ և երեք անգամ հետո։ Մարդկանց մոտ կորտիզոլը համարվում է սթրեսի հիմնական հորմոններից մեկը։ Գիտափորձի մաքրության համար մասնակիցներին խնդրել էին փորձից մեկ ժամ առաջ ոչինչ չուտել և խմել միայն ջուր: Մասնակիցները նաև լրացրել էին Հարաբերությունների գնահատման սանդղակը և հարցաթերթիկ այն մասին, թե արդյոք հեշտ էր իրենց համար մասնակցել փորձին:

Վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ այն կանանց մոտ, ովքեր գրկել էին իրենց սիրելիին նախքան սթրեսը զգալը, կորտիզոլ հորմոնի արձագանքն ավելի ցածր էր՝ համեմատած վերահսկիչ խմբի կանանց հետ, ովքեր ստիպված էին ձեռքը դնել սառցե ջրի մեջ՝ առանց զուգընկերոջ հետ գրկախառնվելու: Սակայն տղամարդկանց մոտ նման տարբերություն չի նկատվել։

Սթրեսի այլ ցուցանիշները, այդ թվում՝ արյան ճնշումը և ընդհանուր հուզական վիճակը, գրկախառնվելու հետ որևէ կապ ցույց չեն տվել:

Սեռերի միջև տարբերությունը, հավանաբար, կարելի է բացատրել գրկախառնվելուց հետո տղամարդկանց և կանանց մոտ օքսիտոցինի արտազատման տարբեր մակարդակներով: Ենթադրվում է, որ օքսիտոցինի մակարդակի բարձրացումը անուղղակիորեն հանգեցնում է մարդու օրգանիզմում կորտիզոլի արտադրման նվազմանը։ Թեև գիտնականները չէին չափել մասնակիցների օքսիտոցինի մակարդակը, ավելի վաղ անցկացված ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ կանայք աֆեկտիվ հպումներն ավելի հաճելի են ընկալում, քան տղամարդիկ: Հետևաբար, փոխադարձ գրկախառնությունն առաջացրել էր կանանց մոտ օքսիտոցինի արտազատման ավելի բարձր մակարդակ, քան տղամարդկանց մոտ:

Հետազոտությունը հրապարակվել է PLOS One ամսագրում:

https://www.ita.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook